Հավատացեք մեզ և մեր մոտ ամեն ինչ լավ կլինի․ Եղիշե Մելիքյան
Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը վաղը՝ սեպտեմբերի 9-ին ընդունելու է Իռլանդիայի ընտրանուն։
Հանդիպումից առաջ տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսները։
«Շատ բարդ է վերականգնել և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն, քանի որ 5։0-ն հարված է, և որքան էլ փորձենք մոռանալ, դա իր հետքը թողնում է, քանի որ մենք Հայաստանի հավաքականն ենք և ցանկացած պարտություն մեր վրա ազդել է և կազդի»։
«Պորտուգալիան և Իռլանդիան, թե՛ իրենց ոճով, թե՛ մակարդակով տարբեր են։ Իռլանդիան էլ է բարձր մակարդակի թիմ և շանսը նրանց դեմ հաղթանակի հասնելու ավելի բարձր է։ Դժվարություն կունենանք վաղը։ Իռլանդիան Պորտուգալիա չէ, բայց մակարդակը միջինից բարձր է»։
«Չեմ ուզենա համեմատություններ անել, բայց կարող եմ ասել, որ Իռլանդիան ունի իր խաղաոճը, որին մենք ծանոթացել ենք։ Պետք է պատրաստվել ու հասկանալ, թե ում հետ գործ ունենք»։
«Մրցակցին ինֆորմացիա չտալու համար, չեմ ասի, թե ով իրեն ինչպես է զգում»։
«Նույն օրն ենք հանդիպում անցկացրել։ Մեր առավելություններից մեկը մեր երկրպագուներն են, որոնք մեզ հավատում են։ Ես վստահ եմ, որ թիմում մենք իրար հավատում ենք, իսկ Պորտուգալիայի խաղին հասկացա, որ մեր երկրպագուներն էլ են մեզ հավատում։ Շատ շնորհակալ եմ նրանց։ Հավատացեք մեզ և մեր մոտ ամեն ինչ լավ կլինի»։
«Եթե թիմն ունի պլան և դրա մասին մրցակիցը չգիտի՝ դա արդեն անակնկալ է։ Վերլուծել ենք սխալներն ու վստահ եմ այն սխալներն են, որոնց վրա ժամանակ չեմ ունեցել աշխատելու։ Շատ բանի վրա ենք աշխատել, բայց ժամանակ է պետք՝ կառուցելու այն թիմը, որը դու ես ցանկանում։ Ինձ թվում է կես տարում էլ կկարողանամ շատ բաների հիմք դնել և այդ գոլերն այն աշխատանքի պատճառն էր, որը չէինք արել»։
«Մենք պատրաստվել ենք Իռլանդիայի դեմ խաղին։ Ունենք մեր պլանը։ Եթե ինչ-որ փոփոխություններ նկատնեք՝ մարզչական շտաբով կարողանում ենք նաև օնլայն աշխատել ու արագ կարձագանքենք։ Չեմ կարծում լուրջ փոփոխություններ կանեն, իսկ անելու դեպքում էլ մենք դրան պատրաստ կլինենք»։
«Իրատեսորեն իմ նշած ժամանակը (կես տարուց 1 տարի) բավարար է, քանի որ տեսնում եմ իմ ֆուտբոլիստների որակները։ Ես կկարողանամ իմ փիլիսոփայությունը բերել այս թիմ»։
«Շատ մի կենտրոնացեք թիմում լեզվական խնդիրների վրա։ Տեսնում եմ, որ բոլորը հայրենասեր են, սիրում են մեր երկիրն ու նվիրված են։ Նորմալ է։ Մենք հրավիրել ենք ուժեղ ֆուտբոլիստներ արտասահմանից, որոնք հայերեն չեն խոսում, բայց թիմին օգնում են։ Ես թիմում խոսում եմ և՛ հայերեն, և՛ ռուսերեն, անգլերենն էլ օգնում են։ Կոմունիկացիայի խնդիր չունեմ»։
«Մեր հավաքականն առայժմ իմ ուզած ու կառուցած թիմը չէ, որ կարողանա պատժել։ Ակումբային մակարդակում՝ վստահ եմ եղել ու ասել եմ, որ կարող ենք մրցակցին պատժել»։
«Բարսեղյանն իր բոլոր չափորոշիչներով համապատասխանում է ավագի թևկապը կրելուն։ Հետագայում փոփոխություններ կարող են լինել, բայց նա արժանի է թևկապին։ Գիտենք, որ նա բնավորություն ունեցող ֆուտբոլիստ է, դա շատ լավ է, ուղղակի իր բնավորությունը պետք է ուղղորդել դաշտ։ Ինձ մոտ դա ստացվում է, քանի որ շփվում եմ նրա հետ։ Ես չեմ խուսափում ագրեսիվ ու կոպիտ ֆուտբոլիստների հետ աշխատելուց, քանի որ նրանց հետ աշխատելու ձևերն ու մոտեցումները գիտեմ»։