Նոայի յուրօրինակ հեթ-տրիկը, Համբարձումյանն ամենատարեց սուպերգավաթակիրների տասնյակում. Սուպերգավաթի հանդիպումը՝ 10 փաստով
Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Սուպերգավաթի մրցախաղում հետխաղյա 11մ հարվածաշարում 4-2 հաշվով (հիմնական ժամանակում՝ 1-1) հաղթելով «Արարատ-Արմենիային», նվաճեց 2024/25թթ. մրցաշրջանի վերջին մրցանակը՝ յուրօրինակ հեթ-տրիկ ձևակերպելով:
Sportmedia.am-ը Սուպերգավաթի հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Երկրորդ անգամ վիճարկելով Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը, «Նոան» կրկին նվաճեց պատվավոր մրցանակը՝ դառնալով կրկնակի սուպերգավաթակիր: Թիմի առաջին հաջողությունը գրանցվել էր 2020թ., երբ Հայաստանի գավաթակրի կարգավիճակով «Նոան» Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ Սուպերգավաթի խաղում 2-1 հաշվով հաղթել էր երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիային»:
«Նոան» հայկական ֆուտբոլում իր 5-րդ տիտղոսը նվաճեց: Թիմն այժմ Հայաստանի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր ու սուպերգավաթակիր է:
2. «Նոան» դարձավ 3-րդ ակումբը, որին հաջողվեց մեկ մրցաշրջանում նվաճել հայկական ֆուտբոլի բոլոր 3 մրցանակները: Առաջինը «Ցեմենտն» էր, որը 1998թ. Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ յուրօրինակ հեթ-տրիկ ձևակերպեց: 4 անգամ մրցաշրջանի բոլոր 3 տիտղոսներին արժանացել է «Փյունիկը» (2004թ.՝ Միխայ Ստոյկիցա՝ գավաթակիր, Վարդան Մինասյան՝ չեմպիոն և սուպերգավաթակիր, 2009 և 2010թթ.՝ Վարդան Մինասյան, 2014/15թթ.՝ Սարգիս Հովսեփյան):

3. Մինչև օրս Սուպերգավաթին տիրել են 9 ակումբներ: Յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 10 անգամ է դարձել սուպերգավաթակիր: 6 անգամ պատվավոր մրցանակը նվաճել է «Շիրակը», 3 անգամ՝ «Ալաշկերտը», «Միկան», «Արարատ-Արմենիան» և «Նոան» կրկնակի սուպերգավաթակիրներ են: Մեկական անգամ սուպերգավաթակրի կոչմանն են արժանացել «Ցեմենտը», «Արարատը» և «Ուրարտուն»:
4. «Արարատ-Արմենիան» 4-րդ անգամ վիճարկեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: 2-րդ անգամ թիմին չհաջողվեց խաղադաշտից հեռանալ մրցանակով՝ վճռորոշ խաղում կրկին զիջելով «Նոային»: «Արարատ-Արմենիան» Սուպերգավաթը նվաճել է 2019թ. («Ալաշկերտ»՝ 3-2) և 2025թ. («Փյունիկ»՝ 4-0) Վարդան Մինասյանի գլխավորությամբ:
5. Սուպերգավաթի հանդիպումներում 5-րդ անգամ հաղթողը որոշվեց հետխաղյա 11մ հարվածաշարում: Նախկինում դա տեղի էր ունեցել 1998թ. («Շիրակ» - «Ցեմենտ»՝ 1-1, 3-4՝11մ), 2012թ. («Ուլիս» - «Միկա»՝ 0-0, 3-5՝11մ), 2016թ. («Ալաշկերտ» - «Բանանց»՝ 1-1, 3-2՝ 11մ) և 2023թ. («Շիրակ» - «Ուրարտու»՝ 0-0, 6-5՝ 11մ):

