Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առցանց քվեարկության արդյունքում հաստատվել է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը և ժամը:
9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով՝ ՀՖՖ արտահերթ ժողովը կկայանա սույն թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՖՖ շենքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել:
Վերջիններս դիմել են ՀՖՖ կանոնադրության փոփոխման և լրացումներ կատարելու նպատակով։
Առաջարկվում է կանոնադրության 31-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար, ի թիվս այլ պայմանների, պահանջվում է վերջին մեկ տարում մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում և տիրապետել հայերենին։
Նախագծով առաջարկվում է հանել նշված 2 պահանջը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։
Առաջարկվում է նաև կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ նախատեսվում է, որ եթե անձը համապատասխան պաշտոնում պաշտոնավարել է այդ պաշտոնի համար սահմանված քառամյա ժամկետից պակաս, ապա այդ ժամանակահատվածը, անկախ դրա փաստացի տևողությունից, հաշվարկվում է որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։