BazaResidence
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը| Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից| Չալոյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Եվրոպայի գավաթի գրան պրիում| ԿԳՄՍ նախարարն ընդունել է թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահին| Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին| Պատանի շախմատիստներն Իտալիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը|
ԿԳՄՍ նախարարն ընդունել է թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահին
Այսօր 17:50

ԿԳՄՍ նախարարն ընդունել է թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը Հայաստան է ժամանել՝ հետևելու Ծաղկաձորում ընթացող Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի մրցումներին։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը։

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նման մակարդակի միջազգային մրցաշարի անցկացումը մեր երկրում՝ ընդգծելով նաև Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հետևողական աշխատանքը: Ընդգծելով, որ Դևիսի գավաթի հանդիպումները կխթանեն Հայաստանում թենիսի զարգացումն ու մասսայականացումը՝ նախարարը նշել է, որ մրցաշարի կազմակերպումը համահունչ է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ սահմանված միջազգային խոշոր մարզական միջոցառումների անցկացման և ենթակառուցվածքների զարգացման թիրախին։

«Ծաղկաձորում այսօր ունենք նոր ենթակառուցվածք, որը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին և հնարավորություն է տալիս հյուրընկալել նման կարևոր մրցաշարեր։ Վստահ եմ՝ սա միայն սկիզբն է․ մեր հանձնառությունն է շարունակել համագործակցությունը՝ նպաստելով մեր երկրում մարզաձևի զարգացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ կարևոր է, որ ավելի մեծ թվով երեխաներ զբաղվեն թենիսով՝ ընդգծելով ավելի լայն շրջանակի համար մարզաձևի հասանելիության անհրաժեշտությունը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև երեխաների և պատանիների շրջանում սպորտով զբաղվելու խթանմանն ուղղված պետական քաղաքականությանը՝ ներկայացնելով մասսայական սպորտի զարգացման ծրագրերը, դպրոցականների համար անցկացվող մարզական մրցաշարերը, ինչպես նաև պետության ֆինանսավորմամբ իրականացվող դպրոցականների լողի անվճար պարապմունքների ծրագիրը՝ տեղեկացնելով, որ քննարկվում է մարզաձևերի ընդլայնման հարցը։

Նախարարը կարևորել է նաև կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես՝ մասնագետների վերապատրաստումը, մասնագիտական հմտությունների ամրապնդումն ու կրթական ծրագրերի ընդլայնումը։

Թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել Ծաղկաձորում ընթացող Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի մրցաշարի կազմակերպչական մակարդակը։ Նա նշել է, որ մրցաշարն անցկացվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանձնացնելով թե՛ մրցումների կազմակերպման բարձր որակը, թե՛ մասնակիցների համար ստեղծված պայմանները։ Պեդերսենի խոսքով՝ նա տպավորված է նաև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ենթակառուցվածքներով՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս ապագայում Հայաստանում նոր միջազգային մրցաշարեր և մարզական ծրագրեր իրականացնել։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը տեղեկացրել է՝ թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի հետ վերջերս կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում եվրոպական երկրներից մինչև 16 տարեկան թենիսիստները՝ 12, 14 և 16 տարիքային խմբերում, կմասնակցեն Ծաղկաձորում կազմակերպվող ուսումնամարզական հավաքներին։ Նախատեսվում է, որ նման հավաքներ կանցկացվեն տարեկան երկու-երեք անգամ, իսկ յուրաքանչյուր հավաքից հետո կկազմակերպվեն նաև միջազգային մրցաշարեր՝ մասնակիցներին հնարավորություն տալով կիրառել հավաքների ընթացքում ձեռք բերած փորձն ու պատրաստվածությունը։

Ծրագրերում ներգրավված կլինեն նաև Հայաստանի համապատասխան տարիքային խմբերի մարզիկները։ Համատեղ ուսումնամարզական հավաքները, ըստ Վարդան Զաքարյանի, կարևոր հարթակ կդառնան փորձի փոխանակման, մրցակցային միջավայրում կատարելագործվելու և երիտասարդ թենիսիստների զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնմանն առնչվող այլ հարցեր։

Տեղեկացնենք որ Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Անդորրայի, Ալբանիայի, Սան Մարինոյի, Իսլանդիայի և Մալթայի հավաքականները։ Հաջորդ փուլ դուրս կգան խմբում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը։

Հայաստանի հավաքականը հաջող է մեկնարկել մրցաշարում՝ առաջին տուրում 3։0 հաշվով հաղթելով Անդորրայի հավաքականին։ Մենախաղերում հաղթանակներ են տարել Դավիթ Պողոսյանն ու Միքայել Ավանեսյանը, իսկ զուգախաղում՝ Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ Երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին 2։1 հաշվով առավելության է հասել Սան Մարինոյի հավաքականի նկատմամբ. մենախաղում հաղթանակ է տարել Դավիթ Պողոսյանը, իսկ զուգախաղում՝ Սամվել Աղայանն ու Միքայել Ավանեսյանը։ Մրցաշարի վերջին տուրի հանդիպումները նախատեսված են հունիսի 20-ին:

Նախորդ հոդվածը
Չալոյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Եվրոպայի գավաթի գրան պրիում
Հաջորդ հոդվածը
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։