Հայաստանի Գավաթ․ Փյունիկը հաղթեց Գանձասարին՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն ու ռեկորդակիր (տեսանյութ)| Հայաստանի Գավաթ․ Փյունիկ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Առաջին խմբի ներկայացուցիչը հաղթահարեց ԲԿՄԱ-ի արգելքը՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է ամերիկացի նորեկներին| Հայաստանի Գավաթ․ Անդրանիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր|
Բերեզովսկի-Սուքիասյան, Ասադուրյան-Բարսեղյան. Ֆուտբոլիստ-մարզիչ կոնֆլիկտները հավաքականում
25 Մարտ 2025 |  1551

Բերեզովսկի-Սուքիասյան, Ասադուրյան-Բարսեղյան. Ֆուտբոլիստ-մարզիչ կոնֆլիկտները հավաքականում

Ֆուտբոլիստների ու մարզիչների միջև կոնֆլիկտները նորություն չեն ո՛չ համաշխարհային, ո՛չ հայկական ֆուտբոլում: Ազգային հավաքականի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ֆուտբոլիստները հրաժարվել են խաղալ այս կամ այն մարզչի գլխավորությամբ, իսկ մարզիչներն էլ հրաժարվել են հրավիրել հավաքականի առաջատար խաղացողների՝ տարբեր պատճառաբանություններով:

Հրանտ-Լեոն Ռանոսի ու Ջոն վան՛տ Սխիպի կոնֆլիկտի հետքերով՝ վերհիշել ենք նախկինում Հայաստանի հավաքականում տեղի ունեցած ֆուտբոլիստ - մարզիչ կոնֆլիկտների մասին:

1999թ. մարտ. Էրիկ Ասադուրյան - Սուրեն Բարսեղյան

Էրիկ Ասադուրյանի պատմությունը չափազանց նման է Ռանոսի պատմությանը: Ֆրանսահայ ֆուտբոլիստը հավաքականին էր միացել 1996թ.-ին՝ 30 տարեկանում, իր կարիերայի մայրամուտին: Չնայած Ֆրանսիայի առաջնությունում Ասադուրյանի արդյունավետությունը մի փոքր ընկել էր, դա չխանգարեց նրան միանգամից դառնալ հավաքականի հիմնական կազմի խաղացող ու մի քանի կարևոր գոլեր խփել ԱԱ-1998-ի ընտրական փուլում: Նոր ընտրական փուլից առաջ հավաքականը գլխավորեց Սուրեն Բարսեղյանը, իսկ հավաքականը համալրվեց նոր հարձակվողներով՝ Հայաստանի և Ռուսաստանի առաջնություններից: Բարսեղյանը հիմնական կազմում ավելի շատ վստահում էր Տիգրան Եսայանին և Կարապետ Միքայելյանին: Ասադուրյանի խոսքերով, նա ցանկանում էր ավարտել միջազգային կարիերան, սակայն Բարսեղյանը զանգահարեց ու համոզեց չկայացնել նման որոշում: 

Եվրո-2000-ի ընտրական փուլի առաջին խաղերում Ասադուրյանը հիմնական կազմում էր: 1999թ.-ի մարտին հավաքականը պետք է ընդուներ Ռուսաստանին, օրեր անց մեկներ Ֆրանսիայի հետ արտագնա հանդիպմանը: Ռուսաստանի հետ խաղում Ասադուրյանը մնաց պահեստայինների նստարանին, թեև ֆուտբոլիստի խոսքերով Բարսեղյանը նրան ամբողջ երկրորդ կեսում ուղարկել էր նախավարժանքի: Խաղից հետո Բարսեղյանն իր որոշումը բացատրեց նրանով, որ Ֆրանսիայի հավաքականի հետ խաղն առանձնահատուկ է Ասադուրյանի համար, և նա որոշել է հանգիստ տալ ֆուտբոլիստին, որպեսզի այդ խաղում 100 տոկոսով պատրաստ լինի:

Երբ Ֆրանսիայի հավաքականի հետ խաղից առաջ Ասադուրյանը հայտնաբերեց, որ հիմնական կազմում չէ, լքեց հավաքականի ճամբարը՝ չսպասելով խաղի մեկնարկին ու հեռացավ առանց   որևիցե բան ասելու տրիբունաներում գտնվող իր հարազատներին:

Այդ խաղից հետո Ասադուրյանն այլևս հանդես չեկավ հավաքականի կազմում:


Սեպտեմբեր. Մանուկ Կակոսյան - Սուրեն Բարսեղյան

Եվս մեկ ֆուտբոլիստ, որը նեղացավ Բարսեղյանից: Չնայած իր ցածր հասակին (163 սմ) Մանուկ Կակոսյանը փայլուն տեխնիկա ուներ ու կարողացել էր ամրապնդվել Ռուսաստանի Բարձրագույն խմբում ելույթ ունեցող Սոչիի «Ժեմչուժինայի» կազմում՝ հայտնվելով ՀՖՖ-ի ուշադրության կենտրոնում: 1999թ.-ի մարտին Բարսեղյանը հրավիրեց Կակոսյանին հավաքական ու փոխարինման դուրս բերեց Լեհաստանի հետ ընկերական խաղում: Ռուսաստանի հավաքականի հետ տնային խաղում ևս Բարսեղյանը միայն խաղի վերջում Կակոսյանին փոխարինման դուրս բերեց, իսկ Ֆրանսիայի հետ խաղի հայտացուցակում ֆուտբոլիստն ընդհանրապես բացակայում էր:

«Ես ու «Սոչիի» մեկ այլ ֆուտբոլիստ Արկադի Քալայջյանը եկանք հավաքական ու տեսանք, որ այնտեղ խաղում են Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներ, որը Ռուսաստանի առաջնությունից հինգ անգամ թույլ էր: Բայց նրանք խաղում էին, իսկ ես նստում պահեստայինների նստարանին: Ես էլ ասեցի՝ ո՞րն է իմ այստեղ գալու իմաստը, ես ակումբում կարող եմ տեղս կորցնել, էլ ինձ չզանգեք: Բայց գլխավոր մարզիչ Բարսեղյանը նորից զանգեց ու վստահեցրեց, որ կխաղամ մեկնարկային կազմում: Չէի ուզում գնալ, բայց համոզեց»,- պատմում էր ֆուտբոլիստը:

Հաջորդ անգամ Կակոսյանը հավաքական հրավիրվեց սեպտեմբերին՝ Ռուսաստանի հետ արտագնա խաղից առաջ: Բարսեղյանը նորից նրան թողեց պահեստայինների նստարանին ու փոխարինման մտցրեց 65-րդ րոպեին: Խաղից հետո նա հավաքեց իրերն ու Ֆրանսիայի հետ տնային խաղից առաջ հեռացավ հավաքականի ճամբարից՝ այս անգամ անվերադարձ:

2000թ. հոկտեմբեր. Ռոման Բերեզովսկի - Վարուժան Սուքիասյան

2000թ.-ին Ռոման Բերեզովսկու կարիերայում փոքր հետընթաց էր նկատվում: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նա գրեթե տեղափոխվել էր ֆրանսիական «Սենթ-Էտյեն», սակայն վերջին պահին տրանսֆերը ձախողվեց: Մանրամասների մասին հայտնի դարձավ հետո, երբ Բերեզովսկու փոխարեն Ֆրանսիա տեղափոխված ուկրաինացի դարպասապահ Մաքսիմ Լևիցկու մոտ կեղծ հունական անձնագիր հայտնաբերվեց: Պարզվեց, որ ֆրանսիական ակումբը Ռոմանին ևս առաջարկել է կեղծ փաստաթղթեր տրամադրել, որպեսզի նա համարվի ԵՄ քաղաքացի ու կարողանա տեղ ունենալ թիմի հիմնական կազմում, իսկ Բերեզովսկին այդ առաջարկը մերժել էր:

