BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
ԿԳՄՍ նախարարն ու ՀՖՖ նախագահը հետևել են Հայաստանում Յուվենտուսի ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին
24 Սեպտեմբեր 2025

ԿԳՄՍ նախարարն ու ՀՖՖ նախագահը հետևել են Հայաստանում Յուվենտուսի ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր այցելել են Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Շինհրապարակում նախարարին և ՀՖՖ նախագահին ներկայացվել են ակադեմիայի նախագծերը, շինարարության ընթացքը և իրականացվող աշխատանքների մանրամասները։ Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը նշել է, որ շինարարությունն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով և անգամ առաջ է անցել նախանշված գրաֆիկից։ Նրա խոսքով՝ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող ակադեմիան սաների առջև իր դռները կբացի 2026 թվականի ամռանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է շինարարական աշխատանքների առաջանցիկ տեմպերը՝ միաժամանակ կարևորելով բարձր որակի ապահովումը։ Նախարարը նշել է, որ ակադեմիայի հիմնումն առանցքային նշանակություն է ունենալու հայկական ֆուտբոլի զարգացման, երիտասարդ սաների մարզական կրթության և միջազգային համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

Նախատեսվում է, որ Ավան վարչական շրջանում կառուցվող ակադեմիան ունենալու է տարբեր չափսերի դաշտեր, իսկ 5-7 տարեկան երեխաների համար նաև արհեստական խոտածածկով փակ խաղադաշտ է կառուցվելու: Մարզաբազայում նաև հյուրանոց-կացարան է գործելու՝ եվրոպացի մարզիչների և ՀՀ տարբեր մարզերում բնակվող երեխաների համար, որոնք ընտրվելու են իտալացի տեխնիկական տնօրենի կողմից և անվճար հիմունքներով բնակվելու են այնտեղ: Ակադեմիան գործելու է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով՝ կախված երեխաների առաջադիմությունից և գրանցած արդյունքներից։

Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիան բաղկացած է լինելու 2000 սաների համար նախատեսված 3 մարզաբազայից, որոնցից երկուսը տեղակայված կլինեն Երևանի Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, իսկ 3-րդը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Յուրաքանչյուր տարի ակադեմիայի լավագույն սաներն ուղևորվելու են Թուրին՝ «Յուվենտուսի» գլխավոր ակադեմիա, որտեղ կմասնակցեն մարզումների և ընկերական խաղերի։

Նախատեսվում է, որ Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կառուցվող մարզաբազաների, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի մարզադաշտի շինարարության աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի։

Նախորդ հոդվածը
Նոա-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Տիկնիզյանը ստացել է Սերբիայի քաղաքացիություն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։