Հետաձգված չեմպիոնություն, չհանդարտվող կրքեր. Ի՞նչ կատարվեց Վան-Նոա խաղում
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը մոտենում է ավարտին և կրքերը գնալով թեժանում են։ Հայկական ակումբային ֆուտբոլում վերջին օրերի գլխավոր իրադարձությունը «Վան»-«Նոա» դիմակայությունն է։
Թիմերը 17 օրում հանդիպեցին 3 անգամ, որից 2-ը՝ գավաթի խաղարկության կիսաեզրափակլիչում։
Երեկ կայացած խաղում սկանդալների պակաս չկար, բայց ամեն ինչ սկսենք սկզբից։
«Նոա»-«Վան»․ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ
Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի 1-ին խաղն անցավ դիտարժան պայքարում։ «Վանը» հենց սկզբից ցույց տվեց, որ «նվեր» չէ մրցակցի համար ու հենց այնպես չի զիջելու եզրափակիչի ուղեգիրրը։ Չնայած 36-րդ րոպեին Արսեն Բեգլարյանը գնդակը հանեց սեփական դարպասից, բայց դա չազդեց Վահե Գևորգյանի գլխավորած թիմի խաղի որակի վրա։ «Վանը» շարունակում էր գրոհել, երբեմն մեծ ուժեր կենտրոնացնելով հարձակման գծում ու հենց այդ գրոհներից մեկի ժամանակ, երբ Կաջալի Դրամմեն բախում ունեցավ «Նոայի» կիսապաշտպան Յան Էտեկիի հետ, երևանյան ակումբի ֆուտբոլիստ Բրունո Ալմեյդան գնդակն ուղարկեց առաջ, որը բաժին հասավ Մաթեյուս Այասին։ «Վանի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը՝ դուրս գալով տուգանային հրապարկից, «նոքաութի» ենթարկեց պորտուգալացի հարձակվողին, բայց Այասն արդեն հասցրել էր գնդակն ուղարկել «Վանի» դարպասը։ Հենց այստեղից սկսվեց հարցերի տեղատարափը, որոնց պատասխանները, կարծես թե, նույնիսկ մրցավարները չէին կարողանում տալ շուրջ 20 րոպե։
- Կա՞ր խախտում Դրամմեի հետ պայքարում,
- Կա՞ր խաղից դուրս վիճակ՝ Այասի գոլի դրվագում
- Արդյո՞ք Արսեն Բեգլարյանի խախտումն արժանի էր կարմիր քարտի
Շուրջ 5 րոպե քննարկելուց ու դրվագն ուսումնասիրելուց հետո հանդիպման գլխավոր մրցավար Յուրա Մահտեսյանը ՎԱՌ-ի մրցավար Արտեմ Գասպարյանի հետ որոշեցին չեղարկել խաղից դուրսը, արձանագրել գոլը։ «Վանի» ներկայացուցիչները դժգոհում էին՝ պահանջելով վերանայել 11-մետրանոցի դրվագը Դրամմեի հետ բախման պահին։ Լարվածությունը հասավ գագաթնակետին, տեղի ունեցան բախումներ, ինչին հաջորդեց ընդհարումը 2 թիմերի ներկայացուցիչների միջև։ Դեղին քարտեր բաժին հասան Վահե Գևորգյանին ու Ռուի Մոտան։ Վերջինիս ագրեսիվ արձագանքից հետո իրավիճակը ավելի լարվեց։ Միջադեպ տեղի ունեցավ նաև Հովհաննես Համբարձումյանի հետ, որը չէր կարողանում հանգստացնել կրքերն ու երկրպագուներից մեկի հետ հարցեր էր պարզում։ Մահտեսյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին պատժեց դեղին քարտով, ինչից հետո գնաց կրկին անգամ կրկնապատկերը դիտելու ու վերանայեց որոշումը։

Բեգլարյանին ցույց տվեց կարմիր քարտ, իսկ գոլը չեղարկեց՝ նշանակելով տուգանային հարված։ Շուրջ 18 րոպե տևած դադարից հետո խաղը վերսկսվեց ու արդեն առաջին կեսի ավարտին մոտ «Վանը» 2 լավ պահ ուներ ու կարող էր վերականգնել հաշվի հավասարությունը, բայց թիմերը գնացին ընդմիջման 1։0 հաշվի առկայությամբ։ 2-րդ կեսում թիմերի ցույց տված խաղը նույնպես դիտարժան էր։ Ֆուտբոլիստները երկուստեք գոլային պահեր էին ստեղծում միմյանց դարպասին, բայց դրանցից միայն մեկից կարողացան օգտվել։ 89-րդ րոպեին Ուլադ Օմարը հաշիվը դարձրեց 2։0 ու դիմակայության 1-ին խաղն ավարտվեց հենց այս հաշվով։
Մրցավեճից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը պատասխան խաղում թեժ հանդիպում խոստացավ, հայտարարելով.
«Թեժ հանդիպում եմ խոստանում «Նոային»՝ ի դեմս իրենց գլխավոր մարզչի ու մարզչական շտաբի։ Թեժ, շատ թեժ՝ ֆուտբոլային դաշտում, ոչ թե լկտի պահվածքով՝ իրանց նման»։
Իր հերթին Ռուի Մոտան դժգոհում էր խոտածածկի վիճակից, նշում, որ կարող էին ավելի շատ գոլեր խփել ու հույս հայտնում, որ «Վանն» ամեն ինչ կանի խաղի կանոնների սահմաններում։
Հանդիպումից մեկ օր անց «Նոան» հանդես եկավ հայտարարությամբ՝ «Վան» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը դրսևորել է ոչ սպորտային վարքագիծ՝ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ թույլ տվել «լկտի պահվածք» արտահայտությունը։ Կարծում ենք, որ պայքարը պետք է լինի խաղադաշտում»,- ասվում է «Նոայի» հայտարարության մեջ՝ հորդորելով հապշտապ ենթադրություններից առաջ համոզվել, որ օտարազգի գործընկերներին ճիշտ են հասկացել:
«Վանի» պատասխանը չուշացավ։ Չարենցավանցիները կոչ էին անում զերծ մնալ ամպագոռգոռ հայտարարություններից և չփորձել ակումբին ներքաշել տարատեսակ ոչ ֆուտբոլային ինտրիգների մեջ։ «Վան» ՖԱ-ն հորդորում է արտահայտություններում լինել կոռեկտ, մնալ ֆուտբոլի արդար խաղի, մարդկային և պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններում»։
Այսքանով ավարտվեց այս պատմության 1-ին հատորը։
Պատասխան խաղում Վահե Գևորգյանը կատարեց իր խոստումն ու ու իրապես թեժ պայքար առաջադրեց մրցակցին։

1-ին իրական գոլային պահը «Վանը» ստեղծեց 21-րդ րոպեին։ Կաջալի Դրամմեի փոխանցումից հետո Մալիկ Օդեյինկան ներխուժեց տուգանային հրապարակ, գնդակը փոխանցելով Կարեն Նալբանդյանի ուղղությամբ։ Վերջինս չկարողացավ հարված կատարել, իսկ Դրամմեի մոտ տարածությունից կատարած հարվածը հետ մղեց Օգնյեն Չանչարևիչը։ 37-րդ րոպեին Կարեն Նալբանդյանի խորքից կատարած փոխանցումով մեն-մենակ հանեց Ուսման Աջիբոնային՝ Չանչարևիչի դեմ, բայց Նիգերիացին սայթաքեց։ Գրոհները չէին դադարում 2 թիմերի կատարմամբ, բայց խաղի առաջին ու միակ գոլը տեսանք 87-րդ րոպեին՝ փոխարինման մտած Լևոն Վարդանյանի կատարմամբ։ Վերջինս «Նոայի» նախկին ֆուտբոլիստ էր։ Հատկանշական է, որ այս գոլը Ռուի Մոտայի գլխավորած թիմի բաց թողած 4-րդ գոլն էր 2025 թվականին ու բոլոր 4 գոլերը, հեղինակել էին հայ ֆուտբոլիստները։ Գոլից րոպեներ անց երկրորդ դեղին քարտն ստացավ ու խաղադաշտից հեռացվեց Ջուլիան Բատիոնոն, բայց հաշվի մեջ փոփոխություններ չեղան, «Վանը» հաղթեց նվազագույն հաշվով ու չարենցավանյան ակումբին մի փոքր չբավականացրեց եզրափակիչում հայտնվելու համար։

Մոտան խաղի մասին առանձնապես շատ բան չուներ ասելու։ Կրկին բողոքեց խաղադաշտի որակից, բայց երջանիկ էր եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ, իսկ Գևորգյանը վերահաստատեց՝ «Վանն» ավելի ուժեղ էր ու արժանի էր եզրափակիչում խաղալուն, բայց չմոռացավ շնորհավորել մրցակցին ու հաջողություն ցանկանալ։ Այս անգամ ևս հայ մարզիչը հայտարարեց՝ պատրաստվում են օրեր անց կրկին հաղթել «Նոային» ու միավորներ վաստակել։
Այս հաղթանակով «Վանը» վերջ դրեց պաշտոնական խաղերում «Նոայի» անպարտելիության 13-խաղյա շարքին։ Հայաստանի գործող փոխչեմպիոնները, մինչ այս, պարտության դառնությունը ճաշակել էին 2024ի դեկտեմբերի 20-ին Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի խաղում՝ 3։4 հաշվով զիջելով սերբիական «Բաչկա Տոպոլային»։
Վան-Նոա․ Այս անգամ առաջնությունում
Հաշվի առնելով գավաթային իրադարձությունները, այս հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել երկրպագուների շրջանում ու տուրի կենտրոնական խաղն էր։ Հաղթանակը «Նոային» կապահովեր չեմպիոնություն, իսկ «Վանի» համար կավելացներ նախադրյալներ՝ եվրագավաթային ուղեգրի համար պայքարելու։

Խաղը դիտարժանությամբ չէր զիջում նախորդ երկուսին։ 8-րդ րոպեին Վիրջիլ Պինսոնի հարվածից հետո Անատոլի Այվազովը փրկեց «Վանին»։ 7 րոպե անց կրկին Պինսոնը, այս անգամ անհեմամտ ավելի նպատակահարմար դիրքից, չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ 23-րդ րոպեին «տուգանայինների արքա» Կարեն Նալբանդյանը մոտ 25 մետրից ուղիղ հարվածով տխրեցրեց «Նոայի» երկրպագուներին։ 55-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան վերականգնեց հաշվի հավասարությունը։ 3 րոպե անց Մոմո Տուրեն մեն-մենակ մնալով Չանչարևիչի դեմ չկարողացավ գրավել վերջինիս դարպասը, չնայած գնդակն անցկացրեց դարպասապահի ոտքերի արանքով, բայց օգնության հասավ Գոնսալու Սիլվան։ 64-րդ րոպեին Մոմո Տուրեն կրկին առաջ մղեց «Վանին»՝ դարձնելով նրան առաջնությունում «Ուրարտուից» ու «Արարատից» հետո 3-րդ թիմը, որը մեկ խաղում կարողացել է 1-ից ավելի գնդակ ուղարկել «Նոայի» դարպասը։ 83-րդ րոպեին էլ Իզուչուկվո Օկոնկվոն կարող էր խփել իր թիմի 3-րդ գոլը, բայց Սերգեյ Մուրադյանից խլելով գնդակը՝ վրիպեց նպաստավոր դիրքից։ Հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին «Նոան» խուսափեց պարտությունից՝ Գոնսալու Սիլվան վերականգնեց հաշվի հավասարությունը։

Թվում էր, թե ամեն ինչ ընթանում էր ֆուտբոլային դաշտում, ինչպես նշել էր Վահե Գևորգյանը, սակայն լրացուցիչ ժամանակում կատարված միջադեպը բորբոքեց կրքերը։
Կոնֆլիկտներ սկսվեցին «Նոայի» հարձակող Գոնսալո Գրեգորիոյի ու Վանի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի միջև։ Նոայի ֆուտբոլիստն ու «Վանի» գլխավոր մարզիչը կարմիր քարտ ստացան ու հեռացվեցին խաղադաշտից։ Րոպեներ անց խաղադաշտի թունելում քաշքշուկ սկսվեց, խառնվեցին նաև թիմերի ֆուտբոլիստները, ակումբների աշխատակիցները ու երկրպագուները, որոնք շշեր էին նետում ֆուտբոլիստների ուղղությամբ։ «Նոայի» երկրպագուների սեկտորից նետած շշերից մեկի հետևանքով վնասվածք ստացավ նույնիսկ «Վանի» աշխատակիցներից մեկը։ Րոպեներ անց խաղը վերսկսվեց։ Հատկանշական է, որ վերջին վայրկյաններին «Վանը» կարող էր խփել հաղթական գոլը։ Կարեն Նալբանդյանը կարող էր հերոսանալ, բայց նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Թիմերի մարզիչների հետխաղային ասուլիսը սկսվեց սովորականից ուշ։ Նոայից ասուլիսից ներկայացավ գլխավոր մարզիչի օգնական Անդրե Ֆրեիշիեյրոն, քանի որ գլխավոր մարզիչ Ռուի Մոտան որակազրկված էր։ Խոսելով միջադեպի մասին, պորտուգալացի մասնագետը ասաց. «Ինչո՞ւ պետք է Գրեգորիոն առաջինը խոսեր Վահե Գևորգյանի հետ, ի՞նչ պատճառներ ուներ դրա համար։ Գրեգորիոն ուղղակի պատճառ չուներ խոսակցություն սկսելու»։

