Գանձասարը կազմն ուժեղացրել է 6 արտասահմանցիներով
«Գանձասարը» մրցաշրջանի գարնանային հատվածի իր առաջին խաղից առաջ հայտարարել է 6 օտարերկրացի ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու մասին:
Հայկական ակումբին է միացել 24-ամյա պորտուգալացի կենտրոնական կիսապաշտպան Ժոաո Նոբրեգան: Նա նախորդ երկու տարիներն անցկացրել է վրացական «Դիլա Գորիի» և չինական «Ցինդաո Ռեդ Լայոնզի» կազմում: Նոբրեգան հանդես կգա 79 համարի մարզաշապիկով:
Մյուս նորեկը իրանցի 24-ամյա կենտրոնական հարձակվող Արվին Կալմարզին է: Նա ծնվել է Նիդերլանդներում: 2024 թվականին խաղացել է «Վենլոյի» կազմում, իսկ 2025-ին՝ լատվիական «Գրոբինայում»: Նա կկրի 88 համարը:
Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմին է միացել նաև ուկրաինացի 19-ամյա եզրային պաշտպան Դանիլո Մալովը: Երիտասարդ ֆուտբոլիստը Հայաստան է ժամանել Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայից»՝ վարձավճարով: Մալովը կխաղա 70 համարով:
«Գանձասարը» համալրել է նաև 23-ամյա հենակետային կիսապաշտպան Մարիանո Ահուանգբոն: Բենինի հավաքականի ֆուտբոլիստը նույնպես ժամանել է «Օլիմպիայից»: Սլովենական թիմի կազմում նա մասնակցել է «Նոայի» հետ կայացած Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպմանը: Գործարքը վարձակալական է, Ահուանգբոն կկրի 6 համարը:
Ակումբը պայմանագիր է կնքել նաև բրազիլացի 22-ամյա կիսապաշտպան Լուկա Անդրիոլի Ռոդրիգեսի հետ: Լյուքսեմբուրգի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստը կապանյան թիմին է միացել սլովակյան «Սլովան Դուսլո Շալա» ակումբից: Նա հանդես կգա 23 համարով:
Կազմը համալրել է նաև կոլումբիացի 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Իթան Ալեքսանդր Լիզալդան: 2024-2025 թթ. մրցաշրջանում նա հանդես է եկել Ղրղզստանի առաջնության «Ուզգոն» ակումբում: Նա կխաղա 21 համարով:
«Արջերը» պայմանագիր են կնքել նաև նիգերիացի 26-ամյա հենակետային կիսապաշտպան Չապի Կատոյի հետ: Նա քաջ հայտնի է հայ ֆուտբոլասերներին. 2022-2023 թթ. մրցաշրջանում խաղացել է «Նոայում», իսկ հաջորդ տարի՝ «Ալաշկերտում»: Հենց «Ալաշկերտից» էլ Կատոն տեղափոխվել է «Գանձասար»: Fastex Պրեմիեր լիգայում նիգերիացին անցկացրել է 65 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: Նա կրելու է 19 համարի մարզաշապիկը: