BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Տուլիպա. Չենք կարող մտածել, որ արդեն չեմպիոն ենք
26 Փետրվար 2026

Տուլիպա. Չենք կարող մտածել, որ արդեն չեմպիոն ենք

Fastex Պրեմիեր լիգայի մեկնարկից առաջ Sportmedia.am-ը զրուցել է առաջնության առաջատար «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի հետ: Պորտուգալացին խոսել է մրցաշրջանի երկրորդ կեսի նախապատրաստության, տրանսֆերների և Խուլիո Բուենոյի՝ Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին:

- Որքանո՞վ էր Ձեզ համար անսովոր, որ Հայաստանում մրցաշրջանի կեսից երեք ամսով ընդմիջում եղավ: 

- Իմ մարզչական կարիերայում առաջին դեպքն էր, որ առաջնության ընթացքում այսքան երկար դադար լիներ: Այս դադարն այնքան մեծ էր, որ նույնիսկ կարող է բացասաբար ազդել ֆուտբոլիստների մկանային պատրաստվածության վրա: Ես կուզեի, որ դեկտեմբերին ևս խաղեր նշանակվեին, որպեսզի դադարն այսքան երկար չլիներ. եղանակը թույլ էր տալիս: 

- Ինչպե՞ս եք նախապատրաստվել այդ խնդիրը լուծելու համար:

- Այսքան մեծ ընդմիջումից հետո այժմ կարծես նոր առաջնություն լինի. ամեն ինչ զրոյից ենք սկսում: Փորձել ենք հնարավորինս լավ նախապատրաստվել: Օրինակ՝ «Նոան» այդ առումով առավելություն ունի, որովհետև առաջնության մեկնարկից առաջ երկու պաշտոնական խաղ անցկացրած կլինի:



- Ինչպե՞ս անցավ Ձեր նախապատրաստական հավաքը Կիպրոսում:

- Շատ գոհ եմ հավաքից: Աշխատել ենք տակտիկայի և ֆիզիկական պատրաստության վրա: Ընկերական խաղերի ժամանակ ուսումնասիրել ենք մեր խոցելի կողմերը և աշխատել դրանց վրա: Ունեցանք նորեկներ: Շատ կարևոր էր, որ նրանք արագորեն հարմարվեն թիմի սխեմային ու խաղին: Ամբողջ հավաքն անցկացրել ենք՝ նախապատրաստվելով այն տրամադրվածությամբ, որ առաջնությունում դեռ ոչինչ որոշված չէ. մրցակիցներն ուժեղ են, և բոլորն էլ փորձելու են հաղթել:

- Հաշվի առնելով ընկերական խաղերում Ձեր մրցակից թիմերը՝ կարո՞ղ ենք ասել, որ պատրաստ եք մասնակցել Դանիայի առաջնությանը:

- Այո՛, պատրաստ ենք (ծիծաղում է — խմբ.):

- Ինչո՞ւ էիք որպես մրցակից ընտրել հենց դանիական թիմեր:

- Կարծում եմ՝ նրանց հետ խաղալը ճիշտ ընտրություն էր, որովհետև սկանդինավյան թիմերը ֆիզիկապես ուժեղ են, լավ են պայքարում մենապայքարներում, ինչպես նաև շատ ագրեսիվ են պրեսինգի դիմում, երբ առանց գնդակի են: Մենք ուզում ենք տեսնել, թե նման իրավիճակում ինչպես է մեր թիմը փորձելու ճիշտ որոշում կայացնել: Այդ իմաստով դանիացիների հետ խաղալը թիրախային ընտրություն էր:

- Դուք սպասո՞ւմ եք, որ Հայաստանի առաջնությունում Ձեր դեմ այդպե՞ս են խաղալու:

- Օրինակ՝ «Փյունիկն» ու «Ալաշկերտը» շատ են ֆիզիկական պայքար պարտադրում: Բացի այդ, Հայաստանի առաջնությունում շատ թիմեր մեր դեմ ցածր դիրքավորմամբ են պաշտպանվում, ուստի շատ կարևոր էր, որ մեր ֆուտբոլիստները ընկերական խաղերով հարմարվեն գնդակն արագ փոխանցելուն: Մենք նաև աշխատել ենք ցածր բլոկով պաշտպանության դեմ խաղում ֆուտբոլիստների ճիշտ դիրքավորման շուրջ, այդ թվում՝ եզրից կատարվող բարձր փոխանցումների ժամանակ:

- Այժմ խոսենք ակումբից հեռացած մի քանի ֆուտբոլիստների մասին: Ջոնաթան Դուարտեն վաղուց էր «Արարատ-Արմենիայում»: Ինչո՞ւ նա հեռացավ:

- Ինձ շատ է դուր գալիս Դուարտեն՝ որպես ֆուտբոլիստ: Ցավոք, նա ծանր վնասվածք ստացավ, և որոշվեց բաժանվել նրանից:

- Մրցաշրջանի սկզբում Դուք բավականին շատ խաղաժամանակ էիք տալիս Մեթյու Գբոմադուին, սակայն հետո նա կորցրեց տեղը մեկնարկային կազմում, իսկ այս ձմռանը՝ հեռացավ: Ինչի՞ հետ էր դա կապված:

- Ակումբից հեռացած բոլոր ֆուտբոլիստների դեպքում էլ հիմնական պատճառը քիչ խաղաժամանակն է: Նրանց թույլ ենք տվել տեղափոխվել այնպիսի թիմեր, որտեղ ավելի շատ կխաղան: Բայց Գբոմադուի դեպքն ուրիշ է: Նրա որակներն ինձ շատ էին դուր գալիս, սակայն Մեթյուն առաջարկ ստացավ Պորտուգալիայի ուժեղագույն լիգայի «Էստրելա Ամադորա» ակումբից: Նման տեղափոխությունը լուրջ քայլ էր նրա կարիերայի զարգացման համար, և մենք չխանգարեցինք Մեթյուին:

- Թիմից վարձակալությամբ հեռացել է նաև Միսակ Հակոբյանը: Ինչո՞ւ էր նա Ձեր թիմում այդքան քիչ խաղաժամանակ ստանում:

- Միսակը շատ որակներ ունեցող ֆուտբոլիստ է, սակայն եթե չես կարողանում դրանք օգտագործել, ապա մարզչին, մեծ հաշվով, պետք չես: Մրցակցությունը միշտ մեծ է: Մարզիչը ֆուտբոլիստներին հնարավորություններ չի նվիրում. ֆուտբոլիստներն իրենք են վաստակում հնարավորություններն ու խաղաժամանակը:

- Ձեզ զարմացրե՞ց, որ նա նախընտրեց տեղափոխվել «Նոա», որտեղ նույնպես մեծ մրցակցություն է, ինչպես «Արարատ-Արմենիայում»:

- Երևի «Նոային» անհրաժեշտ է եղել հայ ֆուտբոլիստ հրավիրել: Ինձ համար տրամաբանական կլիներ, որ Միսակն ավելի թույլ թիմ տեղափոխվեր, որտեղ շատ խաղաժամանակ կստանար:

- Նորեկների մասին. նրանցից մեկը Զիդան Բանջաքին է: Բացի հնչեղ անունից՝ ինչպե՞ս նա կուժեղացնի «Արարատ-Արմենիան»:

- Նա վինգեր է, որը կարող է խաղալ նաև «10 համարի» դիրքում: Զիդանը մեր թիմում կբարձրացնի այդ դիրքի մրցակցությունը:

- Առջևի գծում ևս մեկ նորեկ կա՝ Ալիուն Նդուրը...

- Նդուրը նոմինալ կենտրոնական հարձակվող է, բայց ինձ դուր է գալիս նրա բազմակողմանիությունը: Խաղի ընթացքում նա կարողանում է տեղափոխվել եզր և օգտակար լինել նաև այնտեղ:

- Երեք ամիս շարունակ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները նայել են մրցաշարային աղյուսակին և թիմին տեսել առաջին տեղում: Արդյո՞ք այդ հանգամանքը ֆուտբոլիստների համար չափազանց սովորական չի դարձել: Միգուցե հոգեբանական խնդիր լինի՞, երբ հանկարծ ինչ-որ պահի թիմն առաջին տեղում չլինի:

- Մենք ամենօրյա հոգեբանական աշխատանք ենք կատարում թիմը կայուն վիճակում պահելու համար: Հոգեբանական գործոնը շատ կարևոր է: Մենք հասկանում ենք, թե որքան դժվար է եղել մրցաշրջանի առաջին հատվածը: Եղել են միավորների կորուստներ, բարդ հաղթանակներ, և տեսնելով նման դժվարությունները՝ բնականաբար չենք կարող մտածել, որ հետո հեշտ է լինելու, և մենք արդեն չեմպիոն ենք: Թիմում կան 3-4 առանցքային ֆուտբոլիստներ, որոնք մի քանի տարի է՝ ակումբում են և փորձելու են իրենց հոգեբանական հասունությունը փոխանցել մյուսներին: Թիմը նաև իր ամբողջ ներուժը դեռ չի բացահայտել, և այդ ուղղությամբ էլ աշխատանք կա կատարելու:



- Երբ Դուք նոր էիք եկել Հայաստան, շատերը Ձեզ չէին ճանաչում: Բայց կես տարի անց մրցակից թիմերն արդեն քաջատեղյակ են «Արարատ-Արմենիայի» խաղաոճին և փորձելու են փոխել մոտեցումը Ձեր թիմի դեմ խաղերում: Պատրա՞ստ եք դրան:

- Համաձայն եմ, որ բոլորն արդեն լավ են ճանաչում մեր խաղաոճը, և մենք պատրաստվում ենք փոխվել: Օրինակ՝ հարձակման գծում շատ փորձարկումներ ենք կատարում: Իհարկե, խաղային հիմնական սկզբունքները մնում են, սակայն շատ կարևոր է մրցաշրջանի ընթացքում որոշ գործոններում փոխվել: Տեսաք, թե ինչպես «Նոան» «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում հանկարծ անցավ 5-4-1 սխեմային և հաջողության հասավ: Ինձ դուր եկավ մրցակցի համար նախատեսված նման անակնկալը: Ինձ համար կարևոր է նաև տեղ թողնել ֆուտբոլիստի անհատական ստեղծագործականության (կրեատիվության) համար. որքան էլ ես նրանց տակտիկական հրահանգներ եմ տալիս, հնարավորություն եմ թողնում նաև իմպրովիզացիոն որոշման համար: Դա էլ կարող է մրցակցին անակնկալի բերել:

- Չեմպիոնական պայքարը կշարունակվի՞ հինգ թիմով:

- Այո, «Արարատ-Արմենիան», «Նոան», «Ուրարտուն», «Փյունիկը» և «Ալաշկերտը» մինչև վերջ կլինեն չեմպիոնական պայքարում: Գարնանային հատվածում «Ուրարտուի» խաղացանկը նույնիսկ ավելի թեթև է, քան մյուսներինը:

- Խոսակցություններ կան, որ «Արարատ-Արմենիայի» կենտրոնական պաշտպան Խոսե Խուլիո Բուենոն կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: Ինչպե՞ս եք վերաբերվում ազգային հավաքականներում այլազգիների ներկայությանը:

- Դրական եմ վերաբերվում, որովհետև տեսնում եմ Պորտուգալիայի օրինակը: Դեկուն և Պեպեն բրազիլացիներ են, բայց նրանք սկսեցին խաղալ Պորտուգալիայի հավաքականում ու մեծ օգուտ տվեցին մեզ: Եվ ընդհանրապես շատ նորմալ է, որ քաղաքացիություն ստացած ֆուտբոլիստը ներկայացնի այդ երկիրը:

- Դուք դիտե՞լ եք Հայաստանի հավաքականի խաղերը: Բուենոն ի՞նչ կարող է տալ մեր թիմին:

- Բավականին ուսումնասիրել եմ Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպաններին: Գիտեմ Սերգեյ Մուրադյանին, Ստյոպա Մկրտչյանին և մյուսներին: Բուենոն նրանց համեմատ ունի մեկ առավելություն՝ դա արագությունն է: Հատկապես մրցակիցների հակագրոհների ժամանակ նա շատ ճիշտ և արագ վերադասավորվում ու ճիշտ դիրք է զբաղեցնում: Չեմ ասում, որ Բուենոն պետք է գա և անմիջապես խաղա մեկնարկային կազմում, բայց եթե ես լինեի հավաքականի մարզիչը, նրան հայտացուցակում ընդգրկելու տարբերակը կդիտարկեի:

- Պորտուգալիայում Ձեր ծանոթները, Հայաստանում Ձեր աշխատանքի մասին խոսելիս, հիշատակո՞ւմ են Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը 9:1 հաշվով: Դա որպես ցուցիչ համարո՞ւմ են:

- Ո՛չ: Բոլորն էլ հասկանում են, որ ազգային հավաքականների դեպքում լրիվ այլ գործոններ են ազդում արդյունքի վրա:

- Հայաստանում Ձեր հաջողություններին թերահավատորեն չե՞ն վերաբերվում:

- Նրանք հետաքրքրվում են, դիտում են և ասում, որ բավականին մրցունակ և անկանխատեսելի առաջնություն է:

Նախորդ հոդվածը
Ռաուլ Ասենսիոն խուսափել է լուրջ վնասվածքից, բայց կմնա բժիշկների հսկողության տակ
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան երկարաձգել է պայմանագիրը Շաղոյանի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։