Հայաստանի Գավաթ․ Փյունիկը հաղթեց Գանձասարին՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն ու ռեկորդակիր (տեսանյութ)| Հայաստանի Գավաթ․ Փյունիկ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Առաջին խմբի ներկայացուցիչը հաղթահարեց ԲԿՄԱ-ի արգելքը՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է ամերիկացի նորեկներին| Հայաստանի Գավաթ․ Անդրանիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր|
Կարիերաս այլ կերպ կդասավորվեր, եթե իմ կյանքում չհանդիպեի որոշ մարդկանց․ Վիուլեն Այվազյանը՝ կարիերան ավարտելու, ԱՄՆ տեղափոխության մասին
14 Փետրվար 2025 |  906

Կարիերաս այլ կերպ կդասավորվեր, եթե իմ կյանքում չհանդիպեի որոշ մարդկանց․ Վիուլեն Այվազյանը՝ կարիերան ավարտելու, ԱՄՆ տեղափոխության մասին

Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը` Վիուլեն Այվազյանը 4 տարի առաջ 27 տարեկանում ավարտեց կարիերան ու տեղափոխվեն ԱՄՆ, որտեղ զբաղվում է մարզչական աշխատանքով։ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում՝ այդ թվում  երիտասարդական հավաքականում փայլուն խաղեր անցկացրած ֆուտբոլիստը Sportmedia.am-ի հետ զրույցում խոսել է կարիերան շուտ ավարտելու, ԱՄՆ տեղափոխության, հայկական ֆուտբոլի և այլ թեմաների մասին։  

Վիուլեն Այվազյանը կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», որից հետո տեղափոխվել է  Գյումրիի «Շիրակ»։ Հանդես է եկել նաև լատվիական «Վենդսպիլսում», Բելառուսի «Դնեպրում», «Սևանում»,  Չարենցավանի «Վանում»։

-Վիուլեն, ներկայումս բնակվում եք ԱՄՆ-ում ու մարզչական գործունեություն ծավալում։ Որտե՞ղ և ի՞նչ թիմ եք մարզում այժմ:

-Այո, տևական ժամանակ է, ինչ տեղափոխվել ու բնակվում եմ Լոս Անջելեսում՝ Գլենդել քաղաքում։  Այստեղ մարզչական գործունեություն եմ ծավալում LA International ակումբում, որը տարիներ առաջ հիմնել են ընկերներս՝ նախկին ֆուտբոլիստներ Արթուր Մինասյանը և Գևորգ Կարապետյանը։ Նրանցից բավական երկար ժամանակ է պահանջվել, որպեսզի ակումբը հասնի այն մակարդակին, որում հիմա է։

- Ինչպե՞ս եկաք մարզչի աշխատանքն սկսելու գաղափարին։

- Դեռ ֆուտբոլիստ եղած տարիներին ես վստահ էի, որ կարիերաս ավարտելուց հետո մնալու եմ ֆուտբոլում՝ որպես մարզիչ, քանի որ ինձ միշտ հետաքրքիր է եղել այն, ինչ կատարվել է խաղադաշտում, դրվագների վերլուծությունը, միշտ փորձել եմ ամենահետաքրքիր մտահղացումները կյանքի կոչել։ Կիրքը դեպի ֆուտբոլ անսպառ է և այն կմնա ինձ հետ մինչև կյանքիս վերջ։ Իմ առօրյայի մեծ մասը՝ 80-90 տոկոսը զբաղեցնում է ֆուտբոլը։ Ես այն չեմ համարում աշխատանք, այլ այն ապրելակերպ է և իմ կյանքի անբաժան մասը։

- Կպատմե՞ք ակումբի մասին։ Քանի՞ թիմ ունեք, և ընդհանուր առմամբ քանի՞ երեխա է մարզվում այնտեղ։

- Ակումբում ունենք 2009-ից մինչև 2020 թվականը ծնված երեխաներ, որոշ տարիքայինների համար նաև մի քանի թիմ՝ ըստ որակների ու պատրաստվածության աստիճանի։ Այսինքն՝ առաջին թիմում խաղում են ուժեղագույնները, իսկ 2-րդ և 3-րդ թիմրում ընթանում է պայքար՝ առաջինում հայտնվելու համար։ Այդ քաղաքականության շնորհիվ մենք կարողանում ենք ստեղծել մարտունակ թիմեր, որոնք հաջողությամբ հանդես են գալիս միջազգային մրցաշարերում և համալրում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների շարքերը, իսկ երկրորդ թիմում մարզվողներն ունենում են լրացուցիչ մոտիվացիա էլ ավելի մեծ բարձունքների հասնելու համար։ Ակումբի 90 տոկոսը կազմում են հայ երեխաները։ Կան շատ տաղանդավոր երեխաներ, որոնց հետ ճիշտ աշխատանք տանելու դեպքում մեծ հաջողություններ կունենան։

