Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը երկկողմ համաձայնությամբ խզել են մասնագետի գործող պայմանագիրը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Արտակ Օսեյանի հետ համագործակցության դադարեցման շրջանակում «Փյունիկի» մարզչական շտաբը լքում են նաև գլխավոր մարզչի օգնականներ Արթուր Մկրտչյանն ու Գոռ Մալաքյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը։
Արտակ Օսեյանը «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի օգոստոսին։ Ակումբի հետ սա նրա երրորդ համագործակցությունն էր որպես գլխավոր մարզիչ։
Նախկինում Օսեյանը ղեկավարել է «Փյունիկը» նաև 2016/17 և 2020 թվականներին, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում աշխատել է ակումբի մարզչական շտաբում։
2025/26 մրցաշրջանում Արտակ Օսեյանի գլխավորությամբ «Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունն ավարտել է 3-րդ հորիզոնականում և նվաճել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։
2026/27 մրցաշրջանի եվրագավաթային արշավում «Փյունիկը» հաղթահարել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ երկու խաղում էլ հաղթելով Մալթայի «Մարսաշլոկին»։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արտակ Օսեյանին և նրա մարզչական շտաբին՝ ակումբում կատարած աշխատանքի, և նվիրվածության համար։
Նշենք՝ ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ակումբի գլխավոր տնօրենի՝ սպորտային հարցերով խորհրդական Դմիտրի Սելյուկի և Արտակ Օսեյանի միջև տարաձայնություններ են առաջացել: Տարաձայնությունների պատճառ են դարձել երևանյան ակումբ հնարավոր նոր ֆուտբոլիստների տեղափոխությունների վերաբերյալ տեղեկությունները։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ակումբի հավանական նորեկների թվում նշվում են Ալիշեր Ռահիմովն ու պաշտպան Տինդե Տերիբեն, սակայն նրանց տեղափոխությունները դեռ պաշտոնապես չեն հաստատվել։
«Քանի դեռ ես «Փյունիկի» գլխավոր մարզիչն եմ, առանց իմ համաձայնության ոչ մի ֆուտբոլիստ չի կարող հայտնվել մեր թիմում»,- ասել էր Օսեյանը:
Դմիտրի Սելյուկի պատասխանը չէր ուշացել:
«Մարդիկ, որոնք չեն ցանկանում աշխատել մեր կանոններով, ակումբում չեն աշխատի։ Եթե Օսեյանը չաշխատի մեր կանոններով, ապա նա «Փյունիկում» չի լինի։ «Փյունիկում» ամեն ինչ որոշելու է ակումբը, հրահանգները գալու են վերևից։ Մարզիչը գալիս է, մարզում է թիմը, զարգացնում այն և անցկացնում մարզումային գործընթացը։ Բայց երբ ինչ-որ մեկը պայմաններ է առաջադրում կամ շանտաժի է դիմում, մենք դա չենք հանդուրժի», ասել էր Սելյուկը: