Ես զտարյուն հայ եմ․ Հայաստանի հավաքականում խաղալն իմ երազանքն է․ Արթուր Ավագիմյան
Գրեթե ամբողջ ֆուտբոլային կարիերան Ուկրաինայում անցկացրած, «Ալաշկերտում» մի քանի ամիս խաղացած, Հայաստանն ու Հայաստանի ազգային հավաքականը միշտ մտքում պահող Արթուր Ավագիմյանը պատանեկան տարիքում համարվում էր Ուկրաինայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը, ինչի վառ ապացույցն էր, ֆուտբոլիստի՝ Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներում հայտնվելը։
Ֆուտբոլիստը ծննդավայրում՝ Մարիուպոլում սկսեց զբաղվել ֆուտբոլով, գրավեց Դոնեցկի «Շախտյորի» սկաուտների ուշադրությունը, խաղաց Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներում, փորձաշրջան անցավ «Բորդոյում», հաղթահարեց հոգեբանական ծանր ապրումներն ու վերադարձավ խաղադաշտ։
Արթուր Ավագիմյանի հետ զրուցել ենք հայկական արմատների, կարիերայի, հավաքականների, «Ալաշկերտ» տեղափոխության, Լորան Բլանի հետ հանդիպման, ֆուտբոլիստի վրա ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցության ու շատ այլ թեմաների մասին։
-Արթուր, պատմեք Ձեր արմատների մասին։
-Ծնողներս հայեր են։ Ես զտարյուն հայ եմ։ Ծնվել եմ Ուկրաինայում։ Երբ Հայաստանում սկսվեց Ադրբեջանի հետ պատերազմը, ծնողներս ստիպված էին հեռանալ ու ստացվեց այնպես, որ ես ծնվեցի Ուկրաինայում։
- Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ֆուտբոլով ու ինչպե՞ս սկսվեց Ձեր ֆուտբոլային ճանապարհը։
- Հայրս, երբ Հայաստանում էր ապրում, ֆուտբոլ էր խաղում։ Միշտ հետաքրքրվում էի ֆուտբոլով, դիտում էի խաղերը։ Երբ ես 5 տարեկան էի, հորեղբայրս մեծ եղբորս տարավ ֆուտբոլի մարզումների։ Ես էլ նրա հետ գնացի ու ինձ թույլատրեցին մարզվել նրա հետ, չնայած տարիքս չէր համապատասխանում։ Սկսեցի խաղալ ֆուտբոլ, ինձ շատ դուր եկավ։ Մեր ընտանիքը ֆուտբոլային է։ Հայրս պրոֆեսիոնալ մակարդակի չհասավ, զինվորական ծառայության պատճառով կորցրեց թանկարժեք ժամանակն ու թողեց ֆուտբոլը։

- Անցաք «Շախտյորի» մանկապատանեկան թիմերով։ Պատմեք Ձեր առաջին պրոֆեսիոնալ պայմանագրի ու Ուկրաինայի Պրեմիեր լիգայում 1-ին հանդիպման մասին։
- «Մարիուպոլից» «Շախտյորի» սկաուտներն ինձ ընտրեցին։ 1-ին պրոֆեսիոնալ պայմանագիրս կնքեցի «Շախտյորի» մինչև 21 տարեկանների թիմի հետ, ապա «Մարիուպոլի» գլխավոր թիմի հետ։ Ուկրաինայի Պրեմիեր լիգայում նորամուտիս խաղը Դոնեցկի «Շախտյոր» հետ էր, բայց այդ ժամանակ Հենրիխ Մխիթարյանն էլ «Շախտյորում» չէր տևական ժամանակ։ Հիշում եմ այդ խաղը, չնայած 5 րոպե խաղաժամանակ ստացա։
- «Մարիուպոլ», «Արսենալ Կիև» ու «Ալաշկերտ»։ Ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը Հայաստան։
- Ինձ հետ կապ հաստատեց Ալաշկերտի սպորտային տնօրենն ու ներկայացրեց առաջարակը։ Հետո Գեղամ Ղադիմյանին առաջարկեցին, նրա հետ ընկերություն էինք անում և դա կարծես մեծ դեր խաղաց տեղափոխությանս հարցում։ Միասին նույն թիմում էինք։ Նրանք կապ հաստատեցին ինձ հետ ու ես տեղափոխվեցի։ Ընդհանուր առմամբ, այն, ինչ ինձ խոստացել էին և այն, ինչ կատարվեց, երբ եկա Հայաստան, տարբեր էր։ Խաղային պրակտիկաս ու մարզավիճակս պահելու համար ցանկացա խաղալ 2-րդ թիմում։ Իմ նախաձեռնությունն էր «Ալաշկերտի» 2-րդ թիմում խաղալը։ Անկեղծ ասած, իմ մեջ եմ փնտրում սխալը։ Չեմ սիրում մեղավորներ փնտրել։
Երբ եկա Հայաստան՝ 2-3 ամիս մնալու տեղ չունեի, նույնիսկ տարրական պայմաններով ապահովված չէի։ Միշտ մի տեղից մյուսն էի տեղափոխվում։ Երբեմն վարձով էի մնում։ Նույնիսկ ինձ որոշ ժամանակ տեղավորել էին բրազիլացիների հետ, որոնք մինչև առավոտ չէին քնում ու ինձ էին խանգարում քնել։ Պրոֆեսիոնալիզմը ցածր մակարդակի վրա էր։ Հիմա դրական տեղաշարժ կա հայկական ֆուտբոլում, ինչի համար ուրախ եմ։

- Հայաստանում ինչո՞վ էիր զբաղվում ազատ ժամանակ։ Որո՞նք են քո սիրելի վայրերը։
- Ազատ ժամանակ աշխատում էի այցելել պատմական վայրեր, եկեղեցիներ, Սևանա լիճն ինձ ամենաշատն է տպավորել։ Գառնին, Գեղարդը, բոլոր պատմական վայրերն ինձ դուր են գալիս, բայց գեղեցկությամբ Սևանն առանձնանում է։
- Իսկ «Ալաշկերտից» հեռանալուց հետո եղե՞լ ես Հայաստանում։
- Ոչ, քանի որ Ուկրաինան լքելու հնարավորությունները նվազել են, ֆուտբոլային գրաֆիկն էլ շատ դժվարացնում է ամեն ինչ։
- Եթե ունենայիք հայկական ակումբներից առաջարկ՝ կընունեի՞ք։
- Հիմա դեռ գործող պայմանագիր ունեմ ակումբիս հետ։ Ճիշտ չի լինի պատասխանել այս հարցին, բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Չգիտեմ ինչ տեղի կունենա։ Ուրախ եմ, որ հայկական ֆուտբոլում լավ ակումբներ են հայտնվել։
- «Ալաշկերտից» հետո հաջող շրջան ունեցաք «Չեռնոմորեցում»։ Ամենաշատ գոլերը խփել եք հենց այդ թիմում։ Ի՞նչ կասեք այդ փուլի մասին։
- Շատ եմ սիրում Չեռնոմորեցը, քաղաքը, ակումբը, երկրպագուներին։ Հենց երկրպագուներն են, որոնք ոգեշնչում էին միշտ մեծ ցանկությամբ խաղալ։ Մեծ թվով երկրպագուների բանակ ունեինք ու ես 1-ին անգամ էի հայտնվել այնպիսի ակումբում, որտեղ խաղից հետո 200-300 հոգի կարող էին գրել ու շնորհակալություն հայտնել խաղի համար, ինչն էլ վստահություն էր հաղորդում ու մեծ դեր խաղաց լավ հանդիպումներ անցկացնելու գործում
- Սկսվեց պատերազմն ու այդ իրավիճակը չէր կարող չանդրադառնալ Ձեր վրա։ Ինչպե՞ս փոխվեց կյանքն ու ֆուտբոլը։
- Պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում։ Դա, ինձ համար առաջին դեպքն էր, երբ ֆուտբոլը մղվեց 2-րդ պլան։ Իմ ընտանիքը Մարիուպոլում էր, շրջափակման մեջ։ Այն ինչ անում էր Ռուսաստանը, ուղղակի անբացատրելի էր։ Ես 2 ամիս կապի չէի կարողանում դուրս գալ նրանց հետ։ Այդ ընթացքում նիհարեցի 10-15 կգ։ Կես տարի չէի կարողանում հավաքվել, չնայած առաջնությունը շարունակվում էր, բայց ինձ համար բարդ էր, քանի որ հոգեբանական վատ վիճակում էի։ Փառք Աստծո, ընտանիքիս հետ հիմա ամեն բան կարգին է, նրանք Ֆրանսիայում են, անվտանգ են, բայց այդ իրավիճակը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա ու փոխեց աշխարհայացքս կյանքի հանդեպ։

- «Ալաշկերտից» վերադարձաք «Չեռնոմորեց», սակայն «Ալեքսանդրիան» գնեց Ձեր տրանսֆերային իրավունքը, բայց վարձավճարով հանդես էիք գալիս այլ թիմերում։ Ի՞նչն էր պատճառը։
- «Ալեքսանդրիան» գնեց իմ տրանսֆերը «Չեռնոմորեցից»։ Նրանք ինձ հավատացին, ինչի համար շնորհակալ եմ, բայց իմ տեղափախությունից 1 ամիս անց սկսվեց պատերազմն ու ինձ համար բարդ էր Ալեքսանդրիայում գտնվելը։ Օդեսսան այն վայրն է, որտեղ ինձ զգում եմ ինչպես տանը, եթե չհաշվենք Մարիուպոլը, որտեղ ես ծնվել եմ։ Ինձ ավելի լավ էի զգում Օդեսայում, քանի որ Մարիուպոլն էլ անընդհատ ռմբակոծությունների էր ենթարկվում։ Օդեսսան ինձ «ձգում էր»։ Ես այդ մասին բաց կերպով ասեցի «Ալեքսանդրիայի» ղեկավարությանն ու նրանք ինձ ընդառաջ գնացին ու չնայած քիչ գումար չէին վճարել ինձ համար, նրանք հասկացան իմ իրավիճակն ու ինձ «բաց թողեցին»։ Շնորահակալ եմ նրանց, քանի որ կարող էի նաև հեռանալ ֆուտբոլից, բայց նրանք արեցին հնարավոր ամեն բան, որ ինձ հարմար լինի։
- Այնուհետև կրկին վարձավճարով «Չեռնոմորեց» ու կրկին գոլեր։ 21 տարվա ընթացքում «Չեռնոմորեցի» 1-ին ֆուտբոլիստն էիք, որը դարձավ ՈՒՊԼ-ում հեթ-տրիկի հեղինակ։
- Իհարկե, այդ հեթ-տրիկը մեծ ուշադրություն սևեռեց ինձ վրա։ Անխոս ուրախ էի, բայց աշխատում էի շատ ուշադրություն չդարձնել, քանի որ ուզում եմ նման իրադարձություններ շատ լինեն իմ կարիերայում։ Ուզում եմ ավելի կայությունում ու նման պահերը շատ ավելի կլինեն։
- Դուք ու ևս 16 ֆուտբոլիստ հեռացան «Չեռնոմորեցից»՝ ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով։ Տեղափոխվեցիք «ԼՆԶ Չերկասի» ու առաջին մրցաշրջանի մասին բավականին կոպիտ արտահայտվեցիք, չնայած մարզվում էիք վնասվածքով։
- Որոշ ժամանակ անց հասկացա, որ պետք էր դադար վերցնել ու չմարզվել, բայց այդ պահին էմոցիաներս գերակշռեցին ու ցանկանում էի շատ բան ապացուցել, բայց դա ինձ համար դաս եղավ։
- 2 տարի անընդմեջ ճանաչվել եք «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, փորձաշրջան եք անցել «Բորդոյում»։ Ինչո՞ւ չստացվեց մնալ թիմում։
