Շատ կարևոր հաղթանակ էր․ Նոան միայն մեկ անակնկալ մատուցեց․ Սիգմայի գլխավոր մարզիչը՝ Նոայի դեմ խաղից հետո
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրի «Նոա»-«Սիգմա» (1։2) հանդիպումից հետո չեխական ակումբի գլխավոր մարզիչ Տոմաշ Յանոտկան խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․
«Կարծում եմ, որ մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղում ցուցադրեց իր հնարավորությունների առավելագույնը։ Մենք շատ երջանիկ ենք, և սա մեր համար մեծ հաջողություն է։ Մենք մեր միավորներին ավելացրինք ևս 3-ը, ինչը շատ կարևոր է։ Սա հսկայական առավելություն տվեց մեզ փլեյ-օֆֆ անցնելու համար։ Բայց պետք է զգոն մնանք, քանի որ մեզ դեռ սպասվում են շատ ուժեղ մրցակիցներ»։
-Ո՞րն էր «Նոային» հաղթելու բանալին
«Կարևոր էր պաշտպանական կազմակերպված խաղը։ Թույլ չտվեցինք, որ տանտերերը խաղ կառուցեն կենտրոնով կամ եզրերով, որտեղ նրանք շատ ուժեղ են։ Տղաներին հաջողվում էր դեռ գրոհների սկզբնափուլում չեզոքացնել դրանք։ Հարձակման մեջ կարևոր էր ինքնավստահությունը հենց առաջին վայրկյանից։ Մենք խաղացինք համարձակ ու անհրաժեշտ որակով, քանի որ այս մրցաշարը ոչինչ չի ներում»։
-«Նոայի» ձախ եզրում Սանգարեն անսովոր դիրքում էր խաղում։ Ձեզ համար սա անակնկա՞լ էր։
«Կարծում եմ՝ դա միակ անակնկալն էր։ Մնացած առումներով «Նոան» նույն ձևով խաղաց, ինչպես սպասում էինք։ Պարզապես պետք էր տղաներին փոխանցել մի քանի կարևոր մանրուք։ Մեր թիմը լավ գործեց և չտվեց «Նոայի» վտանգավոր ֆուտբոլիստներին ազատ տարածություն»։
- Ինչպե՞ս ընդունեցիք, որ 2-րդ գոլից հետո, երբ թիմն էյֆորիայի մեջ էր, հանդիպումն ընդհատվեց։
«Միշտ տհաճ է խաղացողների համար, երբ ռիթմից դուրս են գալիս։ Փոխանցեցինք նրանց մի քանի մանրուք մեր խաղի և պաշտպանական գործողությունների վերաբերյալ։ Բայց դա չխանգարեց մեզ պահել խաղի որակը և շարունակել նույն կերպ»։
- Որքանո՞վ էր կարևոր այս հաղթանակը՝ փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովելու համար։
«Սա երկար մրցաշար է, և կարևոր չէ, թե երբ ես հավաքում անհրաժեշտ միավորները։ Բայց «գարնանային փուլ» դուրս գալու համար սա մեծ օգուտ էր։ Պետք է զգոն լինենք, մեզ սպասվում են դժվար հանդիպումներ՝ «Ցելյեի» և «Լեխ Պոզնանի» դեմ սեփական դաշտում, ինչպես նաև «Լինքոլնի» հետ։ Բոլոր խաղերն էլ բարդ են լինելու։ Ահա թե ինչու եմ շատ ուրախ, որ այսօր մեզ օգնեցինք»։
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի մամուլի ասուլիսին ծանոթացեք այստեղ։
Հիշեցնենք, որ «Սիգման» հաղթեց Ֆիլիպ Սլավիչեկի և Աբդուլայե Սիլայի գոլերի շնորհիվ։ «Նոայի» միակ գոլը հեղինակեց Նարդին Մուլահուսեյնովիչը։