Ձախողված տրանսֆերից հետո Բերեզովսկին կորցրեց տեղը «Զենիթի» հիմնական կազմում՝ զիջելով երիտասարդ Վյաչեսլավ Մալոֆեևի հետ մրցացկությունում:

Չնայած անհաջողություններին՝ դարպասապահը փայլեց ԱԱ-2002-ի ընտրական փուլի առաջին խաղում՝ անառիկ պահելով դարպասը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 7-րդ տեղը զբաղեցնող Նորվեգիայի հետ խաղում: Ռոմանի հերոսական խաղի արդյունքում Վարուժան Սուքիասյանի նորամուտը պաշտոնական խաղում փայլուն ստացվեց: Հայաստանի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Նորվեգիայի հետ, ու Երևանում սկսեցին խոսել մեծ հավակնություններ ունեցող նոր հավաքականի մասին:

Այդ խոսակցություններն ավելի ուժեղացան մեկ ամիս անց՝ Ուկրաինայի հավաքականի հետ տնային խաղի ընթացքում: Արթուր Պետրոսյանը երկու փայլուն գնդակ ուղարկեց Շովկովսկու դարպասը, ու Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ՝ 2-0: Ընդմիջումից անմիջապես առաջ Անդրեյ Շևչենկոն տուգանայինից կատարած հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Այդ դրվագում Բերեզովսկին լավագույն կերպով չգործեց. Հարվածի ժամանակ նա քայլ կատարեց դեպի ձախ՝ ազատ թողնելով աջ անկյունը, որն էլ գրավեց Շևչենկոն:

Ընդմիջմանը հայ ֆուտբոլասերների ոգևորությունը մեծ էր, իսկ ահա հանդերձարանում լավագույն մթնոլորտը չէր: Երկրորդ կեսում թիմը դաշտ դուրս եկավ լրիվ այլ տրամադրվածությամբ, Շևչենկոն ևս երկու գնդակ ուղարկեց Բերեզովսկու դարպասը պաշտպանների կոպիտ սխալներից հետո, ու հավաքականը զիջեց 2-3 հաշվով:

Խաղից հետո Սուքիասյանը պարտության մեջ մեղադրեց Բերեզովսկուն՝ նշելով, որ դարպասապահն իրավունք չունի նման սխալներ թույլ տա և ակնարկելով, որ Ռոմանը «ծախել» է խաղը: Բերեզովսկին հեռացավ հավաքականից՝ հայտարարելով, որ Սուքիասյանի օրոք այլևս չի խաղա Հայաստանի հավաքականում: Նա նաև պատմեց, որ ընդմիջմանը մարզիչը մտել է հանդերձարան, ու սկսել է բղավել, դժգոհել խաղից ու պահանջել, որ ֆուտբոլիստներն առաջ գնան ու չմտածեն պաշտպանության մասին: 

Օրեր անց Բելառուսի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանում էր Հարություն Աբրահամյանը, որի սխալից հետո Բելառուսները խփեցին իրենց երկրորդ գոլը: Աբրահամյանը, որն արդեն իր լավագույն մարզավիճակում չէր, ևս մի քանի սխալներ թույլ տվեց հաջորդ խաղերում, որոնք բերեցին միավորների կորստի: Այդ ընթացքում Բերեզովսկին տեղափոխվեց Մոսկվայի «Տորպեդո»՝ աստիճանաբար վերադարձնելով իր լավագույն մարզավիճակը: 

Բերեզովսկու կարիքը հավաքականում շատ էր զգացվում, և Սուքիասյանը՝ ՀՖՖ-ի միջնորդությամբ, գնաց կոնֆլիկտը հարթելու ճանապարհով: Մարզիչն ու ֆուտբոլիստը իրարից պաշտոնապես ներողություն խնդրեցին, և 2001թ.-ի Ուելսի հետ արտագնա խաղից առաջ Բերեզովսկին վերադարձավ հավաքական՝ հերթական  անգամ անառիկ պահելով դարպասը: 