Այստեղ հարց է առաջնում, ինչո՞ւ պետք է Գևորգյանը հրահրեր կոնֆլիկտը։
Իր հերթին Վահե Գևորգյանը նշեց, որ Գրեգորիոն ուղղակի մոտեցել ու հայհոյել է իրեն, ինչն էլ մասնագետին տարել է էմոցիոնալ դաշտ։
«Հայերեն հայհոյել չի կարելի, անգլերեն կամ պորտուգալերեն կարելի՞ է։ Նման լկտի պահվածքն անհանդուրժելի է։ Ես ակումբի դեմ ոչինչ չունեմ, բայց դաստիարակել է պետք, թե՛ մարզիչներին, թե՛ ֆուտբոլիստներին»։
Գևորգյանը հիշատակեց նաև նախկինում «Նոայի» հետ կրկին տեղի են ունեցել նման միջադեպերը՝ ի նկատի ունենալով «Շիրակի» ու «Արարատ-Արմենիայի» դեմ խաղի դրվագները։ Կարելի է ենթադրել, որ Նոայի մարզչական շտաբը աչքի է ընկնում այն ժամանակ, երբ հաղթանակները տրվում են դժվարությամբ։
Թեմային անդրադարձել է նաև ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը, որը մասնավորապես գրել է՝
«Նոայի» մարզչական շտաբը, իսկ վերջին խաղերում նաև որոշ ֆուտբոլիստներ ուղղակի չեն կարողանում մնալ
ֆուտբոլային դաշտում և դուրս են գալիս այդ դաշտից: Երբ ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպից հետո Վարդան Մինասյանն ասաց, որ արտասահմանցիները պետք է ընկալեն մեր մշակույթն ու շարժվեն հայաստանյան կանոններով, մի պահ ոչ միանշանակ ընդունվեց: Սակայն ավելի վաղ «Նոայի» մարզչական շտաբը խնդիրներ էր ունեցել «Շիրակի» հետ, հետո եղավ «Արարատ-Արմենիան», իսկ այժմ մի քանի խաղ շարունակ խնդիրներ են առաջանում «Վանի» անձնակազմի հետ:
Կներեք, բայց, երբ խոսքը Վահե Գևորգյանի մասին է, ես չեմ կարող հավատալ, որ վերջինս իրեն այնպիսի պահվածք է թույլ տվել, որն ընկալվել է որպես սադրանք: Իսկ հակառակը հավանաբար կա, քանի որ չի կարող պարբերաբար նույն խնդիրը լինել x ակումբի մարզչական շտաբի հետ»։

Այսպիսով, հայկական ֆուտբոլում նշմարվում է սկզբունքային նոր դիմակայություն։
Մարզային եզակի ակումբներից մեկը, որը նոր մակարդակի վրա է ու այս տարի կարող է պատմության մեջ առաջին անգամ խաղալ եվրագավաթներում, և հայկական ֆուտբոլին նոր շունչ հաղորդած «Նոան»։ Ցավոք, մինչ այս պահը խոսակցությունները գնում են ոչ թե թիմերի բուն խաղի մասին, այլ դրա ընթացքում տեղի ունեցած միջադեպերի։
Հաջորդ տուրում «Նոան» հանդիպելու է «Փյունիկին» և հենց այդտեղ կարող է որոշել չեմպիոնության հարցը, իսկ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը շարունակում է պայքարը եվրագավաթային գոտում հայտնվելու համար։ Եվրագավաթային պայքարը խոստանում է լինել լարված մինչև վերջին տուրը։ Փյունիկը, որն այս պահին 4-րդն է, իր ակտիվում ունի 50 միավոր, Վանին գերազանցում է 7 միավոր, սակայն 1 խաղ ավելի է անցկացրել չարենցավանյան ակումբից ու այս թիմերը վերջին տուրում մրցելու են միմյանց դեմ։
Լուսանկարները՝ «Վան» ՖԱ-ի և «Նոա» ՖԱ-ի