- Այս տարիների ընթացքում ի՞նչ միջազգային մրցաշարերի եք մասնակցել։ Եղե՞լ են լուրջ նվաճումներ թե՛ անհատապես ֆուտբոլիստների, թե՛ ակումբի կողմից։

- Բավական մեծ փորձ ունենք տարբեր մրցաշարերի մասնակցելու, ունենք տարբեր մրցանակներ, որոնք ձեռք ենք բերել հաղթելով բավականին ուժեղ ակումբների մասնակցությամբ մրցաշարեր՝ Սան Դիեգո, Լաս Վեգաս, Դալաս, Թեմեկուլա, Օուշըն Սայդ։  Շատ դժվար է 300-400 հոգու մեջ ընտրություն կատարող թիմով ոտք մեկնել ակումբների դեմ, որոնք ունեն 1000-ից ավելի ընտրության հնարավորություն։ Շատ մեծ է նաև մարզչական անձնակազմի աշխատանքը, որոնք ամեն ինչ անում են երեխաներին կրթելու և դաստիարակելու հարցում։ Նրանք անում են ամեն ինչ, որ մեր լավագույն սաները մոտ ապագայում հանդես գան էլ ավելի բարձր մակարդակի վրա։

- Զարգացման ի՞նչ ծրագրով եք առաջնորդվում՝ երեխաներին կրթելիս։

- Մենք ունենք զարգացման ու առաջխաղացման ծրագիր, որը բաղկացած է 3 կետից, որոնք մեզ մոտ մարզվողներին դարձնում են են նախ խելացի և պիտանի անհատ իր ընտանիքի և հասարակության համար, և, միևնույն ժամանակ, նպատակասլաց մարզիկ, որն ունակ է հաղթահարելու տարբեր դժվարություններ դաշտում և կյանքում։ Այդ 3 կետերն են.

Ա. Դաստիարակություն

Բ. Կրթություն

Գ։ Կարգապահություն

Այս երեք որակների առկայությունը կարևոր նախապայման է մեր ակումբի գործունեության մեջ և մենք բացառապես աշխատում ենք նման երեխաների հետ։ Ես իմ թիմի երեխաներին միշտ նշում եմ, որ, բնականաբար, նրանցից ոչ բոլորն են դառնալու ապագայում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ։ Իհարկե, դա բոլորովին չի նշանակում, որ նրանք պետք է հիասթափվեն և չպայքարեն իրենց երազանքի համար, պարզապես այդ պատճառով կրությունն ու ուսումը պարտադիր են ինձ համար։ Բացի դրանից, դաշտում, ոտքերին, ինչպես գիտենք, ազդակ է ուղարկում հենց ուղեղը, և ֆուտբոլը ավելի շատ խաղում են ուղեղով, իսկ ոտքերը հանդիսանում են գործիք։ Արագ մտածելու և գործելու համար դու ստիպված ես անընդհատ մարզել ուղեղը, իսկ այն բավական ծույլ օրգան է՝ անգործության մատնելու դեպքում շատ արագ կարող ես կորցնել ու մոռանալ իմացածդ։ 

- Համագործակցու՞մ եք հայկական մանկապատանեկան դպրոցների կամ ֆուտբոլային այլ կառույցների հետ։

- Մեր ակումբի սպորտային տնօրեն Արամ Ղահրամանյանը հիմնել է PAYFA (PanArmenian Youth Football Association) երիտասարդական համահայկական ասոցիացիան, որը համագործակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որի նպատակն է բացահայտել սփյուռքում գտնվող տաղանդավոր երեխաներին, ու ստեղծել նրանց համար հնարավորություն՝ համալրելու տարբեր տարիքային հավաքականներ։

