BazaResidence
Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր| Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն|
Հայաստանի Սուպերգավաթ. Նոա - Արարատ-Արմենիա հանդիպմանն ընդառաջ
11 Մարտ 2026

Հայաստանի Սուպերգավաթ. Նոա - Արարատ-Արմենիա հանդիպմանն ընդառաջ

Մարտի 12-ին «Նոան» և «Արարատ-Արմենիան» կվիճարկեն 2024/25թթ. մրցաշրջանի վերջին մրցանակը՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը:

Sportmedia-ն ներկայացնում է խաղի անոնսը։

«Նոա» - «Արարատ-Արմենիա»

Մարտի 12, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-1

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Հայաստանի գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոան» և գավաթի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից ու գործող սուպերգավաթակիր «Արարատ-Արմենիան» 2-րդ անգամ միմյանց հետ կվիճարկեն Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը:

Պատվավոր մրցանակի համար մրցակիցների միակ հանդիպումը կայացել է 2020թ. օգոստոսի 9-ին: «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ երկու տարի անընդմեջ նվաճել էր Հայաստանի չեմպիոնի տիտղոսը ու նաև գործող սուպերգավաթակիրն էր, իսկ «Նոան» Իգոր Պիկուշչակի օրոք առաջին անգամ դարձել էր Հայաստանի գավաթակիր: Ընդ որում «Նոան» գավաթը նվաճել էր հենց «Արարատ-Արմենիայի» հետ կայացած գերարդյունավետ եզրափակչում՝ հաղթելով հետխաղյա 11մ հարվածաշարում՝ 7-6 (խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 5-5 էր):

«Արարատ-Արմենիան» Սուպերգավաթի հանդիպմանը ներկայացել էր նոր գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ, իսկ Իգոր Պիկուշչակը շարունակում էր աշխատանքը «Նոայում»:



Սուպերգավաթի մրցախաղն էլ դրամատիկ ելք ունեցավ ու կրկին ավարտվեց «Նոայի» հաղթանակով: 60-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիման բացեց հաշիվը, սակայն խաղավերջում Դմիտրի Լավրիշչևը վերականգնեց հավասարակշռությունը: Մրցանակի բախտը վճռվեց լրացուցիչ ժամանակում, երբ Դենիս Դեդեչկոն 99-րդ րոպեին 11մ հարվածով խոցեց Ստեֆան Չուպիչի պաշտպանած դարպասը:

2․ «Արարատ-Արմենիան» 4-րդ անգամ է մրցավեճի բռնվելու պատվավոր մրցանակի համար: Սուպերգավաթը նվաճելու թիմի երկու փորձերը հաջողությամբ են պսակվել: 2019թ. «Արարատ-Արմենիան» առաջին իսկ փորձից նվաճել էր Հայաստանի Սուպերգավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի 8-րդ դափնեկիրը:



Սեպտեմբերի 24-ին Վարդան Մինասյանի սաները դրամատիկ պայքարում լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթել էին գործող գավաթակիր «Ալաշկերտին»: Ընդ որում հաշիվը բացել էր ալաշկերտցի Գուստավո Մարմենտինին, որին չեմպիոնը պատասխանել էր Արմեն Նահապետյանի գոլով:

2-րդ խաղակեսում Միհրան Մանասյանը կրկին առաջ էր մղել «Ալաշկերտին»: Այս անգամ «Արարատ-Արմենիան» միայն ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Արթուր Դանիելյանի գոլի շնորհիվ էր կրկին վերականգնել հավասարակշռությունը: Իսկ արդեն լրացուցիչ ժամանակում Մաիլսոն Լիման վճռել էր Սուպերգավաթի բախտը:


Անցյալ տարվա ապրիլի 9-ին կայացած Սուպերգավաթի խաղում գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» կրկին Վարդան Մինասյանի գլխավորությամբ 4-0 խոշոր հաշվով հաղթեց Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» ու դարձավ կրկնակի սուպերգավաթակիր: Այդ խաղում Մարիուս Նուբիսին դարձավ դուբլի հեղինակ, մեկ գոլ խփեց Տենտոն Յենեն, փյունիկցի Անտոն Բրատկովն էլ գրավեց սեփական դարպասը:



3. Երկու թիմերում էլ կան ֆուտբոլիստներ, որոնք նախկինում վայելել են Սուպերգավաթի նվաճման բերկրանքը: Մրցակարգի համաձայն սուպերգավաթակրի կոչմանն արժանանում են հաղթող թիմի կազմում միայն Սուպերգավաթի խաղին հայտավորված ֆուտբոլիստները:

Ամենատիտղոսակիրներն են կրկնակի սուպերգավաթակիրներ Կամո Հովհաննիսյանը, Կարեն Մուրադյանը, Արմեն Համբարձումյանն ու Հովհաննես Հարությունյանը: Կամոն առաջին տիտղոսը նվաճել է «Փյունիկում» 2010թ., երկրորդ անգամ սուպերգավաթակիր է դարձել անցյալ տարի «Արարատ-Արմենիայում»: Ընդհանուր առմամբ նա 4 անգամ է մասնակցել Սուպերգավաթի հանդիպմանը:

Մուրադյանը Սուպերգավաթի նվաճման բերկրանքն առաջին անգամ վայելել է «Շիրակում» 2013թ,, երկրորդ տիտղոսը նվաճել է անցյալ տարի «Արարատ-Արմենիայում»:

Իսկ ահա Արմեն Համբարձումյանն ու Հովհաննես Հարությունյանը, որը ներկայումս հանդես է գալիս «Նոայում», կրկնակի սուպերգավաթակիրներ են դարձել «Արարատ-Արմենիայում» 2019 և 2025թթ.: Նրանք մասնակցել են նաև 2020թ. «Նոայի» հետ կայացած Սուպերգավաթի մրցախաղին:



«Արարատ-Արմենիայի» ներկայիս կազմից մեկական անգամ սուպերգավաթակիր են դարձել Խոսե Բուենոն, Ժոաո Կեյրուշը, Էդգար Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Ալվին Թերան և Ժիրայր Շաղոյանը:

4. «Նոայի» ներկայիս կազմից բացի Հովհաննես Հարությունյանից, սուպերգավաթակիր է դարձել միայն Արտյոմ Ավանեսյանը, որը հայտավորված է եղել «Արարատ-Արմենիայում» 2019թ. «Ալաշկերտի» հետ կայացած Սուպերգավաթի խաղին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել:

«Նոայի» ավագ Հովհաննես Համբարձումյանը 2-րդ անգամ է մասնակցելու Սուպերգավաթի խաղին: 2011թ. նա «Բանանցի» կազմում մասնակցել է «Փյունիկի» հետ հանդիպմանը, որում փյունիկցիները հաղթել էին 3-0 հաշվով: Ի դեպ, «Արարատ-Արմենիայի» հետ Սուպերգավաթի հանդիպումը կլինի Հովհաննես Համբարձումյանի հոբելյանական՝ 300-րդ խաղը հայկական ակումբներում և Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականներում:

Լուսանկարները` Fastnews-ի

Նախորդ հոդվածը
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերը․ Զարգացումները կախված են Չեմպիոնների լիգայից
Հաջորդ հոդվածը
Նոայի դարպասապահն իր ազգային հավաքականին կօգնի նվաճել ԱԱ-ի ուղեգիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։