Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Հայաստանի Գավաթ․ Շիրակը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով 1-ին խմբի ներկայացուցչին| Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հյուսիսային Իռլանդիային| Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար|
Հայ 2 ըմբիշ կգոտեմարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար
30 Հուլիս 2025 |  197

Հայ 2 ըմբիշ կգոտեմարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ընթացող ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի երկու ըմբիշներ՝ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն ու 60 կգ քաշային Զավեն Մեժլումյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար:

Աճեմյանն այսօր սփոփիչ գոտեմարտ է անցկացրել Եգիպտոսի ներկայացուցչի հետ և 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ իրավունք ստանալով պայքարելու մեդալի համար: Բրոնզե մեդալի համար Աճեմյանը կգոտեմարտի թուրք Փոլատ Քարադենիզի հետ:

Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտում 5:0 հաշվով առավելության է հասել մեքսիկացի ըմբիշի նկատմամբ, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում ուժերը կչափի Ուկրաինայի ներկայացուցիչ Դենիս Սերեդինի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը ոսկե մեդալ էր նվաճել Աթենքում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Նազարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ հաջորդաբար հաղթելով ամերիկացի, ադրբեջանցի, ֆրանսիացի և ուկրաինացի մրցակիցներին: Եզրափակչում հայ ըմբիշը 5։4 հաշվով առավելության էր հասել վրացի Էրեկլե Տավբերիձեին նկատմամբ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արարատ Ավետիսյանը (45 կգ), Մարտին Մանջիկյանը (48 կգ), Մերուժան Մխիթարյանը (55 կգ), Ռոման Ուսոյանը (71 կգ), Հայկ Մեղրիյանը (80 կգ), Պետրոս Բաղրամյանը (92 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ) տարբեր փուլերում պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

Ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 3-ը: Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին: Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել Լևիկ Ավետիսյանը (45 կգ), Դավիթ Բալեյանը (48 կգ), Մհեր Հակոբյանը (51 կգ), Արմեն Պապիկյանը (55 կգ), Համլետ Անտոնյանը (60 կգ), Ավետ Բոյմուշակյանը (65 կգ), Եղիշե Մոսեսյանը (71 կգ), Վաչե Ասլանյանը (80 կգ), Ավետ Ենգոյանը (92 կգ) և Լաերտ Մովսեսյանը (110 կգ):

Նախորդ հոդվածը
Կանանց Չեմպիոնների լիգա. Փյունիկի աղջիկների թիմը դուրս է եկել որակավորման փուլի եզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Հայ ծանրորդը պատանիների ԵԱ-ում փոքր ոսկե մեդալ է նվաճել

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։