Սա մեզ համար տարվա կարևորագույն խաղերից մեկն է․ Վահան Բիչախչյանը՝ Նոայի դեմ կայանալիք խաղի մասին
Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Երևանում կմրցի «Լեգիայի» հետ։ Լիգայի փուլի ավարտից 2 տուր առաջ Սանդր Պերկովիչի գլխավորած թիմը 5 միավորով 23-րդ տեղում է։ «Լեգիան» 3 միավորով 28-րդն է։ Հաղթանակի դեպքում «Նոան» տեսականորեն կլուծի փլեյ-օֆֆ դուրս գալու հարցերը։ Լեհական թիմը լիգայի փուլի վերջին տուրում կմրցի Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ։
«Նոա» - «Լեգիա» խաղին ընդառաջ Sportmedia.am-ը զրուցել է Հայաստանի հավաքականի ու «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի հետ։

-Վահան, վերջին խաղերին քիչ խաղաժամանակ եք ստանում թիմում։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Ձեր մարզավիճակն ու ինչո՞վ է պայմանավորված քիչ խաղաժամանակ ստանալը։
-Վնասվածք ստացա, բաց թողեցի 4 հանդիպում։ Բացի այդ, մարզչական փոփոխություն եղավ։ Հիմա լավ մարզավիճակում եմ, պատրաստ եմ խաղալ ու անմնացորդ մարզվում եմ, ինձ լավ եմ զգում ու չգիտեմ որն է պատճառը քիչ խաղաժամանակ ստանալուս։ Այն ինչ կախված է ինձնից՝ վստահ եմ լավ եմ անում, մնացածն արդեն ինձնից կախված չէ։
-Ընթացիկ մրցաշրջանն անհաջող է դասավորվում «Լեգիայի» համար ներքին առաջնությունում։ Առաջնության նախորդ 8 խաղում թիմը հաղթանակ չի տարել և գտնվում է իր համար անսովոր տեղում։ Ի՞նչն է պատճառը։
-Փոփոխություններ շատ եղան թիմում։ Կարելի է ասել առաջնությանն սկիզբը խաղում էինք գրեթե ուրիշ կազմով, այնուհետև նոր տրանսֆերներ եղան ու այդ ժամանակ էլ սկսվեցին դժվարությունները։ Մարզիչը հրաժարական տվեց ու թիմի համար արդեն հոգեբանորեն բարդ ժամանակներ էին ու ժամանակ էր պետք, որ նորից թիմը ձևավորեր, բայց ցավոք այդ ժամանակը չկա, քանի որ խաղերը շատ մոտ են։
-Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա խաղում մրցելու եք «Նոայի» դեմ։ Հայաստանի գործող չեմպիոնը ներքին առաջնությունում չի տպավորում, սակայն եվրագավաթային մրցաշրջնն անհամեմատ ավելի լավ է անցկացնում։ Ի՞նչ սպասելիքներ ունեք «Նոայի» դեմ առաջիկա խաղից։
-Միանշանակ շատ դժվար հանդիպում ենք սպասում, քանի որ մեր մոտ էլ խաղամակարդակն այն չէ, ինչ ուզում ենք, դրա համար առաջիկա խաղն այս վիճակից դուրս գալու համար լավ առիթ է։ Ծանր իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը հաղթանակն է։ Այդպես մոտենում ենք այս խաղին՝ իմանալով, որ շատ դժվար է լինելու։

-Դուք խաղալու եք Երևանում՝ հայ երկրպագուների ներկայությամբ։ Ի՞նչ զգացողություններ ունեք։
- Միշտ շատ հաճելի է գալ Հայաստան։ Ուրախ եմ շատ։ Առաջին փորձն է ինձ համար հայկական թիմի դեմ խաղալու։
-Հաշվի առնելով թիմի ոչ հաջող ելույթներն ընթացիկ մրցաշրջանում, ի՞նչ խնդիր է դրված ակումբի առաջ՝ կարելի է ասել, որ ամբողջովին կենտոնացած եք կոնֆերենցիաների լիգայի առաջիկա երկու խաղերի վրա։
-Երեք խաղ ունենք, որից 2-ը կոնֆերենցիաների լիգայում, իսկ 1-ը առաջնության։ Բոլորը շատ կարևոր են։ Փորձելու ենք հաղթել բոլոր 3 խաղերը։
-Հետևո՞ւմ եք Հայաստանի առաջնությանը։ Ինչպե՞ս կգնահատեք «Նոայի» ելույթներն ընթացիկ մրցաշրջանում։
-Այո, հետևում եմ առաջնության հանդիպումներին։ Բնականաբար հեշտ չէ չեմպիոն ու գավաթակիր դառնալուց հետո հիմա տեսնել նման պատկեր, բայց սա ֆուտբոլ է։ Շատ թիմերի մոտ է լինում նման ընթացք։ Մեր մասին էլ կարող եմ նույնը ասել։ «Նոան» լավ թիմ ունի, լավ ֆուտբոլիստներ ու բարձր նպատականեր, որոնք թույլ չեն տա թիմին հանձնվել ու կարծում եմ ակումբը դուրս կգա այս իրավիճակից։
-Որո՞նք են «Նոայի» ուժեղ ու թույլ կողմերը։
-Նոան ունի որակյալ ֆուտբոլիստներ, փորձում է խաղալ գնդակով։ Իմ կարծիքով ամեն խաղին տարբեր կերպ են մոտենում՝ կախված մրցակցից։ Կարող եմ ասել, որ ամենամեծ ուժը իրենց ֆուտբոլիստների համագործակցությունն է։ Ունեն ֆուտբոլիստներ, որ մեկը մյուսին շատ լավ ճանաչում են ու գիտեն ինչ անել խաղադաշտում՝ միմյանց լրացնելու համար։ Կարծում եմ, թիմի խաղում մեծ դեր ունեն նաև հենակետային դիրքի ֆուտբոլիստները։

-Ի՞նչպես է «Լեգիան» պատրաստվում «Նոայի» դեմ խաղին, ի՞նչ տրամադրվածություն է թիմում երևանյան խաղից առաջ ու ինչ կարծիք ունեն Հայաստանի չեմպիոնի մասին։
-Շատ լուրջ ենք մոտենում այս խաղին, քանի որ սա մեզ համար տարվա կարևորագույն խաղերից մեկն է։ Գիտենք, որ հեշտ հանդիպում չի սպասվում, սակայն ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք։
-Թիմակիցները կամ գլխավոր մարզիչը հետաքրքրվե՞լ են Հայաստանի ու հայկական ֆուտբոլի մասին։ Ի՞նչ եք ասել նրանց։
-Թիմակիցները՝ այո, մարզիչը՝ ոչ։ Ասել եմ, որ Նոան ուժեղ թիմ է, լավ ֆուտբոլիստներով ու մեզ ծանր հանդիպում է սպասվում։ Իսկ կոնկրետ Հայաստանի մասին ասել եմ՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել։ Շատերը հետաքրքրված են Հայաստանով, քանի որ առաջին անգամ են լինելու մեր երկրում։
-«Լեգիայի» երկրպագուներն ամենայն հավանականությամբ ներկա չեն լինի երևանյան խաղին՝ ՈւԵՖԱ-ի որոշմամբ։ Որքանո՞վ սա կխանգարի թիմին։
-Միանշանակ շատ ափսոսում ենք։ Շատ մեծ է իրենց դերը։ Մեր երկրպագուները Եվոպայում լավագույններից են, եթե ոչ լավագույնը։ Եթե նրանք ներկա չլինեն խաղին, միանշանակ իրենց տեղը կզգացվի։