Շանտա՞ժ, թե՞ հանցանք. Հակիմին կկանգնի դատարանի առաջ
ՊՍԺ-ի ու Մարոկկոյի ազգային հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմիի դեմ հարուցված քրեական գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել: 27-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ։ Տուժող կողմի փաստաբան Ռեյչել-Ֆլոր Պարդոն, Հակիմիի դատարանի առաջ կանգնելու փաստից հետո, հանդես է եկել հայտարարությամբ։
Փաստաբանի խոսքով՝ իր հաճախորդը, ով 2023 թվականին պաշտոնական մեղադրանք էր ներկայացրել ֆուտբոլիստի դեմ, իրեն թեթևացած է զգացել դատարանի որոշումից, սակայն հոգեբանական վիճակը մնացել է ծանր։
«Իմ պաշտպանյալը թեթևացած է դատարանի այս որոշմամբ, բայց սա դեռևս շատ ցավոտ իրավիճակ է նրա համար։ Երեք տարի տևող դատական գործընթացի միջով անցնելը, որպես բռնաբարության գործով հայցվոր, ծայրահեղ դժվար է»,- նշել է Պարդոն։
Փաստաբանը նաև ընդգծել է տուժողի քաջությունը՝ հաշվի առնելով մեղադրյալի հանրային լինելու հանգամանքը. «Կնոջ համար չափազանց բարդ է բողոք ներկայացնել այնպիսի ազդեցիկ մարդու դեմ, ինչպիսին Աշրաֆ Հակիմին է։ Նա վճռական է տրամադրված մինչև վերջ գնալու և արդարության հասնելու հարցում»։
Անդրադառնալով պաշտպանական կողմի այն պնդումներին, թե տուժողի ընկերուհին հաղորդագրություն է գրել նրան՝ կոչ անելով «գաղտնաբառեր կորզել և թալանել» ֆուտբոլիստին, Պարդոն կտրուկ հերքել է շահադիտական նպատակները․
«Ես թույլ չեմ տա Աշրաֆ Հակիմիի փաստաբաններին սևացնել, զրպարտել և վիրավորել իմ պաշտպանյալին։ Գործում առկա հաղորդագրությունների մեջ կա այսպիսին. «Խնդրում եմ շտապիր, նա բռնաբարեց ինձ»։ Սա այն է, ինչ ասել է իմ հաճախորդը, դրանք նրա խոսքերն էին։
Աշրաֆ Հակիմիի փաստաբաններն անդադար պնդում են, թե այս գործով իմ հաճախորդը փորձում է գումար կորզել, որ նա դա անում է շահադիտական նպատակներով, որ նրան գումար է պետք։ Իմաստ չկա բռնաբարության համար դատի տալ՝ գումար ստանալու համար։ Դրանում առանձնահատուկ օգուտ չկա։ Դա փաստ է, և դա վերաբերում է Ֆրանսիայում բռնաբարության բոլոր զոհերին»,- ասել է Պարդոն։
Հիշեցնենք, որ 2023 թվականին «ՊՍԺ»-ի պաշտպանին պաշտոնական մեղադրանք էր ներկայացվել 24-ամյա աղջկա բռնաբարության համար։ Դրանից հետո նա գտնվում էր դատական հսկողության տակ։