6. Սանդրո Պերկովիչը դարձավ սուպերգավաթակիր թիմ պատրաստած 17-րդ մարզիչը՝ Հայաստանում իր առաջին տիտղոսը նվաճելով: Ռեկորդակիրը Վարդան Մինասյանն է, որի գլխավորած թիմերը 6 անգամ նվաճել են Սուպերգավաթը: Նրա գլխավորությամբ 4 անգամ մրցանակը շահել է «Փյունիկը» (2005, 2008, 2010-11թթ.), 2 անգամ՝ «Արարատ-Արմենիան»: Մարզչական կարիերայում Մինասյանը միայն 2009թ. կայացած խաղում է անհաջողության մատնվել 2008թ. Սուպերգավաթի մրցախաղում, երբ «Փյունիկը» 1-2 հաշվով պարտվել է «Արարատին»:
7. Զիդան Բանջաքին և Հելդեր Ֆեռեյրան բացեցին գոլերի հաշիվը Սուպերգավաթի մրցախաղերում՝ առաջին անգամ մասնակցելով պատվավոր մրցանակի խաղարկությանը: Ֆեռեյրան ընդգրկվեց Սուպերգավաթի հանդիպումներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Բրունո Պինտուի դարպասը գրավելով 28 տարեկան 341 օրականում: Հետաքրքիր է, որ այդ ցանկը գլխավորում է «Նոայի» նախկին ֆուտբոլիստ Դենիս Դեդեչկոն, որը 2020թ. Սուպերգավաթի խաղում «Արարատ-Արմենիայի» դարպասը գրավել էր 33 տարեկան 38 օրականում:

Զիդան Բանջաքին էլ ընդգրկվեց Սուպերգավաթի հանդիպումներում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ Ալեքսեյ Պլոշադնու դարպասը գրավելով 27 տարեկան 87 օրականում:
8. Սուպերգավաթի 27-րդ խաղարկության մասնակիցներից ամենատարեցը «Նոայի» ավագ Հովհաննես Համբարձումյանն էր (35 տարեկան 159 օրական): Նա ընդգրկվեց ամենատարեց սուպերգավաթակիրների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Սարգիս Հովսեփյանին, որը վերջին անգամ մրցանակին արժանացել էր 34 տարեկան 206 օրականում: Ռեկորդակիրը Հրայր Մկոյանն է, որը 2023թ. «Շիրակում» սուպերգավաթակիր էր դարձել 37 տարեկան 35 օրականում:
Սուպերգավաթի հանդիպումը Հովհաննես Համբարձումյանի ֆուտբոլային հայաստանյան կարիերայում 300-րդն էր: Խաղերից 237-ին նա մասնակցել է «Բանանցի» և «Նոայի» կազմում, 53 անգամ խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային, 10 անգամ՝ երիտասարդական հավաքականների մարզաշապիկով:

9. Պահեստայինների նստարանին մնացած Հովհաննես Հարությունյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր: Նախորդ երկու տիտղոսներին նա արժանացել էր «Արարատ-Արմենիայում» 2019 և 2025թթ.: Ռեկորդակիրն Արտակ Եդիգարյանն է, որը հնգակի սուպերգավաթակիր է («Փյունիկ»՝ 2008, 2010-2011թթ., «Ալաշկերտ»՝ 2016, 2021թթ.):
10. Արտյոմ Ավանեսյանը դարձավ կրկնակի սուպերգավաթակիր՝ առաջին անգամ մասնակցելով Սուպերգավաթի հանդիպմանը: Նա հայտավորվել էր «Արարատ-Արմենիայում» 2019թ. «Ալաշկերտի» հետ կայացած Սուպերգավաթի հաղթական խաղին, սակայն խաղադաշտ դուրս չէր եկել: Սուպերգավաթի խաղին հայտավորված «Նոայի» մյուս 21 ֆուտբոլիստներն առաջին անգամ վայելեցին մրցանակը նվաճելու բերկրանքը: