Զգացողություններս աննկարագրելի էին․ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Ասոյան
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում նախորդ ամիս կայացավ պատանիների, երիտասարդների և մեծահասակների խառը մենամարտերի (MMA) Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էր 34 երկրի 1500֊ից ավելի մարզիկ։
12 մարզիկով մրցաշարին մասնակցող Հայաստանի հավաքականը նվաճեց երկու մեդալ։
Պատանիների A խմբում բրոնզե մեդալակիր դարձավ Ռաֆիկ Ալեքսանյանը, իսկ մեծահասակների պայքարում, արծաթե մեդալ նվաճեց Արթուր Ասոյանը։
21-ամյա մարզիկի նվաճած մեդալը Հայաստանի համար առաջինն էր խառը մենամարտերի Եվրոպայի առաջնության մեծահասկաների պայքարում։

Sportmedia.am-ի հետ զրույցում Արթուր Ասոյանը խոսել է մարզական ուղու, Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնության ու սպասվող մրցաշարերի մասին։
- Ինչպե՞ս որոշեցիր զբաղվել սպորտով ու ինչու ընտրեցիր հենց MMA-ն։
- Մանկուց սիրել եմ սպորտն ու միշտ ձգտել եմ լինել ֆիզիկապես ուժեղ։ Ընտրել եմ MMA-ն, որովհետև այն համատեղում է տարբեր մարտարվեստներ։
- Մինչև սպորտում լուրջ քայլեր կատարելը՝ անցել ես պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն։ Ինչպե՞ս էիր համատեղում ծառայությունն ու մարզումները։
- Զինվորական ծառայությունը կարևոր փուլ էր իմ կյանքում։ Սկզբում դժվար էր համատեղել ծառայությունն ու մարզումները, բայց հետո ոչ միայն մարզվել՝ այլ իմ ուժերն եմ փորձել համաբանակային ձեռնամարտոմ և դարձել 2023թ ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի չեմպիոն։
- Պատմիր Սերբիայում կայացած առաջնության մասին։ Բացի պատմական մեդալ նվաճելուց, ինչո՞վ առանձնացավ այն։
- Սերբիայում կայացած առաջնությունը մեծ փորձ էր ինձ համար։ Մրցաշարը բարձր մակարդակի էր։ Մասնակցում էին ուժեղ մարզիկներ տարբեր երկրներից։ Բացի մեդալից այն առանձնացավ նրանով, որ ես ավելի վստահ դարձա իմ ուժերի վրա և ապացուցեցի, որ կարող եմ մրցել միջազգային բարձր ասպարեզներում։
- Մրցաշարի կիսաեզրափակիչում 14 վայրկյանի ընթացքում նոկաուտի ենթարկեցիր ուկրաինացի մրցակցիդ։ Պատմիր զգացողություններիդ մասին։ Ինչպե՞ս դա ստացվեց։
- Այդ մենամարտին շատ կենտրոնացած էի դուրս եկել ռինգ։ Նախապես ուսումնասիրել էինք մրցակցիս և պատրաստ էինք արագ մեկնարկի։ Երբ հնարավորություն ստեղծվեց, առանց հապաղելու օգտագործեցի այն։ Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ։ Զգացողություններս աննկարագրելի էին, մեծ ուրախություն էի ապրում, բայց միաժամանակ փորձում էի զսպել էմոցիաներս։

- Բելգրադում էր նաև Իսլամ Մախաչևը։ Նկատե՞լ ես, դիտե՞լ է արդյոք քո մենամարտերը։ Իր ներկայությունը մեծացնո՞ւմ էր լարվածությունը։
- Այո, նրա ներկայությունն իհարկե զգացվում էր։ Երբ նման մակարդակի մարզիկ է ներկա դա լրացուցիչ մոտիվացիա է տալիս։ Չգիտեմ անձամբ դիտել է իմ մենամարտը, թե ոչ, բայց միայն այն փաստը, որ նա այնտեղ էր, ավելի մեծ պատասխանատվություն էր դնում իմ վրա, քանի որ դու պետք է մենամարտես աշխարհահռչակ մարզիկի ներկայությամբ։
- Ի՞նչ նպատակներ ունես առաջիկայում։
- Իմ նպատակը նախ IMMAF-ի աշխարհի չեմպիոն դառնալն է դրանից հետո կմտածեմ պրոֆեսիոնալ կարիերա սկսելու մասին։ Ամեն ինչ ուզում եմ անել ճիշտ ժամանակին և Աստծո կամքով։
-Ըստ քեզ, ի՞նչ ապագա ունի MMA-ը Հայաստանում։
- Հայաստանում MMA ն մեծ պոտենցալ ունի և մեծ ապագա է սպասվում այս սպորտաձևին, որի զարգացման մեջ իրենց մեծ ներդրումն ունեն Հայաստանի MMA ֆեդերացիաի նախագահ Գարեգին Աղաբալյանը և փոխնախագահ ու իմ անձնական մարզիչ Ստեփան Շահմուրադյանը։ Նրանց աշխատանքի, նվիրվածության և ճիշտ կառավարման շնորհիվ Հայաստանում MMA-ն տարեցտարի ավելի բարձր մակարդակի է հասնում։
- Ո՞վ է աշխարհի լավագույն MMA մարզիկը։
- Ինձ համար աշխարհի լավագույն MMA մարզիկը Ֆյոդոր Եմելիանենյոն է։Նա լեգենդ է՝ իր հաղթանակներով, տիտղոսներով ու սառնասրտությամբ՝ երկար տարիներ պահպանելով անպարտելիի համբավը։
- Ո՞ւմ հետ կցանկանայիր մենամարտել ապագայում։
- Իմ նպատակն է մրցել լավագույնների դեմ՝ ովքեր ինձ կտան հնարավորություն ապացուցելու իմ մակարդակը ռինգում։
- Ի՞նչ մրցաշարի ես պատրաստվում այս փուլում։
- Պատրաստվում եմ մարտի 22-ին կայանալիք մարտական սամբոյի Հայաստանի առաջնությանը։ Ինտենսիվ մարզումներ եմ իրականացնում, հոգեբանորեն շատ լավ եմ տրամադրված և մտածում եմ միայն հաղթանակի մասին։