Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Հայաստանի Գավաթ․ Շիրակը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով 1-ին խմբի ներկայացուցչին| Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հյուսիսային Իռլանդիային| Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար|
Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին
07 Օգոստոս 2025 |  274

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

2029 թվականին Հայաստանում նախատեսված ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝  Վանաձորի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային:

Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ՝ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ 

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ ներկայացրել են հայտ՝ աշխարհի Մ20 տարեկանների առաջնության կազմակերպման նպատակով: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) իր աջակցությունն է հայտնել համատեղ հայտի ներկայացմանը, սակայն վերջնական հաստատման համար անհրաժեշտ է արդիականացնել ֆուտբոլային ենթակառուցվածքները՝ այդ թվում կառուցել կամ վերակառուցել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի առնվազն մեկ մարզադաշտ։

Հայաստանում նմանօրինակ մարզադաշտերի առկայությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվել և ամրագրվել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ, որով, մասնավորապես, սահմանվել է ՀՀ-ում 3 մարզադաշտերի կառուցման (այդ թվում` 1-ը ազգային) պահանջը: Երեք մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10 հազար նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35 հազար նստատեղով։ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։ 10 հազար նստատեղ ունեցող մարզադաշտերից մեկի համար, երկարատև բանակցությունների և ուսումնասիրությունների արդյունքում, ընտրվել է Վանաձորը, որտեղ արդեն առկա է հին, չշահագործվող մարզադաշտ՝ 3 հազար նստատեղով (ՈՒԵՖԱ 2-րդ կատեգորիա)։ Նախատեսվում է իրականացնել լայնածավալ վերակառուցում, ընդլայնել նստատեղերի հատվածը և ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխան ենթակառուցվածքներ։

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքը վստահվելու է միջազգային փորձ ունեցող օտարերկրյա կազմակերպությանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է գնային երկու առաջարկ և ընտրել է նվազագույն գին ներկայացրած «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ–ին, որին  «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կհատկացվի շուրջ 593 հազար եվրո ֆինանսավորւմ՝ նախագծային աշխատանքների համար։

Նախագծման աշխատանքները կիրականացվեն 8 ամսում, իսկ շինարարությունը, հաշվի առնելով բոլոր քաղաքաշինական և պետական փորձաքննությունները, նախատեսվում է մեկնարկել  2026 թվականի հունիսին: Շինարարությունը կտևի շուրջ 24 ամիս։

Ըստ նախագծի հիմնավորման՝ «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ–ի նախագծերից են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ֆուտբոլային մարզադաշտը, որտեղ անցկացվել են Եվրո 2020-ի խմբային փուլի երեք և 1/8 եզրափակիչ հանդիպումները, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտը, որտեղ անցկացվել է 2023 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտը, որտեղ 2018 թվականին անցկացվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները:

Նախորդ հոդվածը
Նոայի ամբողջական հայտացուցակը ԵԼ որակավորման երրորդ փուլի համար
Հաջորդ հոդվածը
Կարեն Խաչանովը հաղթել է Զվերևին և դուրս եկել Տորոնտոյի Մասթերսի եզրափակիչ

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։