2006թ.-ին Բերեզովսկին տեղափոխվեց Ռուսաստանի առաջին լիգայում ելույթ ունեցող Մերձմոսկովյան «Խիմկի», և խնդրեց իրեն   որոշ ժամանակ չհրավիրել հավաքական; ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այդ որոշումը «դավաճանություն» անվանեց, բայց «Խիմկիի»՝ Պրեմիեր լիգայի ուղեգիր ձեռք բերելով՝ Ռոմանը կրկին վերադարձավ հավաքական: 

2002թ. սեպտեմբեր. Անդրեյ Մովսեսյան - Օսկար Լոպես

ՀՖՖ նախագահ դառնալուց հետո Ռուբեն Հայրապետյանի առաջին քայլը եղավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Օսկար Լոպեսին հավաքականի ղեկին նշանակելը: Լոպեսի նորամուտի խաղը Ուկրաինայի հետ տնային հանդիպումն էր: Ծանոթ լինելով «Փյունիկի» ֆուտբոլիստների հնարավորություններին՝ Լոպեսը մեկնարկային կազմում դաշտ դուրս բերեց Քարամյան եղբայրներին ու Վարդան Մինասյանին՝ Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստներին, ու կազմից դուրս թողեց Ռուսաստանի առաջնությունում ելույթ ունեցող և Վարուժան Սուքիասյանի օրոք անփոխարինելի համարվող Արթուր Ոսկանանյանին, Ալբերտ Սարգսյանին և Անդրեյ Մովսեսյանին:

Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը զիջում էր 0-2 հաշվով, և չէր երևում, թե ինչի հաշվին կարող է փոխել հանդիպման ընթացքը: Բայց ընդմիջումից հետո Լոպեսը դաշտ դուրս բերեց առաջատարներին, ու հավաքականի խաղը կերպարանափոխվեց: Ալբերտ Սարգսյանը գոլային փոխանցում կատարեց, իսկ խաղի վերջին վայրկյանին Մովսեսյանը 11 մետրանոց վաստակեց, որն իրացրեց Սարգսյանը, ու խաղն ավարտվեց ոչ-ոքի:

Խաղից հետո Մովսեսյանը վերադարձավ Մոսկվա ու նամակով խնդրեց ՀՖՖ-ին այլևս իրեն չհրավիրել հավաքական: Ֆուտբոլիստը պատճառ էր բերում, որ Լոպեսը խաղից հետո հանդերձարանում շնորհավորել էր բոլորին, բացի իրենից:

«Իմ այդ քայլը մարզչի դեմ էր և ոչ թե՝ ՀՖՖ-ի կամ իմ խաղընկերների»,- հետագայում բացատրում էր Մովսեսյանը: Նա նաև նշում էր, որ ՀՖՖ-ում դժվարությամբ ընդունեցին իր որոշումը, իսկ ինքը հետագայում զղջում էր իր արարքի համար, որը կայացրել էր առանց երկար մտածելու: Երբ 2003թ.-ին հավաքականը գլխավորեց Միխայ Ստոյկիցան, Մովսեսյանը վերադարձավ հավաքական:

Հետագայում Հայրապետյանի նախագահության տարիներին մարզիչ - ֆուտբոլիստ կոնֆլիկտներ գրեթե չէին լինում, քանի որ կոնֆլիկտները, մեծ մասամբ լինույմ էին անձամբ ՀՖՖ նախագահի հետ: Ամենահայտնի միջադեպը տեղի ունեցավ 2015թ.-ին, երբ Հայրապետյանը հավաքականից հեռացրեց Յուրա Մովսիսյանին ու Ռոբերտ Արզումանյանին, որոնց մեղադրեց դավաճանության մեջ:

2022թ. հունիս. Սարգիս Ադամյան - Խոակին Կապառոս

Դժվար է պատկերացնել, որ Խոակին Կապառոսի հետ հնարավոր էր կոնֆլիկտ ունենալ, բայց Սարգիս Ադամյանին դա հաջողվել էր: «Քյոլնի» հարձակվողին դուր չէր եկել, որ Կապառոսն իրեն մեկնարկային կազմում չէր ընդգրկել Ազգերի լիգայի Ուկրաինայի հետ արտագնա խաղում: Խաղից հետո Սարգիսը հեռացել էր հավաքականի ճամբարից՝ չսպասելով Շոտլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը: Կոնֆլիկտի մասին հայտնի դարձավ մամուլի հրապարակումներից, քանի որ Կապառոսը հրաժարվում էր մեկնաբանություններ տալ ֆուտբոլիստի մասին: 

«Սարգիս Ադամյանն այն տղաներից է, որին բոլորս սիրում ենք, բայց նա բացակայում է այժմ: Նրա բացակայության պատճառը հենց ինքն է: Նրանց զանգեք եւ հարցրեք, թե որն է այդ պատճառը»,- ասում էր մարզիչը:

Կապառոսի հեռանալուց հետո Ադամյանը վերադարձավ հավաքական: Ալեքսանդր Պետրակովը նրան դաշտ դուրս բերեց Թուրքիայի հետ տնային ու արտագնա խաղերում: Հենց Թուրքիայի հետ արտագնա խաղն էլ դարձավ վերջինը Ադամյանի համար: Խորվաթիայի հավաքականի հետ խաղում նա մնաց պահեստայինների նստարանին, իսկ դրանից հետո Պետրակովն այլևս չհրավիրեց նրան հավաքական: Ջոն վան՛տ Սխիպի հրավերը Ադամյանը մերժեց՝ նշելով, որ այլևս չի ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում:

2023թ. հունիս. Խորեն Բայրամյան- Ալեքսանդր Պետրակով

2023թ. նոյեմբեր. Տիգրան Բարսեղյան - Ալեքսանդր Պետրակով

Պետրակովը բավականին խիստ բնավորություն ուներ, և չէր հանդուրժում ֆուտբոլիստների անկարգապահությունը: Նրա օրոք դադարեցին հավաքական հրավիրվել հավաքականի հիմնական կազմի խաղացողներ հանդիսացող Խորեն Բայրամյանն ու Տիգրան Բարսեղյանը: 

Բայրամյանը չմիացավ հավաքականին 2023թ.-ի հունիսյան խաղերին՝ պատճառ բերելով վնասվածքը, սակայն օրեր անց մասնակցեց «Ռոստովի» ընկերական խաղին: Դա բավական էր Պետրակովի համար, որպեսզի այլևս չհրավիրի նրան հավաքական: Հավանաբար, ֆուտբոլիստի և մարզչի միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել դեռ նախորդ հավաքի ընթացքում, սակայն թե՛ մարզիչը, թե՛ ֆուտբոլիստն այդ մասին չեն խոսել:

Բարսեղյանի պարագայում իրավիճակն այլ էր: Նա Պետրակովի օրոք շարունակում էր մնալ առաջատարներից մեկը, բայց 2023թ.-ի աշնանը մի քանի անհաջող խաղերից հետո Պետրակովը դադարեց հրավիրել Բարսեղյանին հավաքական: Մարզիչն իր որոշումը բացատրեց նրանով, որ Բարսեղյանի կարգի ֆուտբոլիստը պետք է օրինակ լինի մյուսների համար, մինչդեռ նա կարգապահական լուրջ խախտումներ է թույլ տվել:

Հավաքականից դուրս մնալուց հետո Բայրամյանի ու Բարսեղյանի կարիերաները տարբեր կերպ դասավորվեցին: Խորենը կորցրեց իր տեղը «Ռոստովի» հիմնական կազմում, մինչդեռ Տիգրանը դարձավ «Սլովանի» առաջատարը, Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը, ու իր թիմին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ: Պետրակովի հեռանալուց հետո Բայրամյանը դեռ չի հրավիրվել հավաքական, իսկ Բարսեղյանը վերադարձավ ու մասնակցեց Վրաստանի հավաքականի հետ տնային հանդիպմանը:

ՌԱՖԱՅԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ

Նախորդ հոդվածը
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Շախմատի ԵԱ․ Գաբիրել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց 9-րդ տուրում

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։