Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո | Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ|
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային
Այսօր 15:00

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է թենիսիստուհիներին և կարևորել նրանց դերը միջազգային մարզական հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։ Նա շնորհակալություն է հայտնել նաև «Կերոն» զարգացման հիմնադրամին և Հայաստանի թենիսի ֆեդերացիային՝ Հայաստանում սպորտի, մասնավորապես՝ թենիսի զարգացմանն ուղղված աշխատանքի համար։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի թենիսի տղամարդկանց և կանանց հավաքականների հաջող մրցելույթներին՝ ընդգծելով, որ արդյունքները վկայում են մարզաձևի զարգացման ներուժի մասին։ Ամռանը Ծաղկաձորում անցկացված Դևիսի գավաթի Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4 հաղթանակով զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել 3-րդ ենթախմբի ուղեգիր, իսկ կանանց հավաքականը դուրս է եկել Բիլի Ջին Քինգի գավաթի 2-րդ ենթախումբ։

«Մեզ համար կարևոր է ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ և հնարավորություններ, որպեսզի ավելի շատ երեխաներ կարողանան զբաղվել թենիսով։ Հուսով եմ՝ ձեր օրինակը, ինչպես նաև նախարարության, հիմնադրամի և ֆեդերացիայի համատեղ աշխատանքը կնպաստեն նոր հաջողությունների և երեխաների՝ սպորտում ավելի ակտիվ ներգրավմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով փորձառու մարզիկների անմիջական շփումը երեխաների և պատանի մարզիկների հետ։

Էլինա Ավանեսյանը, որը Հայաստանի դրոշի ներքո միջազգային մրցաշարերում հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ հպարտ է Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանում անցկացվող հանդիպումներին և վարպետության դասերին տարեցտարի ավելի շատ երեխաներ են ներգրավվում, որոնց հետաքրքրությունն ու ոգևորությունն իրեն ևս մոտիվացնում են։

Ալինա Չարաևան ստացել է ՀՀ քաղաքացիություն և առաջիկայում միջազգային մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ 24-ամյա մարզուհին WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 118-րդ հորիզոնականը, իսկ ITF Junior վարկանիշում հասել է 12-րդ տեղին։

Մարզուհին առաջին անգամ է եկել Հայաստան նա  ընդգծել է ջերմ ընդունելությունն ու երեխաների հետ հանդիպումներից ստացած տպավորությունները. «Այստեղ մարդկանց ջերմությունը պարզապես անհնար է բառերով նկարագրել։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը»։

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության համար՝ նշելով, որ սպորտը հիմնադրամի ռազմավարական ուղղություններից է։ Ներկայացվել է նաև «Տաղանդների ֆոնդ» ծրագիրը, որի նպատակն է տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետների ներգրավումը։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը ներկայացրել է Երևանում թենիսի ենթակառուցվածքների զարգացման նոր նախագծի մշակման աշխատանքները։ ԿԳՄՍ նախարարը պատրաստակամություն է հայտնել ծանոթանալու նախագծին և քննարկելու դրա իրականացման հնարավորությունները։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում թենիսի մասսայականացման, միջազգային մարզական հարթակներում Հայաստանի ներկայության ընդլայնման, ինչպես նաև ճանաչված թենիսիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին մարզուհիները ներկայացրել են առաջիկա ծրագրերը՝ տեղեկացնելով, որ Հայաստանից մեկնելու են Բրազիլիա, ապա մասնակցելու են Ասիայում, այդ թվում՝ Չինաստանում և Կորեայում կայանալիք մրցաշարերին։ Հետագայում նախատեսվում է նաև մասնակցություն Ավստրալիայի բաց առաջնությանը։

Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մարզուհիներին՝ հույս հայտնելով, որ Հայաստանից ստացած դրական էներգիան և ջերմությունը կուղեկցեն նրանց միջազգային մրցելույթներում:

Նախորդ հոդվածը
Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։