Նոայի մրցակիցը՝ Բուդուչնոստ Պոդգորիցա
Հայաստանի չեմպիոն «Նոան» վաղը՝ հուլիսի 8-ին, սկսում է պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։ Երևանյան թիմի առաջին մրցակիցը Չեռնոգորիայի չեմպիոն, մայրաքաղաք Պոդգորիցան ներկայացնող «Բուդու չնոստն» է, որի հետ հայկական թիմերը նախկինում երբեք չեն հանդիպել։
Մինչ կարևոր դիմակայությունը, ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր ու մանրամասներ «Բուդուչնոստի» մասին։
Պատմություն
«Բուդուչնոստը» հիմնադրվել է 1925 թվականին։ Սլավոնական լեզվախմբին պատկանող մի շարք լեզուներում ակումբի անունը թարգմանաբար նշանակում է ապագա։ 1946-ին մայրաքաղաքը ներկայացնող թիմը դարձել է չեռնոգորական առաջին ակումբը, որը հանդես է եկել Հարավսլավիայի Բարձրագույն խմբում։ Ակումբի համար «հարավսլավիական» շրջանի ամենամեծ ձեռքբերումը 1964/65 ու 1976/77 մրցաշրջաններում գավաթի խաղարկության եզրափակիչ հասնելն էր։

Միջազգային ասպարեզում «Բուդուչնոստը» որոշակի հաջողությունների հասել է անցյալ դարում։ 1981-ին ակումբը հաղթել է «Ինտերտոտոյի» գավաթի իր խմբում։ 10 տարի անց հասել է Բալկանյան գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ զիջել է ռումինական «Ինտերին»:
Ոչ վաղ անցյալում «Բուդուչնոստը» Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում գրեթե պայքարից դուրս էր թողել բելգիական «Գենկին»։ 2016/17 մրցաշրջանում չեռնոգորական թիմն առաջին խաղում զիջել է բելգիական թիմին՝ 0։2 հաշվով, ապա նույն հաշվով հաղթել է ու պայքարից դուրս է մնացել միայն հետխաղյա 11-մետրանոցներով։
Ներքին առաջնություններ
Ներքին առաջնություններում «Բուդուչնոստի» վերելքը սկսվել է Չեռնոգորիայի անկախացումից՝ 2006 թվականից հետո։ Պոդգորիցան ներկայացնող ակումբը դրանից հետո 7 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 6 անգամ փոխչեմպիոն, 5 անգամ՝ գավաթակիր։ Նախորդ մրցաշրջանում թիմը նվաճել է ոսկե մեդալները՝ գերազանցելով երկրորդ տեղը գրաված «Դեչիչին» 25 միավորով։ Չեռնոգորիայի առաջնության 36 խաղում թիմը տարել է 26 հաղթանակ ու գրանցել 7 ոչ-ոքի՝ վաստակելով 85 միավոր (1 խաղում 2,36 միավոր):
Մարզադաշտ

Տնային հանդիպումները «Բուդուչնոստն» անցկացնում է Պոդգորիցայի «Պոդ Գորիցոմ» մարզադաշտում, որը տեղավորում է 15 230 հանդիսական։ Այստեղ է խաղում նաև Չեռնոգորիայի ազգային հավաքականը։
Թիմը
«Բուդուչնոստի» ներկայիս կազմի գերակշիռ մասը տեղացիներ են։ Թիմի տրանսֆերային արժեքը, transfermarkt-ի գնահատմամբ, 5,22 միլիոն եվրո է։ Միջին տարիքը՝ 27,3 է, իսկ 1 ֆուտբոլիստի միջին տրանսֆերային արժեքը 180 հազար եվրո։
Ամենատարեցը թիմի դարպասապահ Միլան Միյատովիչն է՝ 37 տարեկան։ Ամենաերիտասարդը 17-ամյա հենակետային Լազար Սավովիչն է։ Ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն Միլան Վուկոտիչն է՝ 9 գոլով։ Ամենաթանկարժեք ֆուտբոլիստը 23-ամյա Օգնյեն Գասովիչն է՝ 500 հազար եվրո տրանսֆերային արժեքով։
Թիմում ընդգրկվել է մի քանի նորեկ, այդ թվում՝ լիմասոլյան ԱԵԿ-ից ժամանած Լեոնել Ստրումիան։ Իսկ ամենախոշոր տրանսֆերը թիմը կատարել էր նախորդ տարի՝ Վասիլիյե Ադժիչի վաճառքը «Յուվենտուսին» ռեկորդային 5,3 մլն եվրոյով։
Նոր մարզիչ
«Նոայի» դեմ խաղից առաջ թիմը գլխավորել է նոր մարզիչ՝ սերբ Նենադ Լալատովիչը։ Նա 47 տարեկան է, հարուստ փորձով ու արդեն հասցրել է աշխատել 20-ից ավելի ակումբներում։
Եվրոպական փորձ

«Բուդուչնոստը» բազմիցս մասնակցել է եվրագավաթային մրցաշարերի որակավորման փուլերին։ Սա կլինի նրանց 7-րդ փորձը Չեմպիոնների լիգայում: Հատկանշական է, որ նախորդ 6 դեպքից ոչ մեկում «Բուդուչնոստին» չի հաջողվել հաղթահարել 1 փուլ։
Եվրոպա լիգայում ամենամեծ հաջողությունը 2 անգամ 3-րդ փուլում հայտնվելն է։
Հիշեցնենք, որ «Նոա»-«Բուդուչնոստ» դիմակայության 1-ին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում և կմեկնարկի 20։00-ին։ Պատասխան խաղը՝ հուլիսի 15-ին՝ 23։00-ին։