PAYFA-ն ամեն տարի գարնանը մեկնարկ է տալիս մինչև 14 տարեկան երեխաների հավաքին, որը տեղի է ունենում Լոս Անջելեսում։ Այն հնարավորություն է տալիս այն երեխաներին, որոնք ունեն հայկական արմատներ ու ցանկություն՝ հանդես գալ մեր հավաքականներում ու ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում։ Լավագույնները միանում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքաններին, իսկ հետագայում նաև հրավերներ ստանում պաշտոնական խաղերի ժամանակ։ Այս տարվա ապրիլին ևս 2012 թվականին ծնված երեխաները կժամանեն Լոս Անջելես և այստեղ նախկինում անվանի ֆուտբոլիստները, իսկ ներկայումս բանիմաց մարզիչները պետք է բարդ որոշում կայացնեն ու ընտրեն նրանցից լավագույններին։ Նրանք էլ կմեկնեն Հայաստան և կմասնակցեն Հայաստանի պատանեկան ընտրանու հավաքներին

- Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում ու ի՞նչ ակնկալիքներ ունեք։

- Ներկա պահին 2016 թվականների իմ թիմը մասնակցում է Կալիֆորնիա նահանգի գավաթի խաղարկությանը, որին մասնակցում է մոտ 80 ակումբ։ Մեր թիմը հասել է քառորդ եզրափակիչ, պատրաստվում ենք քառորդ ու կիսաեզրափակիչ փուլերի խաղերին։ Մեր մյուս՝ 2017 թվականին ծնված թիմն էլ պատրաստվում է 1/8-րդ եզրափակիչում կայանալիք խաղին։
2009 և 2010 թվականների թիմերը մասնակցելու են Vegas Cup հեղինակավոր մրցաշարին, որտեղ ամեն տարի ամբողջ աշխարհից ժամանում են ուժեղագույն ակումբներ, ու շատ թեժ պայքար է ծավալվում։ Այս տեսակի մրցաշարերի մասնակցելու փորձը շատ եմ կարևորում, քանի որ նման ուժեղ թիմերի դեմ խաղալով մեր սաներն էլ զգալի աճ են գրանցում։
Մարտի 21-ից 23-ը նախատեսում ենք մասնակցել Արիզոնա նահանգում կայանալիք Phonex Cup մրցաշարին 2012, 2013, 2015, 2016 և 2017 թվականին ծնված երեխաներով։ Այս մրցաշարին նույնպես տեղի թիմերից են մասնակցում ու շատ հետաքրքիր պայքար ծավալում։

-Ո՞րն եք համարում Ձեր գլխավոր առաքելությունը մարզչական կարիերայում:

- Մարզչական կարիերայում իմ գլխավոր առաքելությունը համարում եմ երեխաներին կրթելը, քանի որ նրանց հետ աշխատելուց շատ մեծ բավականություն եմ ստանում։ Իհարկե, հետագայում ցանկանում եմ մասնագիտական ավելի մեծ փորձ ու աճ ունենալ, չնայած կարծում եմ, որ ցանկացած մարզիչ պետք է իր կարիերայի ձևավորման սկզբնական շրջանում երեխաների հետ զբաղվի, իմանա նրանց հոգեբանությունը, ճանաչի ներաշխարհն ու բացահայտնի ֆիզիկական ու մտավոր ունակությունները։ Տարբեր երեխաների հետ աշխատանքն էլ իր հերթին տարբեր մոտեցումներ է պահանջում. մեկը նույն տարիքում շատ ավելի հասուն է, մյուսը դեռ հասունացման փուլում է, ունեն տարբեր խառնվածքներ։ Իմ նպատակն է՝ երեխաների մեջ սեր առաջացնել ֆուտբոլի հանդեպ և որ նրանք հաճույք ստանան այդ ամենից ու, հավատալով ու ընդունելով մարզչին, կատարեն նրա առաջադրանքները։ Չի կարելի ստիպողաբար կամ վախի մթնոլորտում երեխային պարտադրել ինչ-որ գործողություններ անել խաղադաշտում, ճնշումը պետք է լինի բավարար չափով ու չվերածվի պարտավորվածության։ Ուստի ծնողներից ևս պահանջում եմ լինել տոլերանտ ու միանգամից շատ մեծ սպասելիքներ չունենալ երեխաներից, որոնք նա այդ տարիքում չի կարող արդարացնել։ Այդպես հնարավոր է վնասել երեխային հոգեպես, որն էլ շատ ծանր կանդրադառնա նրա հետագա ձևավորման վրա։ Այդ պատճառով, խորհուրդ եմ տալիս ծնողներին, որ եթե որոշել են, որ իրենց երեխային պետք է կրթի տվյալ մարզիչը, չմիջամտեն գործընթացին նման բարդություններից խուսափելու համար։

- Մի փոքր Ձեր մասին խոսենք: Շատ չի անցել այն պահից, երբ հետևում էինք Ձեր խաղերին՝ որպես ֆուտբոլիստ։ Արդյո՞ք հեշտ կայացրիք կարիերան վաղաժամ ավարտելու որոշումը։

- Ովքեր ճանաչում են ինձ հայկական ֆուտբոլից, գրեթե բոլորը գիտեն կարիերաս վաղաժամ ավարտելու ու Հայաստանից հեռանալուս պատճառների մասին։ Այդ ամենը չի եղել իմ կամքով, այլ եղել է մարդկանց ու արտաքին ուժերի ճնշման տակ։ Ցավոք, կյանքում ամեն բան չի լինում այնպես, ինչպես ուզում կամ ծրագրում ենք, բայց կյանքը նոր մարտահրավեր է նետել ինձ, ու ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ, ձեռք բերեցի լավ ընկերներ ու բարեկամներ, աշխատում եմ այնպիսի ակումբում, որտեղ բոլորս աջակցում ենք միմյանց ու նման ձևով էլ օգնում մեր հայ երեխաներին հասնելու իրենց նպատակներին։ Մեր ակումբը, անշուշտ, իր մարզչական կազմով լավագույնն է տարածաշրջանում, բոլորս կիսվում ենք մեր խաղացած տարիներին կուտակած գիտելիքներով ու առողջ քննարկումների ու վերլուծությունների շնորհիվ միշտ գտնում ենք այս կամ այն իրավիճակից դուրս գալու ելքը։

-Շատ երկրպագուներ չգիտեն, թե ո՞րն էր կարիերան շուտ ավարտելու պատճառը։ Կմանրամասնե՞ք, թե ինչի մասին է խոսքը։

-Ժամանակին, երբ հանդես էի գալիս Երևանի «Փյունիկում» և աչքի էի ընկնում բարձր արդյունավետությամբ, իմ նկատմամբ սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել եվրոպական ակումբները։ Ամենաշատը մոտ էին Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և իսպանական «Էպանյոլը»։ Երկու ակումբի հետ էլ եղել են բանակցություններ։ Ես պատրաստ եմ եղել տեղափոխվել այդ ակումբներից յուրաքանչյուրը, սակայն «Փյունիկի» ղեկավարությունն ունեցել է ֆինանսական մեծ ախորժակ և իմ տրանսֆերի դիմաց պահանջել է ոչ միայն աստղաբաշխական գումար, այլև հետագա տրանսֆերից որոշակի տոկոս։ Այդքանից հետո տարաձայնությունները լրջացան ու հասան գագաթնակետին։ Այդ ժամանակ ես շատ երիտասարդ էի ու իմ առաջին մրցաշրջանն էր Բարձրագույն լիգայում։ Այդ տարաձայնություններից հետո ես ստիպված էի մեկուկես տարի չխաղալ, քանի որ «Փյունիկի» ղեկավարությունը հրաժարվում էր բաց թողնել ինձ, ու դրա հետ մեկտեղ խաղաժամանակ չէին տրամադրում։ Զարմանալի է, որ նաև թույլ չէին տալիս, որ մարզվեի  թիմի հետ։ Փաստացի, ես չէի կարող փոխել ակումբս, բայց չէի էլ կարող խաղալ։ Այս ամենը շատ մեծ ազդեցություն ունեցավ կարիերայիս վրա։ Ճիշտ է, երկու տարի անց տեղափոխվեցի «Շիրակ» ու առաջին մրցաշրջանում դարձա թիմի լավագույն ռմբարկու, սակայն, այդ բաց թողած ժամանակահատվածը մեծ ազդեցություն թողեց կարիերայիս վրա։ Ի դեպ, երբ «Շիրակով» ընկերական խաղ անցկացրինք «Լոս Անջելես Գալքսիի» հետ, ես դարձա գոլի հեղինակ։ Նույնիսկ խոսակցություններ կային, որ Լոս Անջելեսի թիմը հետաքրքրված է ինձանով, սակայն գրեթե նմանատիպ պատմություն կրկվեց նաև «Շիրակում»։ Շատ չեմ ցանկանում, բայց այս ամենը եղածի միայն փոքր մասն է։

