Եվրոպա լիգա․ Արարատ-Արմենիան պարտվեց Յագելոնիային| WTA. Ալինա Չարաևան լավագույն 100-յակում է | Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյան՝ արծաթե մեդալակիրներ| Արարատ-Արմենիան մեկնել է Լեհաստան| Հայ երկու ըմբիշ դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ| Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը|
ԿԳՄՍ նախարարն ընդունել է WADA-ի ներկայացուցչին
23 Սեպտեմբեր 2026

ԿԳՄՍ նախարարն ընդունել է WADA-ի ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) Եվրոպական գրասենյակի և սպորտային շարժման հետ հարաբերությունների տնօրեն Սեբաստիան Ժիլոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հակադոպինգային գործակալության գործունեությանն և մաքուր սպորտի ամրապնդմանն առնչվող հարցեր։

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովելու Հայաստանում մաքուր սպորտի սկզբունքների հետևողական ներդրումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ այս առաջնահերթությունն ամրագրված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ:

Այս համատեքստում առանձնակի կարևորություն ունի ազգային հակադոպինգային գործակալության՝ միջազգային չափանիշներին համապատասխան գործունեությունը։ Նախարարի խոսքով՝ վերջին ամիսներին քայլեր են ձեռնարկվել գործակալության համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։

Գործակալությանը հատկացվել է նոր տարածք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որը համագործակցության և արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ է ստեղծում՝ բուհի ենթակառուցվածքներից օգտվելու, աշխատաժողովներ և կրթական միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև մաքուր սպորտի գաղափարների տարածմանը երիտասարդներին և ուսանողներին ներգրավելու առումով։

Կարևորելով ազգային հակադոպինգային գործակալության ու պետական լիազոր մարմնի արդյունավետ համագործակցությունը՝ Սեբաստիան Ժիլոն շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ ցուցաբերվող աջակցության համար և նշել, որ արդեն ծանոթացել է գործակալության նոր տարածքին։

Նշվել է, որ գործակալության գործունեության ֆինանսավորումն ամբողջությամբ նախատեսված է պետական բյուջեի միջոցներից, իսկ խոշոր միջազգային մրցաշարերի և առաջնությունների անցկացման դեպքում տրամադրվում է նաև լրացուցիչ ֆինանսավորում։

Կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացված և առաջիկայում նախատեսվող խոշոր մարզական միջոցառումներին և դրանց շրջանակում արդյունավետ հակադոպինգային համակարգի կարևորությանը։ Նշվել է, որ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը վերջերս լիարժեք սպասարկել է «Tour of Armenia 2026» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը։

2027 թվականին Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որտեղ ևս գործակալության գործունեությունը կարևորվում է։

Սեբաստիան Ժիլոն ընդգծել է, որ միջազգային խոշոր մրցաշարերի անցկացումը հնարավորություն է Հայաստանի համար՝ ցույց տալու երկրի հանձնառությունը մաքուր սպորտին և բարեվարքությանը։ Նա նաև վերահաստատել է Հայաստանի հակադոպինգային համակարգի և մասնագետների կարողությունների զարգացմանն աջակցելու WADA-ի պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ 

Նախորդ հոդվածը
Ալաշկերտի հարձակվողը հրավիրվել է Կոնգոյի հավաքական
Հաջորդ հոդվածը
Սերգեյ Մուրադյանը լքել է ազգային հավաքականի ճամբարը

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։