Fastex Պրեմիեր լիգա. 17-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
Մարտի 6-ին կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի գարնանային հատվածը:
Sportmedia-ն ներկայացնում է տուրի անոնսը։
«Գանձասար» - «Ուրարտու»
Մարտի 6, ժամը՝ 17:00, Երևան, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտ
4 խաղ, որոնցում հաղթել է «Ուրարտուն», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-9
1-ին շրջան. 09.08.2025 «Ուրարտու» - «Գանձասար»՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Արման Ղազարյան 81՛:
«Գանձասար»՝ 9-րդ տեղ (10 միավոր), «Ուրարտու»՝ 2-րդ տեղ (29 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Գանձասարն» այս տարվա պաշտոնական առաջին հանդիպումը կանցկացնի: Նախորդ մրցաշրջանի համեմատ «Գանձասարը» վատ տպավորություն չթողեց առաջնության աշնանային հատվածում: Թիմի կազմում որոշակի կորուստներ կան: «Գանձասարից» հեռացել են պաշտպաններ Ռուբեն Կարագուլյանն ու Վասպուրակ Մինասյանը, կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն ու հարձակվող Սեյդու Կոնեն:
2. «Ուրարտուն» հաղթանակով սկսեց 2026թ.՝ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը: Արդյունավետ խաղով աչքի ընկավ փոխարինման մտած Արտեմի Գունկոն՝ դառնալով դուբլի հեղինակ, Կարեն Մելքոնյանն էլ դիպուկ իրացրեց 11մ հարվածը:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության 4 հանդիպումներում էլ հաղթել է «Ուրարտուն», ընդ որում միայն նախորդ առաջնության 3-րդ շրջանի խաղում է «Գանձասարը» գրավել մրցակցի դարպասը: Այդ խաղում «Ուրարտուն» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ, իսկ հաղթական գոլը Վլադիսլավ Յակովլևը խփեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին:
4. Այս խաղում գրանցված առաջին գոլը կլինի պաշտոնական մրցումներում «Ուրարտուի» հանդիպումներում ընդհանուր առմամբ խփված 2800-րդ գնդակը:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Ուրարտու»՝ Կարեն Մելքոնյան - 3 գոլ:
«Գանձասարի» կազմում հանդիպմանը չեն մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Տարոն Ոսկանյանն ու Լյուկ Մերիլը:
«Վան» - «Արարատ»
Մարտի 7, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
19 խաղ, «Վանը» հաղթել է 5 անգամ, «Արարատը»՝ 10, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 20-20
1-ին շրջան. 09.08.2025 «Արարատ» - «Վան»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Էրիկի Ռոդրիգես 47՛:
«Վան»՝ 6-րդ տեղ (21 միավոր), «Արարատ»՝ 10-րդ տեղ (3 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Վանում» կրկին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Չարենցավանյան ակումբում հանդես կգան բրազիլացի կիսապաշտպան Ալեսանդրո Գոմես դա Սիլվան, կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, բրազիլացի կիսապաշտպան Մաուրո Նետոն, կոլումբիացի կենտրոնական պաշտպան Խավիեր Տոռեսը, նիգերիացի պաշտպաններ Իբրահիմ Իստի Դանիելը և Չուկվումաոբի Հենրի Օնուկուեն, նիգերիացի կիսապաշտպաններ Ննամանի Էմանուել Ննաեմեկան ու Մադուկա Էմեկա Փիթերը և հայ ֆուտբոլասերներին քաջատեղյակ, հայիթցի կենտրոնական հարձակվող Ջոնել Դեսիրեն:
Թիմից հեռացել են 4 գոլով «Վանի» լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Էրիկի Ռոդրիգեսը, Լուկաս Կաֆեն, Ջեֆերսոն Գրանադոն, Դենիս Դեդեչկոն, Ժոնատաս Սանթոս Մարտինիանոն, Ալբերտ Մնացականյանը, Արթուր Դանիելյանը, Սեդրիկ Եֆրեմ Դոն, Պետրոս Աֆաջանյանը, Յուսուֆ Իբրահիմը, Դավիթ Կիրակոսյանը և Խամես Սանթոսը:
2. «Արարատը» նոր գլխավոր մարզչի՝ 43-ամյա պորտուգալացի մասնագետ Ռիկարդո Դիոնիսիոյի գլխավորությամբ անհաջող սկսեց մրցաշրջանի երկրորդ հատվածը՝ գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում սեփական դաշտում 0-3 հաշվով զիջելով «Ուրարտուին»: Ընդ որում գոլերը խփվեցին հանդիպման վերջին 10 րոպեներին:

