Հայաստանի գավաթ. քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումներին ընդառաջ
Մարտի 3-ին մեկնարկում է Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ փուլը:
Sportmedia-ն ներկայացնում է գավաթային հանդիպումների անոնսը։
«Սյունիք» - «Անդրանիկ»
Մարտի 3, ժամը՝ 15:00, Կապան, «Լեռնագործ» մարզադաշտ
Գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
- Գավաթի ընթացիկ խաղարկությունը 21-րդն է «Սյունիքի» համար: Թիմն այս անվանումով հանդես է գալիս 2022/23թթ. մրցաշրջանից, իսկ մինչև այդ կրում էր «Գանձասար-Կապան» անվանումը: Հենց վերջինս էլ ակումբի պատմության մեջ գրանցել է ամենամեծ հաջողությունը՝ դառնալով գավաթի 2017/18թթ. խաղարկության հաղթող:
«Գանձասար-Կապանն» Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ եզրափակչում հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթել էր «Ալաշկերտին»: Խաղի հիմնական ժամանակում հաշիվը չէր բացվել, իսկ լրացուցիչ ժամանակում մրցակիցները մեկական գնդակ էին փոխանակել: Գավաթի այդ խաղարկությունում անցկացրած 5 խաղերում գանձասարցիներն անպարտելի էին մնացել:
Դա գավաթը նվաճելու գանձասարցիների 2-րդ փորձն էր: 2013/14թթ. մրցաշարի եզրափակչում կապանցիները 1-2 հաշվով պարտվել էին «Փյունիկին»:
- Գավաթի ընթացիկ խաղարկության նախնական փուլում «Սյունիքը» Կապանում 3-1 հաշվով հաղթել էր «Հայքին»: Գոլերի հեղինակներ էին դարձել Յոահիմ Ամիեկորին, Ալեն Կարապետյանն ու Արմեն Հովհաննիսյանը: 1/8 եզրափակչում էլ կապանցիները Էրիկ Սողոմոնյանի խփած միակ գոլի շնորհիվ պայքարից դուրս էին թողել «Կիլիկիային»:
- «Անդրանիկը» 3-րդ անգամ է մասնակցում Հայաստանի գավաթի խաղարկությանը: Նախորդ երկու խաղարկություններում Վարդենիսը ներկայացնող թիմը նախնական փուլում մեկական խաղ է անցկացրել՝ պարտվելով համապատասխանաբար ԲԿՄԱ-ին (0-6) և «Վանին» (0-3):
Եվ ահա գավաթի ընթացիկ խաղարկությունում «Անդրանիկը» ոչ միայն բացեց գոլերի հաշիվը, այլև առաջին հաղթանակը տարավ պատվավոր մրցանակի մրցաշարերում՝ նախնական փուլում 3-0 հաշվով առավելության հասնելով «Բենտոնիտի» նկատմամբ: Թիմի առաջին գոլի հեղինակն Իսմաիլ Օգունսոլա Օլավալեն էր:
1/8 եզրափակչում էլ «Անդրանիկը» 2 անպատասխան գնդակ խփեց ԲԿՄԱ-ի դարպասը: Աչքի ընկան Կայ Մորոզումին և Խուան Բարենեչին:
![]()
- «Անդրանիկն» ու «Սյունիքն» Առաջին խմբի առաջնությունում հաջող են հանդես գալիս և անցկացրած 17 հանդիպումներում վաստակել են 37-ական միավոր: 4-րդ տուրում մրցակիցների միջև կայացած խաղում «Անդրանիկը» սեփական դաշտում հաղթել է 2-1 հաշվով:
«Արարատ» - «Ուրարտու»
Մարտի 3, ժամը՝ 17:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
11 խաղ, «Արարատը» հաղթել է 3 անգամ, «Ուրարտուն»՝ 7, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-17
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

- Հայաստանի վեցակի գավաթակիր «Արարատը» նախորդ 3 մրցաշրջաններում անհաջող է խաղացել՝ պայքարից դուրս մնալով առաջին իսկ փուլից: Իսկ ահա գավաթի ընթացիկ խաղարկությունում արարատցիներին վերջապես հաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը՝ 1/8 եզրափակչում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթելով «Սարդարապատին»: Արարատցիներից աչքի ընկան Աբուբակար Ուատարան, Մամադու Դումբիան և Գոռ Լուլուկյանը:
Վերջին անգամ արարատցիները գավաթը նվաճել են 2021թ.՝ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով հաղթելով «Ալաշկերտին»:
- Հայաստանի առաջին գավաթակիր և պատվավոր մրցանակը 4 անգամ նվաճած «Ուրարտուն» 1/8 եզրափակչում 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Վանի» դարպասը: Այդ խաղում Կարեն Մելքոնյանը դուբլի հեղինակ է դարձել, մեկական գոլ էլ խփել են Էդիկ Վարդանյանն ու Օլեգ Պոլյակովը:
- Գավաթի խաղարկություններում «Ուրարտուի» և «Արարատի» ճանապարհները 8-րդ անգամ են հատվում: Մրցակիցների գավաթային դիմակայությունում 5 անգամ հաջողությունն ուղեկցել է «Բանանցին», 2 անգամ առավելության են հասել արարատցիները:
Գավաթի մրցաշարում մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է ունեցել 1992թ. ապրիլի 15-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած 1/8 եզրափակչի խաղում: Նորաստեղծ «Բանանցը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ իսկական անակնկալ մատուցեց՝ 2-0 հաշվով պարտության մատնելով փորձառու արարատցիներին: «Բանանցին» հաղթանակ պարգևեց Աշոտ Բարսեղյանի դուբլը:
«Արարատն» ու «Բանանցը» պատվավոր մրցանակի համար 2 անգամ հանդիպել են եզրափակչում:
2007թ. մայիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած վճռորոշ խաղում «Բանանցը» չեխ Յան Պոշտուլկայի» գլխավորությամբ լրացուցիչ ժամանակում հաղթել է 3-1 հաշվով: Խաղի հիմնական ժամանակում արարատցի Մարկոս Պիզելիի խփած գոլին «Բանանցը» պատասխանել էր Սեմյոն Մուրադյանի գոլով: Լրացուցիչ ժամանակում «Բանանցին» հաղթանակ էին պարգևել Արամ Բարեղամյանի և Սեմյոն Մուրադյանի խփած գնդակները:
Մեկ տարի անց նույն օրն Իջևանի «Արնար» մարզադաշտում կայացած գավաթի եզրափակչում Վարուժան Սուքիասյանն իր սաների հետ ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ, որին մարզում էր բուլղարացի Նեդելչո Մատուշևը: Կրկին խաղի հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1: Հաշիվը բացեց բուլղարացի Մարկո Գանչևը, 2-րդ խաղակեսում արարատցի Վահագն Մինասյանը վերականգնեց հավասարակշռությունը: «Արարատին» հաղթանակ պարգևեց լրացուցիչ ժամանակում Մարկոս Պիզելիի խփած գոլը:
Մրցակիցների գավաթային վերջին դիմակայությունը կայացել է 2018/19թթ. խաղարկության քառորդ եզրափակչում, որում «Բանանցը» հաղթել է 2 խաղերում էլ՝ 3-1, 1-0:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Վահե Յաղմուրյան, Մարկոս Պիզելի - 2-ական գոլ:
«Ուրարտու»՝ Աշոտ Բարսեղյան, Սեմյոն Մուրադյան, Ադամու Աբդուլլահի - 2- ական գոլ:
«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»
Մարտի 4, ժամը՝ 15:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
Գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

