Սան Մարինոյի «Երեք ծաղիկները». Կոնֆերենցիաների լիգայում Փյունիկի առաջիկա մրցկացի հետքերով
«Փյունիկն» այսօր՝ հուլիսի 10-ին, սկսում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում։ Երևանյան թիմի առաջին մրցակիցը Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորին» է, որի հետ հայկական թիմերը երբեք չեն հանդիպել։
Մինչ կարևոր դիմակայությունը, ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր ու մանրամասներ երևանյան թիմի առաջիկա մրցակցի մասին։
Պատմություն

«Տրե Ֆիորին» հիմնադրվել է 1949 թվականին։ Այն ներկայացնում է երկրի 9 ամրոցներից Ֆիորենտինոն։ Թիմի անվանումն իտալերենից թարգմանաբար նշանակում է «Երեք ծաղիկներ»։ «Տրե Ֆիորին» Սան Մարինոյի 8-ակի չեմպիոն ու գավաթակիր է, 6 անգամ էլ հաղթել է երկրի Սուպերգավաթը։
Ակումբը վերջին անգամ ներքին առաջնությունում հաղթել է 2019/20 մրցաշրջանում, իսկ 2024/25 մրցաշրջանում գրավել է 3-րդ հորիզոնականը։
Մարզադաշտ
Թիմն իր տնային հանդիպումներն անցկացնում է Ֆիորենտինոյում գտնվող Ֆեդերիկո Կրեսենտինիի անվան մարզադաշտում, սակայն եվրագավաթային խաղերն ընդունում է Սան Մարինոյի համանուն մարզադաշտում, որը կառուցվել է 1969-ին ու տեղավորում է 7000 հանդիսական։
Թիմը

«Տրե Ֆիորիի» ներկայիս կազմում բացառապես Իտալիայի ու Սան Մարինոյի քաղաքացիներ են։ Թիմի տրանսֆերային արժեքը, transfermarkt-ի գնահատմամբ, 1,07 միլիոն եվրո է։ Միջին տարիքը՝ 27,1 է, իսկ 1 ֆուտբոլիստի միջին տրանսֆերային արժեքը 41 հազար եվրո։
Ամենատարեցը թիմի դարպասապահ Միկելե Նարդին է՝ 39 տարեկան։ Ամենաերիտասարդը 18-ամյա կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Դոմենիկոնին է։ Ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն 36-ամյա Մատեո Պրանդելին է, որը 29 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ։ Ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Թոմասո Բերնարդին է՝ 150 հազար եվրո տրանսֆերային արժեքով։
Թիմի համալրումներից 2-ը ներքին առաջնությունից են, 1-ը՝ Իտալիայի Դ Սերիայից։
Մարզիչը
Թիմի գլխավոր մարզիչն իտալացի 42-ամյա մասնագետ Դանիլո Գիրոլմոնին է։ Նա այս պաշտոնում նշանակվել է 2024 թվականից։ Նրա օրոք թիմը մեկ խաղում վաստակում է 1,88 միավոր։ Անցկացրած 42 խաղում նա տոնել է 24 հաղթանակ, 7 հանդիպում ավարտել ոչ-ոքի ու կրել 11 պարտություն։
Եվրոպական փորձը
«Տրե Ֆիորին» առաջին անգամ է հանդես գալու Կոնֆերենցիաների լիգայում։ Մինչ այդ ակումբը 4 անգամ մասնակցել է Չեմպիոնների լիգայի, 3 անգամ՝ Եվրոպա լիգայի որակավորման փուլերին։
ՉԼ-ում 1-ին փորձը 2009/10 մրցաշրջանում էր՝ որակավորման 1-ին փուլում, որտեղ Անդորրան ներկայացնող «Սան-Ժուլիայի» հետ 2 հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի՝ 1։1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով «Տրե Ֆիորին» զիջեց 4։6 հաշվով։
Հաջորդ երկու մրցաշրջաններում Սան Մարինոն ներկայացնող ակումբը զիջեց համապատասխանաբար չեռնոգորական «Ռուդարին» (դիմակայությունում 1։7) և Մալթան ներկայացնող «Վալետային» (դիմակայությունում 1։5)։

Արդեն 2020/21 մրցաշրջանում, 1-խաղյա դիմակայությունում, որակավորման փուլ դուրս գալու համար անցկացված փլեյ-օֆֆում, «Տրե Ֆիորին» 0։2 հաշվով զիջեց հյուսիսիռլանդական «Լինֆիլդին»։
Եվրոպա լիգայի որակավորման 3 փորձերը ևս անհաջող են դասավորվել «Տրե Ֆիորիի» համար։
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Տրե Ֆիորի» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին՝ Սան Մարինոյում։ Մեկնարկը՝ ժամը 23։00-ին։ Պատասխան խաղը կկայանա հուլիսի 17-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20։00-ին։