BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Մինյանոն հեռանում է Հայաստանի հավաքականից
11 Մարտ 2026

Մինյանոն հեռանում է Հայաստանի հավաքականից

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն այլևս չի աշխատի Հայաստանի ազգային ընտրանու հետ, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

 Այս տարիներին նա ընդգրկված է եղել Արմեն Գյուլբուդաղյանցի, Խոակին Կապառոսի, Ալեքսանդր Պետրակովի, Ջոն վան ’տ Սխիպի և Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբերում։


7 տարի ազգային հավաքականում աշխատելուց հետո Մինյանոն հրավեր է ստացել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Նա այսուհետև զբաղեցնելու է  երիտասարդ տաղանդների զարգացման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Նաև համակարգելու է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ծրագրերն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: 


«7 անմոռանալի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ աշխատելուց հետո եկել է ժամանակը փակելու կյանքիս այս յուրահատուկ էջը։


Խորին երախտագիտություն եմ հայտնում հայ ժողովրդին, խաղացողներին, մարզչական շտաբին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին, որոնք հնարավոր դարձրին այս ճանապարհը։ Ձեր վստահությունը, պրոֆեսիոնալիզմը և բարությունն օգնեցին, որ Հայաստանը դառնա իմ տունը։


Այս տարիները լի էին ուսուցմամբ, մարտահրավերներով և բացառիկ մարդկային հարաբերություններով, որոնք ես միշտ կպահեմ ինձ հետ։ Հայաստանը միշտ առանձնահատուկ տեղ կունենա իմ սրտում։ Շնորհակալություն, Հայաստա՛ն»,– հրաժեշտի խոսքում նշել է Մինյանոն։


ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոյին կատարած աշխատանքի համար։


«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոյին՝ Հայաստանի ազգային հավաքականում կատարած աշխատանքի համար։

Պարոն Մինյանոն իր բարձր պրոֆեսիոնալիզմով, բազմամյա միջազգային փորձով և ժամանակակից մոտեցումներով մեծ ներդրում ունեցավ մեր ընտրանու ֆիզիկական պատրաստության զարգացման գործում։ Այս տարիներին նրա աշխատանքն առանձնացավ բարձր պատասխանատվությամբ և ֆուտբոլիստների հնարավորությունների առավելագույն բացահայտմանն ուղղված մշտական ձգտմամբ։

Իր մարդկային բարձր արժեքների, համագործակցության պատրաստակամության և դրական վերաբերմունքի շնորհիվ պարոն Մինյանոն արժանացավ հավաքականի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և ֆեդերացիայի աշխատակիցների հարգանքին։ Շնորհակալ եմ նրան նվիրված աշխատանքի, պրոֆեսիոնալ մոտեցման և հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Մաղթում եմ պարոն Մինյանոյին հաջողություններ հետագա գործունեությունում, նոր մասնագիտական ձեռքբերումներ և ամենայն բարիք», - ասել է Արմեն Մելիքբեկյանը։

Մինյանոն Իսպանիայի ազգային հավաքականի հետ դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, իսկ Մադրիդի «Ռեալի» հետ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

Նախորդ հոդվածը
Ձյուբան աջակցել է Թիկնիզյանին
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Իբոյանն ու Խաչատրյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։