- «Շիրակը» գավաթային պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Արարատի Արաքսի» դարպասը: Գոլերի հեղինակներ են դարձել Ռաֆիկ Միսակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Վարդան Թովմասյանն ու Գրիգոր Ղումաշյանը:
Հայաստանի կրկնակի գավաթակիրը վերջին անգամ պատվավոր մրցանակը նվաճել է 2016/17թթ. մրցաշրջանում՝ եզրափակչում 3-0 հաշվով հաղթելով «Փյունիկին»:
- «Արարատ-Արմենիան» 9-րդ անգամ է մեկնարկում Հայաստանի գավաթի մրցաշարերում: Թիմի համար առայժմ ամենահաջողը 2023/24թթ. խաղարկությունն էր, որում «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ նվաճեց պատվավոր մրցանակը՝ եզրափակչում հետխաղյա 11մ հարվածներով հաղթելով «Ուրարտուին» (հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ-ոք՝ 1-1):
Գավաթը նվաճելու «Արարատ-Արմենիայի» մյուս երկու փորձերն անհաջողության են մատնվել:
«Փյունիկ» - «Նոա»
Մարտի 5, ժամը՝ 15:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Փյունիկը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-0
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

- «Փյունիկը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է հաղթանակով՝ 1/8 եզրափակչում 3 անպատասխան գնդակ խփելով «Գանձասարին»: Գոլերի հեղինակներ էին դարձել Մարիուս Նուբիսին, Դանիիլ Կուլիկովը և Միխայիլ Կովալենկոն:
Հայաստանի ութակի գավաթակիր «Փյունիկն» արդեն 10 տարի է, ինչ պատվավոր մրցանակի նվաճման բերկրանքը չի վայելել: «Փյունիկը» վերջին անգամ գավաթակիր է դարձել 2014/15թթ. խաղարկությունում՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով հաղթելով «Միկային»: Դրանից հետո գավաթի եզրափակչում փյունիկցիները միայն մեկ անգամ են խաղացել՝ 2017թ. 0-3 հաշվով պարտվելով «Շիրակին»:
Գավաթի նախորդ 3 խաղարկություններում փյունիկցիները հասել են մինչև կիսաեզրափակիչ: 2022/23թթ. մրցաշարում «Փյունիկը» զիջել էր «Շիրակին» (1-1, 3-5` 11մ), իսկ հաջորդ երկու մրցաշարերում եզրափակչի ճանապարհը թիմի առջև փակել էր «Արարատ-Արմենիան» (2023/24թթ.՝ 0-1, 2024/25թթ.՝ 0-2, 2-0, 2-4՝ 11մ):
- Գործող գավաթակիր «Նոան» իր տիտղոսի պաշտպանության համար պայքարը սկսում է քառորդ եզրափակչից: 8 անգամ մասնակցելով գավաթի մրցաշարերին, «Նոան» 2 անգամ մտել է եզրափակիչ և երկու դեպքում էլ պատվո շրջան է կատարել գավաթով:
Թիմի առաջին հաջողությունը գրանցվել է 2019/20թթ. մրցաշրջանում, որում «Նոան» Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ գերարդյունավետ եզրափակչում (5-5) հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթել է «Արարատ-Արմենիային»: Գավաթի նախորդ խաղարկությունում էլ «Նոան» Ռուի Մոտայի գլխավորությամբ 3-1 հաշվով կրկին առավելության էր հասել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:
- Մրցակիցների միջև գավաթային միակ հանդիպումը կայացել է 2022թ. նոյեմբերի 26-ին գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում և ավարտվել է «Փյունիկի» 3-0 հաշվով հաղթանակով: Դուբլի հեղինակ է դարձել Լուկա Յուրիչիչը, մեկ գոլ էլ խփել է Յուսուֆ Օտուբանջոն:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Փյունիկ»՝ Լուկա Յուրիչիչ – 2 գոլ: