Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Հայաստանի Գավաթ․ Շիրակը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով 1-ին խմբի ներկայացուցչին| Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հյուսիսային Իռլանդիային| Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար|
Անակնկալներով լի տուր․ ՀՊԼ 24-րդ տուրի ամփոփումը
31 Մարտ 2025 |  370

Անակնկալներով լի տուր․ ՀՊԼ 24-րդ տուրի ամփոփումը

Ավարտվեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը։ Տուրը դիտարժան էր՝ հագեցած մի շարք անակնկալներով, որից անմասն մնաց միայն «Ուրարտուն»։ Մինչև «Արարատ-Արմենիան» անհավանական քամբեք էր կատարում, Չարենցավանում «Վանը» հյուրի կարգավիճակով միավորներ կորցնում, իսկ Գյումրիում երեք 11-մետրանոց էր նշանակվում «Շիրակի» դարպասին, Դմիտրի Գունկոյի սաները «Արարատ-Արմենիային», «Փյունիկին» ու «Գանձասարին» հաղթելուց հետո վաստակած հանգիստն էին վայելում։ 

24-րդ տուրում խփվեց 17 գոլ։ Ամենաարդյունավետ հանդիպումը «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» խաղն էր, որում խփվեց 5 գոլ։ Այդ խաղն իրական դրամա էր «Փյունիկի» համար։ Ունենալով 2 գնդակի առավելություն, Եղիշե Մելիքյանի սաները նույնիսկ 1 միավոր չկարողացան վաստակել։ Ձմեռային դադարից հետո անցկացրած առաջնության 4 խաղում «Փյունիկը» հաղթել է ընդամենը 1-ում, իսկ 3-ում՝ պարտվել է։ 

Տուրի մեկնարկային՝ ԲԿՄԱ-«Վեստ Արմենիա» (3։0)  խաղում 2 կարմիր քարտ գրանցվեց։ Խաղադաշտից հեռացվեց նախ «Վեստ Արմենիայի» կիսապաշտպան Իբրահիմ Սուլեյման Իդրիսը, ապա ԲԿՄԱ-ի հարձակվող Էդիկ Վարդանյանը։ Այս հաղթանակի շնորհիվ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները միավորներով հավասարվեցին «Շիրակին»։ 

Կարմիր քարտ եղավ  նաև «Արարատ»-«Գանձասար» խաղում։ 97-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Ուսման Ֆայեն։ Հենց այս խաղում կապանյան ակումբը կարող էր վերջապես հաղթանակ տոնել ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, բայց Բերտրան Մանինի կիսադաշտից խփած շքեղ գոլին տանտերերից 97-րդ րոպեին պատասխանեց Քրիստոփեր Բոնիֆեյսը՝ 1 միավոր նվիրելով իր թիմին։   

Դրամատիկ ստացվեց նաև Չարենցավանում կայացած «Ալաշկերտ»-«Վան» հանդիպումը։ Չնայած Վահե Գևորգյանի սաներն ունեին 2 գնդակի առավելություն և խաղի ընթացքն էլ թելադրում էր «Վանի» հաղթանակը, բայց գործեց մարզական բախտի «երես թեքելու» սկզբունքը, որը կարծես ամբողջ մրցաշրջանում ուղեկցում է Վահե Գևորգյանին։ «Ալաշկերտից» հեռանալուց հետո երիտասարդ մարզիչը ոչ մի կերպ չի կարողանում հաղթել նախկին թիմին ու այս մրցաշրջանում էլ անցկացված 3 խաղում  գրանցել է ոչ-ոքի արդյունք։ Այս խաղում չարենցավանյան թիմը 2 գնդակի առավելություն ուներ մինչև 83-րդ րոպեն։  

Ամենաքննարկված խաղն, իհարկե, Գյումրիում կայացած «Շիրակ»-«Նոա» հանդիպումն էր։ Այստեղ մրցավարը նշանակեց երեք 11-մետրանոց հարված՝ 3-ն էլ «Շիրակի» դարպասին։ Առաջին երկու դեպքում Գոնսալո Գրեգորիո-Դարկո Վուկաշինովիչ դիմակայությունում հաղթողը սերբ դարպասապահն էր։ 3-րդ դեպքում Գոռ Մանվելյանը դիպուկ էր ու հաղթանակ կորզեց իր թիմի համար։ Ու չնայած «Շիրակն» ու թիմի երկրպագուները դժգոհ էին մրցավարի որոշումներից, «Նոայի» մարզիչ Ռուի Մոտան հետխաղային ասուլիսում հաստատեց՝ 3 դեպքում էլ 11-մետրանոցները ճիշտ են նշանակված։ Ավելին, նա խոսեց «Շիրակի» թույլ տված խախտումների մասին։ Գյումրեցիների համար սփոփանք կարող է հանդիսանալ Ռաֆիկ Միսակյանի հեռահար հարվածով գեղեցիկ գոլը, որը միավոր(ներ) վաստակելու հույս էր պարգևել երկրպագուներին։

ՀՊԼ-ի առաջնություններում 1 խաղում ամենաշատ 11-մետրանոցները նշանակվել էր նախորդ մրցաշրջանի՝ «Վեստ-Արմենիա»-«Ուրարտու» (2։5) խաղում՝ 4, որից միայն մեկը «Ուրարտուի» դարպասին։ Բոլոր դեպքերում 11-մետրանոցներն իրացվել էին։

Ընդհանուր առմամբ, 24-րդ տուրում մրցավարները նշանակեցին յոթ 11-մետրանոց, որոնցից դիպուկ իրացվեցին 4-ը։ Գրեգորիոյի ձախողումից բացի, ոչ դիպուկ էր նաև «Վեստ Արմենիայի» կիսապաշտպան Արթուր Իսրայելյանը։

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

Հաջորդ տուրում, որը կմեկնարկի ապրիլի 4-ին, տեղի կունենան հետևյալ հանդիպումները՝

04․04․25 16։00 «Արարատ»-«Շիրակ»

05․04․25 16։00 «Փյունիկ»-«Ալաշկերտ»

05․04․25 19։00 «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա»

06․04․25 16։00 «Վան»-«Գանձասար»

06․04․25 19։00 «Նոա»-«Վեստ Արմենիա»

Նախորդ հոդվածը
Mix Fight 57. Հայ մարզիկների հաղթանակները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Շախմատի անհատական ԵԱ․ Առաջին տուրի արդյունքները

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։