BazaResidence
Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դրտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին| Վանը կամային հաղթանակ տարավ Արարատի դեմ խաղում (տեսանյութ)| Ռեալը պարտվեց Մալյորկային|
Սենեգալը մեղադրում է CAF-ին կոռուպցիայի և Մարոկկոյին հաղթանակ նվիրելու մեջ․ Երկրի կառավարության ազդեցիկ հայտարարությունը
18 Մարտ 2026

Սենեգալը մեղադրում է CAF-ին կոռուպցիայի և Մարոկկոյին հաղթանակ նվիրելու մեջ․ Երկրի կառավարության ազդեցիկ հայտարարությունը

Սենեգալի կառավարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) որոշման հետ, որով Աֆրիկայի գավաթի եզրափակչում Մարոկկոյին շնորհվել է հաղթանակ՝ չնայած Սենեգալի հավաքականի՝ 1:0 հաշվով խաղադաշտում գրանցած հաղթանակին։ Սենեգալին գրանցվել է տեխնիկական պարտություն՝ խաղի ժամանակ դաշտը լքելու պատճառաբանությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Սենեգալի կառավարությունն իր խորին վրդովմունքն է հայտնում Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի բողոքարկման ժյուրիի կայացրած որոշման կապակցությամբ, որն ուղղված է Սենեգալի ընտրանուն 2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթողի տիտղոսից զրկելուն և այն Մարոկկոյին փոխանցելուն։

Սա բացառիկ լրջություն ունեցող աննախադեպ որոշում է, որն ուղղակիորեն խախտում է սպորտային էթիկայի հիմնարար սկզբունքները, նախևառաջ՝ արդարությունը, ազնվությունը և մրցասպարեզում ձեռք բերված արդյունքի նկատմամբ հարգանքը։ Այն հիմնված է կանոնակարգի ակնհայտ սխալ մեկնաբանության վրա, ինչը հանգեցրել է իրավունքին կոպտորեն հակասող և անարդար որոշման։

Կասկածի տակ դնելով խաղի արդյունքը, որն ամբողջությամբ անցկացվել և որոշվել է խաղի կանոններին համապատասխան՝ CAF-ը լուրջ վնաս է հասցնում սեփական հեղինակությանը, ինչպես նաև խարխլում է Աֆրիկայի ժողովուրդների օրինական վստահությունը մայրցամաքային սպորտային ինստիտուտների նկատմամբ։

Սենեգալը չի կարող թույլ տալ, որ վարչական որոշումը ջնջի նվիրումը, արժանիքները և սպորտային վարպետությունը։ Երկիրը վճռականորեն մերժում է նվաճված տիտղոսից անարդարացիորեն զրկելու այս փորձը։

Սենեգալը կոչ է անում սկսել անկախ միջազգային հետաքննություն՝ CAF-ի ղեկավար մարմիններում կոռուպցիայի կասկածների առնչությամբ։

Բացի այդ, Սենեգալը մտադիր է օգտագործել բողոքարկման բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ դիմումը միջազգային իրավասու դատական ատյաններին՝ արդարության հասնելու և սպորտային արդյունքը վերականգնելու համար։

Կառավարությունը նաև առիթն օգտագործում է վերահաստատելու ամբողջ ազգի համերաշխությունը Սենեգալի այն քաղաքացիների հետ, ովքեր ձերբակալվել են Մարոկկոյում՝ Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակչի ժամանակ տեղի ունեցած միջադեպերից հետո։ Այն լիովին մոբիլիզացված է իրավիճակը վերահսկելու համար՝ նպատակ ունենալով հնարավորինս սեղմ ժամկետներում հասնել դրա բարենպաստ լուծմանը։

Սենեգալը կմնա վճռական, զգոն և անկոտրում՝ պաշտպանելու իր ազգային հավաքականի իրավունքները և վերականգնելու աֆրիկյան սպորտի պատիվը»։

Նախորդ հոդվածը
Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը կմասնակցի աթլետիկայի աշխարհի առաջնությանը
Հաջորդ հոդվածը
Զգացողություններս աննկարագրելի էին․ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Ասոյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։