Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այս գիշեր դիմավորել են սորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունից 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով հայրենիք վերադարձած Հայաստանի հավաքականի անդամներին։
Լրագրողների հետ զրույցում աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակված Արթուր Դավթյանը կիսվել է առաջնությունից ստացած տպավորություններով՝ ընդգծելով, որ հավաքականին հաջողվել է բացառիկ արդյունք գրանցել։
«Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք։ Չորս հոգով մեկնեցինք աշխարհի առաջնության և չորս մեդալով վերադարձանք, որոնցից երկուսը՝ ոսկե, երկուսը՝ բրոնզե։ Մեզ համար սա 100 տոկոսանոց արդյունք է, ինչի համար շատ ուրախ եմ»,- ասել է Դավթյանը։
Մարմնամարզիկը շնորհակալություն է հայտնել մարզչական կազմին՝ նշելով, որ մարզիչներն ամեն ինչ արել են հավաքականի հաջողությունն ապահովելու համար։
Անդրադառնալով աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ նվաճելուն՝ Դավթյանը խոստովանել է, որ այս հաղթանակն առանձնահատուկ նշանակություն ունի իր համար։
«Աշխարհի առաջնության ցանկացած մեդալ մեծ կարևորություն ունի, բայց ոսկե մեդալ նվաճելը, նախկինում ունեցած տիտղոսդ պաշտպանելը լրիվ այլ զգացողություն է։ Դա ավելի պատասխանատու է, ավելի բարդ ու դժվար։ Ճիշտն ասած՝ մրցման մեկնելուց առաջ այնքան էլ լավ մարզավիճակում չէի, բայց, փառք Աստծո, կարողացա հավաքվել և անել այն, ինչ կարողանում եմ»,- նշել է աշխարհի կրկնակի չեմպիոնը։
Դավթյանն առանձնահատուկ ուրախությամբ է խոսել նաև թիմակիցների հաջողությունների մասին։ Նրա խոսքով՝ հատկապես հուզիչ էր երիտասարդ մարմնամարզիկների ելույթը, երբ նրանց հաջողվեց միանգամից երկու մեդալ նվաճել։
«Ես արդեն աշխարհի չեմպիոն եղել եմ, և ինձ համար դա նորություն չէր։ Բայց երբ երիտասարդները եկան և առաջին իսկ մրցաձևում նվաճեցին մեկ առաջին ու մեկ երրորդ տեղ, դա ուղղակի անբացատրելի էր։ Նախկինում միշտ ինչ-որ բան չէր հերիքում։ Չորս կամ հինգ հոգով գնում էինք, բայց մեկ կամ երկու մեդալով էինք վերադառնում։ Իսկ այս անգամ չորս հոգով մեկնեցինք, և չորսս էլ մեդալով վերադարձանք։ Դա բոլորովին ուրիշ զգացողություն է»,- պատմել է նա։
Արթուր Դավթյանն անդրադարձել է նաև իր երեխաների արձագանքին՝ նշելով, որ նրանց ուրախությունն ու աջակցությունն իրեն նոր ուժ և մոտիվացիա են տալիս։
«Ճիշտն ասած՝ շատ էի հուզվել, երբ տեսա երեխաներիս մասնակցությամբ տեսանյութը։ Դա ինձ շատ ուժ է տալիս, որ կարողանամ ավելի շատ մարզվել, ավելի շատ մրցումների մասնակցել։ Դա ինձ ոգևորում է, ինձ մոտիվացիա է տալիս»,- եզրափակել է մարմնամարզիկը։