-«Բորդոյում» այդքան էլ փորձաշրջան չէր։ Ստացվեց այնպես, որ Լորան Բլանն ինձ տեսավ, մոտեցավ, զրուցեցինք ու ասաց, որ մարզվեմ իրենց հետ։ Մարզվեցինք, ամեն ինչ հաջող էր ընթանում, բայց հետո զանգ ստացա Կիևի «Արսենալի» մարզիչից։ Նա հրավիրեց թիմ։ Որոշեցի վերադառնալ Ուկրաինա, քանի որ այդ պահին համարեցի, որ այդպես ճիշտ է։ Բոլորին շնորհակալություն հայտնեցի լավ փորձի համար, բայց Ուկրաինայի Պրեմիեր լիգան համարեցի ավելի հեռանկարային։

- Հավաքականների մասին․ Խաղացել եք Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներում, գոլեր եք խփել: Հիմնականում հրավիրվում էիր Օլեգ Կուզնեցովի գլխավորությամբ։ Այդ փուլի մասին ի՞նչ կասեք։
- Ստացվել է այնպես, որ Օլեգ Կուզնեցովն ինձ վստահում էր։ Ուրախ եմ, որ հանդես եմ եկել Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներում։ Դա հսկայական միջազգային փորձ էր, որը թույլ տվեց ինձ աճել։
- Սպասո՞ւմ եք հրավերի Հայաստանի ազգային հավաքականից։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ձեզ չնկատեցին «Չեռնոմորեցում» անցկացրած ոսկե շրջանի ժամանակ կամ այն ժամանակ, երբ հավաքականի գլխավոր մարզիչը ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովն էր։
- Հայաստանի հավաքական հրավիրվելն իմ գլխավոր երազանքն է։ Անկեղծ ասած դժվարանում եմ պատասխանել այս հարցին։ Շատ եմ ուզում խաղալ Հայաստանի հավաքականում։ Սպասում էի զանգի, բայց հեռախոսազանգն այդպես էլ չեղավ, թե ինչու, չեմ կարող ասել, երևի մարզիչի որոշումն է։ Հուսով եմ, որ երազանքս կիրականա։ Իմ ակումբից հավաքական հրավիրվում են, հուսով եմ ինձ էլ կնկատեն երբևէ:
- Դիտե՞լ եք հավաքականի հանդիպումը Կոսովոյի դեմ։ Ձեր թիմակից Մուհարեմ Յաշարին Կոսովոյի կազմում մասնակցում էր մեր ընտրանու դեմ խաղին։ Զրուցե՞լ եք խաղից հետո նրա հետ։
- Յաշարիի հետ զրուցել ենք, թե՛ խաղից առաջ, թե՛ հետո։ Ես նրան ասացի, պինդ եղեք, շատ բարդ խաղ է սպասվելու, բայց խաղից հետո նա էր հումորներ անում։ Հաճելի չէր, բայց ես նրան ասացի, որ երբ մենք հանդիպենք իրար խաղադաշտում ամեն բան այլ կլինի։
- Եթե նույն ժամանակահատվածում հրավեր ստանաք և՛ Հայաստանի, և՛ Ուկրաինայի հավաքականներից, ո՞ր հավաքականը կընտրեք։
- Ես արդեն խաղացել եմ Ուկրաինայի հավաքականի տարբեր տարիքային կազմերում։ Երևի այդ շրջանն իմ կայնքում ավարտվել է։ Իմ մտքերն արդեն մի քանի տարի է կապված է Հայաստանի հետ։ Ես դա քննարկել եմ ընտանիքիս հետ։ Շատ եմ սիրում Ուկրաինան, այն ինձ շատ բան է տվել, բայց ուզում եմ խաղալ Հայաստանի կազմում։ Իմ արմատներն այստեղ են։
- Նոր ակումբ տեղափոխվելու մասին ի՞նչ կասեք։
– Ղեկավարության հետ դեռ չենք զրուցել։ Այս պահին միայն ուզում եմ մտածել, որ լավ մրցաշրջան կանցկացնեմ։