-Ո՞րն եք համարում Ձեր ֆուտբոլիստի կարիերայի ամենամեծ նվաճումը:

-Ֆուտբոլիստի կարիերայում բավական նվաճումների եմ հասել. կնշեմ Բարձրագույն խմբում հանդես եկած առաջին տարիներս, երբ 16-17 տարեկանում 15 գոլի հեղինակ դարձա, Եվրոպա լիգայի խաղարկությունում 3 գոլ հեղինակեցի, նույն ժամանակ առաջին անգամ հրավիրվեցի մինչև 21 տարեկանների հավաքական, որից հետո նաև հրավեր ստացա ազգային հավաքականից Կիպրոսում։ Շատ բան այլ կերպ կդասավորվեր, եթե իմ կյանքում չհանդիպեի որոշ մարդկանց, ովքեր ակտիվորեն խոչընդոտեցին իմ կարիերայի հետագա զարգացումը, բայց ես չեմ ափսոսում ու կարծում եմ, որ ֆուտբոլը հիասքանչ է նաև այս ամենով հանդերձ։

-Կա՞ բացթողում Ձեր ֆուտբոլային կարիերայում, որը դուք չեք ցանկանա, որ կրկնեն Ձեր սաները:

-Ֆուտբոլային կյանքում բացթողումներ կան, ու ես իմ օրինակներով բացատրում եմ իմ սաներին, թե ինչն է պետք և ինչը չի կարելի անել խաղադաշտում, հույս ունեմ, որ բոլորն ընդունում են իմ խորհուրդները։ Նրանց համար ես անում եմ և կանեմ ամեն հնարավորը, որպեսզի հասնեն բարձր մակարդակների ու զգան խաղադաշտում լինելու իրական քաղցրությունը ու անելու այն, ինչ իրենց մոտ ստացվում է ամենալավը։ Դրանք զգացողություններ են, որ չեմ կարող փոխանցել բառերով, դրանք պետք է ապրել խաղադաշտում։

-Հետևո՞ւմ եք Հայաստանի առաջնության հանդիպումներին։ Ինչպիսի՞ն է հիմա Բարձրագույն լիգայի մակարդակը։  

-Ստացվում է, որ վերևում գտնվող 4 թիմերը որակական առումով շատ են տարբերվում մյուս թիմերից, բայց կարող եմ առանձնացնել «Վանին», որն իր բյուջեի համեմատ մարտունակ թիմ է կառուցել և ամբիցիոզ ակումբ է, որը նպատակ է դրել իր առաջ ու այս պահի դրությամբ կարողանում է որոշակի խնդիրներ լուծել։ Կարծում եմ, որ չեմպիոնության գլխավոր ֆավորիտը «Նոան» է, որն առանձնանում է մյուս բոլոր թիմերից  անհատական ֆուտբոլիստների որակով։  

-Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի մասին։ Ի՞նչ շանսեր ունենք Վրաստանի հետ դիմակայությունում։

-Կարծում եմ, որ նախորդ մրցաշրջանը ձախողված էր։ Ընդհանրապես, բոլոր տարիքային հավաքականները հետընթաց են ապրում։  17-ից մինչև 21 տարեկանների հավաքականներն իրենց խմբերում հետնապահ են, բայց կարծում եմ սա սխալ աշխատանքի արդյունք է։ Եթե նայենք հենց հարևան Վրաստանին, ապա գրեթե բոլոր թիմերում մեկնարկային կազմի խաղացողների մեծ մասը վրացիներ են, դրա համար տարբեր տարիքային հավաքականները հաջողություններ են գրանցում։ Ամենակարևոր նախապայմաններից մեկը դա է, որ պետք է տեղացի ֆուտբոլիստները խաղաժամանակ ստանան ու ամենակարևորը՝ մանկապատանեկան ֆուտբոլում պետք է ճիշտ աշխատանք տարվի։ Որքան էլ ծեծված թեմա է, միևնույն է՝ դա իրականությունն է։ Եթե մանկապատանեկան ֆուտբոլում ճիշտ հիմք չդրվի, չի կարող հաջողություն լինել։  

Օգտագորվել են լուսանկարներ՝ Armsport.am կայքից

Նախորդ հոդվածը
Հայաստանն այսօր ներկայացուցիչ կունենա նաև Պարադահուկավազքի աշխարհի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։