Մեծ պատասխանատվություն է. ներկայացնելու ենք ոչ միայն մեր ակումբը, այլև մի ամբողջ երկիր. Տուլիպա
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ռիգայի» հետ տնային խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կիսվել է սպասելիքներով:
«Ինձ համար շատ կարևոր էր, որ թիմում մնացին այն խաղացողները, որոնք առանցքային դեր ունեցան չեմպիոնության գործում։ Միաժամանակ համալրվել ենք նոր ֆուտբոլիստներով, որոնցից շատերին լավ ճանաչում էի։ Նրանցից մի քանիսը խաղացել են Պորտուգալիայում, և վստահ եմ, որ նրանք շատ բան կփոխանցեն մեր թիմին»,- ասել է Տուլիպան։
– Ի՞նչ կարող եք ասել «Ռիգայի» մասին։
– Շատ հետաքրքիր թիմ է։ Վերջին երեք տարիներին նրանք մեծ զարգացում են գրանցել։ Ակումբում լուրջ ներդրումներ են կատարվել, իրականացվել են նոր տրանսֆերներ, և հաջողվել է ճիշտ համադրել տեղացի ու արտասահմանցի ֆուտբոլիստներին։ Թիմում կան մի շարք որակյալ բրազիլացի խաղացողներ, որոնց խաղին ես ծանոթ եմ։ Կարող եմ նույնիսկ ասել, որ «Ռիգան» և «Արարատ-Արմենիան» որոշ առումներով նման խաղաոճ ունեն։
– Ինչպե՞ս եք գնահատում թիմի նախապատրաստական շրջանը։
– Ընդհանուր առմամբ գոհ եմ մարզումներից և թիմի աշխատանքից։ Միակ մտահոգությունն այն է, որ նորեկները քիչ ժամանակ ունեն լիարժեք ադապտացվելու՝ թե՛ մեր խաղաոճին, թե՛ երկրին։ Դա է այս պահին իմ հիմնական մտահոգությունը։
– Տևական դադարից հետո կրկին թիմը կխաղա Չեմպիոնների լիգայում: Առաջին խաղում ի՞նչն է ամենակարևորը՝ հաղթանակը, թե՞ լավ խաղը։
– Մեր նպատակը միշտ լավագույն արդյունքին հասնելն է։ Ինձ համար ամենակարևորը թիմի որակյալ խաղն է։ Մենք ներկայացնում ենք ոչ միայն մեր ակումբը, այլև ամբողջ Հայաստանը։ Սա մեծ պատասխանատվություն է: Ցանկանում ենք դասեր քաղել նախորդ տարիների փորձից և հնարավորինս հեռու գնալ եվրագավաթներում՝ միավորներ վաստակելով եվրագավաթներում:
– Մրցակցի ուժեղ կողմերի դեմ արդեն ունե՞ք հակախաղ։
– Մեզ համար առաջնայինը մեր ֆուտբոլը խաղալն է և խաղի ընթացքը թելադրելը։ Գիտենք, որ «Ռիգան» հիմա ներքին առաջնության միջնամասում է և ֆիզիկակապես լավ վիճակում է, ինչը որոշակի առավելություն է նրանց համար։ Սակայն մենք մանրամասն ուսումնասիրել ենք մրցակցին և ունենք մեր ծրագրերը։
Նրանք շատ լավ են գործում գնդակով։ Եթե վերահսկում են դաշտի կենտրոնը, ապա հարձակման գծի խաղացողները դառնում են շատ վտանգավոր։ Այդ պատճառով մեր հիմնական նպատակը կլինի գնդակը խլելը, վերահսկելը և այդ կերպ նաև ամբողջ խաղը վերահսկելը:
– Ի՞նչ նվազագույն նպատակ եք դնում եվրագավաթներում։
– Սա շատ լուրջ մրցաշար է և լուրջ փորձություն։ Սակայն ես ինձ համար նվազագույն նպատակ չեմ սահմանում։ Աշխատում եմ խաղ առ խաղ սկզբունքով։ Յուրաքանչյուր հաջորդ հանդիպումից հետո ցանկանում եմ տեսնել ավելի լավ խաղ և ավելի ուժեղ թիմ։
– Դարպասապահների վերաբերյալ ի՞նչ կասեք։
– Ինձ համար շատ կարևոր է թիմի պաշտպանական խաղը, և դարպասապահի դիրքը, բնականաբար, առանցքային նշանակություն ունի։ Նախորդ մրցաշրջանում գոհ էի և՛ Դունոյից, և՛ Արամ Ներսիսյանից։ Նրանք մեծ աշխատանք կատարեցին և ներդրում ունեցան չեմպիոնության գործում։ Ակումբը որոշում կայացրեց, որ Դունուն հեռանա, և այժմ ունենք նոր դարպասապահ։ Նրա հետ մեծ հույսեր ենք կապում։ Վստահ եմ, որ այս մրցաշրջանում նույնպես կունենանք թեժ մրցակցություն մեկնարկային կազմի տեղի համար։