ԱԱ-2026. Ընտրական փուլի փլեյ-օֆֆ. Յոկերեսի հեթ-տրիկը, 7 գնդակ Բրատիսլավայում և այլ արդյունքներ
Այսօր միաժամանակ կայանում էին ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի 7 խաղեր: Հաջորդ փուլ դուրս եկած Իտալիային ու Թուրքիային միացան ևս 4 թիմեր, իսկ 2 խաղ տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Շվեդիան 3:1 հաշվով հաղթեց Ուկրաինային: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Արսենալի» հարձակվող Վիկտոր Յոկերեսը: Ուկրաինացիների միակ գոլը խփեց Մատվեյ Պոնոմարենկոն: Շվեդիան դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ մրցելու է Լեհաստանի հավաքականի հետ: Լեհերը 2:1 հաշվով կամային հաղթանակի հասան Ալբանիայի նկատմամբ. Արբեր Հոջայի գոլին երկրորդ խաղակեսում պատասխանեցին Ռոբերտ Լևանդովսկին ու Սեբաստիան Շիմանսկին:
Ամենագոլառատ խաղը ստացվեց Բրատիսլավայում, որտեղ Կոսովոն 4:2 հաշվով հաղթեց Սլովակիային: Տանտերերը Լուկաշ Հարասլինի գոլի ու ասիստի շնորհիվ 2:1 հաշվով առջևում էին առաջին կեսից հետո, բայց երկրորդում Կոսովոն 3 գոլ խփեց, իսկ բաց թողեց ընդամենը մեկը: Բալկանյան թիմը դուրս կգա Մունդիալ-2026, եթե որոշիչ խաղում հաղթի Թուրքիային:
Ամենահեշտ հաղթանակը տարավ Դանիան, որը մեծ առավելություն ուներ և 4:0 հաշվով գերազանցեց Հյուսիսային Մակեդոնիային: Դուբլ գրանցեց Գուստավ Իսակսենը, մեկական գոլ խփեցին Միկել Դամսգորը և Քրիստիան Նյորգորը: Դանիայի մրցակիցը հայտնի կդառնա Չեխիա – Իռլանդիա խաղի ավարտից հետո: