BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Վերջին տարիներին հավաքականի կազմում ինձ լավ չէի զգում, կարծես սխալ տեղում լինեի. հատված Մխիթարյանի ինքնակենսագրականից
09 Փետրվար 2026

Վերջին տարիներին հավաքականի կազմում ինձ լավ չէի զգում, կարծես սխալ տեղում լինեի. հատված Մխիթարյանի ինքնակենսագրականից

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու ու նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» ինքնակենսագրականում խոսել է ազգային հավաքականից հեռանալու որոշման մասին․

Հատված գրքից՝

«Տրապատոնիի Իռլանդիան մեզ հաղթեց 2:1 հաշվով՝ մեզնից խլելով այդ շանսը։ 26-րդ րոպեին Բերեզովսկին հեռացվեց ձեռքով խաղի համար։ Իրականում ձեռքով խաղ չէր եղել։ Մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը, մեղմ ասած, այդ օրը դաշտում լավագույնը չէր:


Իմ հրաշալի ճանապարհը Հայաստանի հավաքականի հետ տևեց մոտ 15 տարի:

Սկսվեց Պանամայի դեմ խաղով կեղծ մարզաշապիկով, ավարտվեց 2021–ի նոյեմբերի 14–ին, Երևանում՝ Գերմանիայի դեմ խաղով, որը պարտվեցինք 1:4 հաշվով: Ոչ ոք չգիտեր, որ իմ վերջին խաղն է լինելու: Ես ինքս որոշեցի դադար տալ։ Պաշտոնական հայտարարությունն արեցի մի քանի ամիս անց: Վերջին տարիներին հավաքականի կազմում լավ չէի զգում, կարծես սխալ տեղում լինեի, թեպետ գիտեի, որ ճիշտ տեղում եմ: Մթնոլորտը թիմում և դրա շուրջը փոխվել էր: Ինձ նույնիսկ թվում էր, թե այլևս տեղ չունեմ այնտեղ՝ իմ տանը:

Կարող եմ միայն ասել, որ ազգային թիմում խաղալու համար անհրաժեշտ պայմաններն այլևս այն չէին, ինչ պետք է լինեին: Մի բան հստակ է. երբեք չեմ բղավել թիմակիցներիս վրա, երբեք նրանց մասին վատ չեմ խոսել, հանդերձարնում որևէ մեկի նկատմամբ երբեք անհարգալից վերաբերմունք չեմ ցուցաբերել։ Յուրաքանչյուր որոշում, որ ընդունել եմ հավաքականում հանդես գալու, նաև ավագության տարիներին, դրանից առաջ ու հետո, միշտ միտված է եղել մեկ բանի՝ թիմի մակարդակը բարձր պահել թե՛ խաղային, թե՛ հոգեբանական առումով:

Եվ հետո բոլոր դրական խոսքերի կողքին միշտ էլ լսվում էին կարծիքներ, որոնք դուր չէին գալիս ինձ: Ես խաղում էի «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Արսենալում», «Ռոմայում», իսկ ոմանք, միտումնավոր ու համառորեն կրկնում էին նույն արտահայտությունը. «Ակումբում լավ է խաղում, բայց երբ գալիս է հավաքական, նրա խաղի որակն ընկնում է»: Թվերը, սակայն, հակառակն են ապացուցում, 95 խաղում՝ 32 գոլ, ընդորում, երկուական գոլ Իտալիայի և Գերմանիայի դեմ խաղերում: Սա նշանակում է միջինը գրեթե մեկ գոլ յուրաքանչյուր երեք խաղում:

Այդ 95 հանդիպումների գրեթե կեսում խաղացել եմ որպես հենակետային, որը երբեք չի եղել իմ սիրած դիրքը։

Բայց երբեք չեմ բողոքել։
Ես այդպիսի մարդ եմ:
Լավ մարդ, Հենրի՛խ»։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը զիջեց վրացական ակումբին
Հաջորդ հոդվածը
Պորտուգալիայում հանդիպման լավագույն ֆուտբոլիստին ձուկ են նվիրել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։