Ոչ մի անգամ չեմ փոշմանել Հայաստանի հավաքականն ընտրելու համար. Սպերցյան
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ չի ափսոսում, որ ընտրել է Հայաստանի հավաքականը Ռուսաստանի փոխարեն։
«Մարդիկ գրում են, որ ես ընտրել եմ Հայաստանը՝ հեշտ ճանապարհը: Բայց ես Հայաստանը ընտրել եմ դեռ 2021 թվականի մարտին, երբ ոչինչ չկար: Բանն այլ էր: Ես չեմ խաղացել Ռուսաստանի ոչ մի հավաքականում, նույնիսկ երիտասարդական թիմում: Հիշում եմ հավաքականն ընկերական խաղեր էր անցկացնում, երբ ես ՖԱԼ-ում լավագույն ռմբարկու էի: Այդ խաղերին ցանկանում էին բոլորին հրավիրել ու տեսնել գործի մեջ: Եվ ես այդ ցանկում չկայի: Փոխարենը կային խաղացողներ, ովքեր ՖԱԼ-ում փոխարինման էին դուրս գալիս: Ես նստեցի ու մտածեցի. «Ինչպե՞ս է սա հնարավոր: Էլ ի՞նչ պետք է անեմ, որպեսզի հայտնվեմ հավաքականում: Դա վերջին կետն էչ: Ոչ մի անգամ չեմ փոշմանել Հայաստանի հավաքականն ընտրելու համար: Եվ հիմա էլ չեմ փոշմանում»,- ասել է Սպերցյանը Championat-ի հետ զրույցում:
Նա նաև նշել է, որ Հենրիխ Մխիթարյանի հետ շփվում ու նամակագրական կապ ունի և կարող է նրան ընկեր անվանել։ Սպերցյանը պատմել է, թե ինչ կարևոր խորհուրդ է ստացել Մխիթարյանից:
«Սրտիդ լսիր, սա վերաբերում է և՛ ազգային հավաքականին, և՛ Եվրոպային, խորհուրդներ գուցե շատ են եղել, բայց պետք է միայն սրտով որոշել, որպեսզի հետո չփոշմանես: Իհարկե, ես ինքս դա հասկանում եմ, բայց կարևոր էր դա լսել Հենրիխից»,- ընդգծել է Սպերցյանը։
Նա հաստատել է, որ Հայաստանում երկրպագուները չեն թաքցնում իրենց սերն իր հանդեպ։
«Օդանավակայանում ինձ մարդկանց մեծ բազմություն դիմավորեց. ես շոկի մեջ էի: Հետո առաջին խաղը եղավ, գոլ խփեցի Ռումինիային: Դրանից հետո մտանք ռեստորան, ամեն ինչ ինձ համար արեցին, հաշիվը փակեցն: Գնում եմ օդանավակայան, տաքսու վարորդն ասում է՝ «Ես քեզնից գումար չեմ վերցնի, Սպերցյան ջան»: Ես, իհարկե, նրան համոզեցի վերցնել գումարը, քանի որ այդպես չէր լինի: Բայց դա մի կողմ, ամենահետաքրքիրը եղավ ինքնաթիռում: Ինձ միայնակ էին նստեցրել, ոչ բիզնես կարգում, այդ ինքնաթիռում դա չկար: Բայց ինձ նստեցրին վերջին շարքերում՝ վթարային ելքի մոտ: Հանուն ինձ ազատեցին դիմացի երկու և հետևի 3 շարքերը: Այսինքն ես լրիվ մենակ նստեցի՝ շատ հանգիստ պայմաններում: Իսկ երբ ժամանեցինք Կրասնոդար, առաջինը դուրս թողեցին ինքնաթիռից: Նստել ու մտածում էի՝ «Մի՞թե միշտ այսպես է լինելու» (ծիծաղում է): Իհարկե, ամեն անգամ այդպես չէ, բայց երբ կա արդյունք, մենք ուրախացնում ենք մարդկանց. միշտ շոկ եմ ապրում հարաբերություններից»,- ասել է ֆուտբոլիստը:
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում վերջերս ավարտվել է ընտանեկան տան շինարարությունը։ «Իմ հոգուց մեծ քար ընկավ: Հիանալի էր: Նման բաները պետք են»,- համոզված է նա։