3. Թեև մրցակիցների ընդհանուր դիմակայությունում «Արարատի» առավելությունը զգալի է, սակայն նախորդ առաջնությունում «Վանն» առաջին երկու խաղերում էլ հաղթել էր խոշոր հաշվով (3-0, 4-0)՝ սեփական դարպասը պահելով անառիկ: Եվ միայն 3-րդ շրջանի խաղում «Արարատին» հաջողվեց մրցակցին պարտության մատնել 2-1 հաշվով: Իսկ մինչև այդ կայացած 4 հանդիպումներում արարատցիները 3 անընդմեջ հաղթանակ էին տոնել, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի: Ընթացիկ առաջնությունում «Վանը» 5-րդ հաղթանակը տոնեց արարատցիների նկատմամբ:
4. Արարատցի Գոռ Լուլուկյանի համար այս հանդիպումը կլինի 100-րդը Fastex Պրեմիեր լիգայում:
5. Եթե Ջոնել Դեսիրեին հաջողվի «Վանում» նորամուտը գոլով նշել, ապա կխփի Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գնդակը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Վան»՝ Մոմո Տուրե - 3 գոլ:
«Արարատ»՝ Ուրոշ Նենադովիչ, Սերժ Դեբլե, Կասիմ Հաջի - 2-ական գոլ:
«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»
Մարտի 7, ժամը՝ 15:00, «Հանրապետական» մարզադաշտ
27 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 5 անգամ, «Արարատ- Արմենիան»՝ 15, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 22-43
1-ին շրջան. 25.09.2025 «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 2-1 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Արայիկ Էլոյան 32՛, 2-0՝ Ուգո Օլիվեյրա 56՛, 2-1՝ Կարեն Նալբանդյան 90+8՛, 11մ:
«Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (29 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (34 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Մրցաշրջանի մեկնարկից առաջ կազմը լիովին փոփոխած «Ալաշկերտը» Վահե Գևորգյանի գլխավորությամբ հաջող ելույթներ ունեցավ առաջնության աշնանային հատվածում: Թիմի կազմը համալրել են Զամբիայի հավաքականի ձախ եզրային հարձակվող Ժոզեֆ Սաբոբոն, նիգերիացի հարձակվող Ահմադ Խալիլ Սամանին, բրազիլացի կենտրոնական կիսապաշտպան Ռաֆայել Ժեսուսը, «Վանում» հանդես եկած կոլումբիացի Ջեֆերսոն Գրանադոն ու Դավիթ Կիրակոսյանը, դարպասապահ Վլադ Չատունցը, թիմ է վերադարձել Ուսման Աջիբոնան:
Օբի Չիման ու դարպասապահ Իբրահիմ Սեսայը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով հանդես կգան «Անդրանիկում»: «Ալաշկերտից» հեռացել են նաև Մալիկ Օդեյինկան և Մսե Դենիսը:
2. «Արարատ-Արմենիան» այս տարվա պաշտոնական առաջին խաղը հաղթանակով ավարտեց՝ գավաթի քառորդ եզրափակիչ առաջին խաղում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Շիրակին»: Թիմին հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիայի» նորեկ, սենեգալցի հարձակվող Ալիունե Նդուրը: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմում նորամուտը նշեցին նաև Գվինեա Բիսաուի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Զիդան Բանջաքին և մարրոկացի պաշտպան Արասի Բուշաիբը։

3. «Արարատ-Արմենիան» առաջնությունում զգալի առավելության է հասել «Ալաշկերտի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած վերջին 8 հանդիպումներում ալաշկերտցիները 6 պարտություն են կրել, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի: Վերջին անգամ «Ալաշկերտն» «Արարատ-Արմենիային» հաղթել է 2023թ. մայիսի 10-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Յեիսոն Ռասինեսի խփած միակ գոլի շնորհիվ:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արսեն Բեգլարյանը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 350-րդ խաղը կանցկացնի:
5. Ալվին Թերան էլ պաշտոնական մրցումներում «Արարատ-Արմենիայի» կազմում հոբելյանական՝ 150-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ալաշկերտ»՝ Կարեն Նալբանդյան - 3 գոլ:
«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 6 գոլ:
ԲԿՄԱ - «Նոա»
Մարտի 8, ժամը՝ 17:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
16 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 3 անգամ, «Նոան»՝ 9, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-31
1-ին շրջան. 06.12.2025 «Նոա» - ԲԿՄԱ՝ 2-3 (1-3)
Գոլերը՝ 0-1՝ Գրենիկ Պետրոսյան 3՛, 1-1՝ Հելդեր Ֆեռեյրա 9՛, 1-2՝ Գրենիկ Պետրոսյան՝ 23, 1-3՝ Նարեկ Հովհաննիսյան 44՛, 2-3՝ Հելդեր Ֆեռեյրա 55՛:
ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (15 միավոր), «Նոա»՝ 5-րդ տեղ (23 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին մրցակիցների միջև կայացած առաջնության 2-րդ տուրից հետաձգված հանդիպումով վերջնագիծն էր հատել Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածը: Շատերի համար անսպասելի ԲԿՄԱ-ն 3-2 հաշվով հաղթել էր՝ ընդհատելով Հայաստանի առաջնություններում «Նոայից» կրած 6 անընդմեջ պարտությունների տխուր շարքը:
Ընդ որում այդ խաղերից 3-ում «Նոան» խոշոր հաշվով էր հաղթել, իսկ 4-ում ԲԿՄԱ-ն գոլ չէր խփել: Նախորդ հաղթանակը «Նոայի» նկատմամբ բանակայինները տարել էին 2023թ. օգոստոսի 4-ին տնային խաղում: ԲԿՄԱ-ին հաղթանակ էր պարգևել ավելացված ժամանակում Գևորգ Տարախչյանի 11մ հարվածով խփած միակ գոլը:
2. «Նոան» ավարտեց ելույթները եվրագավաթներում՝ հասնելով հայկական թիմերի համար ռեկորդային ցուցանիշի: Այժմ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը պետք է ձգտի հաջող ելույթներ ունենալ ինչպես առաջնությունում, այնպես էլ Հայաստանի գավաթի և Սուպերգավաթի հանդիպումներում:
Հայաստանի գործող չեմպիոնն ու գավաթակիրը հաղթանակով սկսեց իր տիտղոսի պաշտպանության համար պայքարը՝ գավաթի քառորդ եզրափակիչ առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթելով «Փյունիկին»: Կրկին հաղթական գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը, իսկ հաշիվը բացել էր «Նոայում» նորամուտը նշած Վալենտին Կոստակեն:

Դիմակայության լավագույն ռմբարկուները
ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան - 4 գոլ:
«Նոա»՝ Հելդեր Ֆեռեյրա - 5 գոլ:
ԲԿՄԱ-ից կբացակայի 5 դեղին քարտի արժանացած Արգիշտի Պետրոսյանը «Նոայի» կազմում հանդիպմանը չեն մասնակցի առաջնության նախորդ խաղում խաղադաշտից հեռացված Նարդին Մուլահուսեյնովիչն ու Բիլալ Ֆոֆանան, ինչպես նաև 5-րդ զգուշացումը ստացած Հովհաննես Համբարձումյանը:
«Փյունիկ» - «Շիրակ»
Մարտի 9, ժամը՝ 15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
103 խաղ, «Փյունիկը» հաղթել է 58 անգամ, «Շիրակը»՝ 29, գրանցվել է 16 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 169-103
1-ին շրջան. 11.08.2025 «Շիրակ» - «Փյունիկ»՝ 0-0
«Փյունիկ»՝ 3-րդ տեղ (29 միավոր), «Շիրակ»՝ 8-րդ տեղ (10 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.«Փյունիկն» այս տարվա պաշտոնական առաջին խաղում գավաթի քառորդ եզրափակչում սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվեց «Նոային»: Վերջին հանդիպումն առաջնությունում փյունիկցիներն անցկացրել են անցյալ տարվա նոյեմբերի 30-ին՝ 2-0 հաշվով հաղթելով «Արարատին»:
2. «Շիրակը» 2026թ. պաշտոնական առաջին խաղում գավաթի քառորդ եզրափակչում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց «Արարատ-Արմենիային»: «Շիրակում» փոփոխություններն աննշան են: ԲԿՄԱ-ից հարազատ թիմ են վերադարձել ակումբի սաներ Նարեկ Ջանոյանն ու Սուրեն Ծառուկյանը, «Շիրակին» է միացել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կարագուլյանը:
Թիմից հեռացել են Ռոբերտ Դարբինյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Սերյոժա Ուռուշանյանն ու Ռազմիկ Հակոբյանը:

3. Նախորդ առաջնության 2-րդ շրջանում «Փյունիկի» նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակով «Շիրակն» ընդհատել էր փյունիկցիների հետ մրցավեճում առանց հաղթանակների 11 խաղերի շարքը (2 ոչ-ոքի, 9 պարտություն): Նախորդ հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Շիրակը» տարել էր 2020թ. դեկտեմբերի 12-ին՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը:
Իսկ ահա 3-րդ շրջանի խաղում փյունիկցիները սեփական դաշտում 6-1 ջախջախիչ հաշվով պարտության մատնեցին գյումրեցիներին: Այդ խաղում երկու հաճելի հոբելյան նշեց Վարազդատ Հարոյանը: «Փյունիկի» այն ժամանակվա ավագը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 500-րդ խաղն անցկացրեց, իսկ Fastex Պրեմիեր լիգայում 150-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 11 գոլ:
«Շիրակ»՝ Արթուր Պետրոսյան - 8 գոլ: