Այս հանդիպումը կարևոր է ոչ միայն մեր ակումբի, այլև ամբողջ հայկական ֆուտբոլի համար. Մանուել Տուլիպա
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» այսօր պատասխան հանդիպում կանցկացնի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ։ Հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան նշել է, որ թիմը լիովին պատրաստ է կարևոր դիմակայությանը և գիտակցում է դրա պատասխանատվությունը։
«Մենք երկար ու բարդ ճանապարհ ենք անցել մինչև Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։ Դուբլին հասնելու ճանապարհը նույնպես երկար էր, բայց մենք պատրաստ ենք։ Հասկանում ենք այն պատասխանատվությունը, որը գալիս է նման հանդիպումների հետ, սակայն չենք մոռանում, որ «Շեմրոկ Ռովերսը» շատ ուժեղ մրցակից է։ Այս խաղը կարևոր է երկու թիմերի համար էլ, բայց մենք լավ գիտենք, թե ինչի ենք ունակ և որոնք են մեր ուժեղ կողմերը»։
Տուլիպայի խոսքով՝ առաջին խաղում ձեռք բերած երկու գոլի առավելությունը չպետք է թուլացնի թիմի զգոնությունը։ Նրա խոսքով՝ իռլանդական ակումբը փորձելու է հենց մեկնարկից մեծ ճնշում գործադրել և ստիպել «Արարատ-Արմենիային» սխալվել, սակայն իրենք պատրաստ են նման մարտահրավերի։
«Մենք գիտենք, թե ինչպես է «Շեմրոկ Ռովերսը» պրեսինգ անում։ Եթե ցանկանում ենք զարգանալ ու առաջ գնալ որպես թիմ՝ ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական ասպարեզում, պետք է պատրաստ լինենք նման խաղերի։ Նրանք շատ ուժեղ են հատկապես հարձակման գծում, բայց մենք նույնպես գիտենք, թե ինչպես պետք է հակազդենք։ Եթե մեր կիսապաշտպանները ճիշտ աշխատեն, մրցակցին զրկեն տարածությունից և գնդակից, մենք կկարողանանք ստեղծել մեր հնարավորությունները։ Որքան շատ ֆուտբոլիստ ներգրավվի նրանց պրեսինգում, այնքան ավելի շատ ազատ տարածություններ կբացվեն մեր համար, և այդ պահին վճռորոշ կլինի մեր հարձակվողների աշխատանքը»։
Գլխավոր մարզիչը շեշտել է, որ չի ցանկանում, որպեսզի իր ֆուտբոլիստները փոխեն խաղային ձեռագիրը միայն այն պատճառով, որ առաջին խաղում երկու գոլի առավելություն են ձեռք բերել։
«Ես չեմ ուզում, որ իմ տղաները հրաժարվեն իրենց խաղաոճից՝ մտքում ունենալով առաջին հանդիպման հաշիվը։ Դա կհակասի այն խաղային փիլիսոփայությանը, որը ձևավորվել է «Արարատ-Արմենիայում»։ Այս հանդիպումը կարևոր է ոչ միայն մեր ակումբի, այլև ամբողջ հայկական ֆուտբոլի համար, և մենք լիովին գիտակցում ենք այդ պատասխանատվությունը»։
Տուլիպան հիշեցրել է, որ ակումբ գալուց հետո իր գլխավոր նպատակներից մեկն էր թիմին հասցնել նման մակարդակի հանդիպումների։
«Երբ եկա այս ակումբ, իմ նպատակն էր, որ մենք հնարավորինս հաճախ մասնակցենք նման մակարդակի խաղերի։ Չէի կարծում, որ այդ ճանապարհն այսքան արագ կանցնենք, բայց այս ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել։ Ես լիովին վստահում եմ իմ տղաներին։ Նրանք ունեն անհրաժեշտ որակներ, փորձ և կամք նման հանդիպումների համար։ Մեր ֆուտբոլիստներից շատերը նման խաղեր անցկացրել են թե՛ եվրագավաթներում, թե՛ ազգային հավաքականներում, իսկ նորեկներն իրենց որակներով մեզ լրացուցիչ ուժ են տվել՝ հատկապես գնդակի վերահսկողության առումով։ Մենք հեշտությամբ գնդակը չենք զիջելու մրցակցին»։
Խոսքի ավարտին մասնագետը ևս մեկ անգամ ընդգծել է պահի կարևորությունը:
«Միակ բանը, որ խնդրում եմ իմ տղաներից, այն է, որ դաշտում իրենց հարմարավետ զգան։ Հենց դրանից են բխում լավ խաղը, խաղալու ցանկությունն ու մեծ նպատակների հասնելու հավատը։ Սա պատմական պահ է բոլորիս համար, և չեմ կասկածում, որ հանգստությունն ու վստահությունը մեզ ուղեկցելու են առաջին իսկ րոպեից։ Հենց նման հանդիպումներում են ձևավորվում այն որակները, որոնք օգնում են առաջ գնալ որպես թիմ և որպես ակումբ»,- մասնագետի խոսքերն է փոխանցում «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունը:
Երևանում նախորդ շաբաթ կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Պատասխան խաղը կկայանա այսօր՝ հուլիսի 28-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում: