Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս Գևորգ Հարությունյանը կոտրել է արմնկային ոսկորը և շարունակել գոտեմարտել մինչև վերջ
Հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Հարությունյանը, որը բրոնզե մեդալ էր նվաճել Բաքվում ընթացող աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում, առաջին իսկ գոտեմարտում ձեռքի վնասվածք է ստացել, սակայն շարունակել պայքարը:
Այս մասին նա այսօր հայտնել է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ում հրավիրված մամուլի ասուլիսում:
«Գոտեմարտել եմ Ադրբեջանի, Ղազախստանի, Վրաստանի ըմբիշների հետ։ Հենց առաջին գոտեմարտից վնասվածք ստացա ու դա ինձ մի քիչ խանգարեց, հակառակ դեպքում, կարծում եմ, որ ավելի առաջ կգնայի։ Դժվար էր, սակայն երբ հասկացա, որ կարող եմ բրոնզե մեդալ նվաճել, չնայեցի ձեռքիս ցավին ու գնացի մինչև վերջ»,-ասել է Հարությունյանը։

Արարատի ըմբշամարտի ակումբի հաղորդմամբ՝ ադրբեջանցի մրցակցի հետ գոտեմարտի ընթացքում Հարությունյանը կոտրել է արմնկային ոսկորը, սակայն շարունակել է պայքարը մինչև վերջ և պարտվել է մրցավարաների վիճահարույց որոշումների արդյունքում:
Հաջորդիվ Հարությունյանն առավելության է հասել Ասիայի չեմպիոն ղազախ, ինչպես նաև վրացի մրցակիցների նկատմամբ՝ նվաճելով բրոնզե մեդալը մեդալը։