Ֆուտզալի Եվրո-2026-ին չենք գնալու ուղղակի նվեր դառնալու համար. Ռուբեն Նազարեթյան
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության:
Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին մրցափուլում Հայաստանի հավաքականը Երևանում մրցել է Ղազախստանի ընտրանու հետ և 4:2 հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպումից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է հաղթանակի, թիմի տղաների և սպասվելիք մարտահրավերների մասին:
«Ասել եմ, որ մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք ... բրազիլացիներով, առանց: Մենք աշխատանք ենք կատարել վերջին 5-6 տարում, որպեսզի այդ խնդրահարույց հարցերը չլինեն: Իրենք էլ մեր ընտանիքի անդամներն են դարձել. Չեմ ուզում իրենց առանձնացնել, որովհետև, գուցե, եթե իրենք չլինեին, այս հաջողությունն էլ չլիներ: Նրանցից մեր տղաները շատ բան են սովորում:
Բայց այսօր շնորհակալ եմ մեր բոլոր տղաներին, ովքեր հավատացին, եկան մեր հետևից ու հասանք այս հաջողությանը: Այս հավաքականից շատ մեծ սպասելիքներ կան, որովհետև մենք այնտեղ չենք գնալու ուղղակի նվեր դառնալու համար: Այսօր մենք հաղթել ենք Եվրոպայի երկրորդ, իսկ աշխարհի՝ երրորդ հավաքականին: Իսկ դա վկայում է այն մասին, որ մենք մեր ուժն ունենք: Մինչև Եվրոպայի առաջնություն, խոստանում եմ, ավելի ու ավելի առաջ կգնանք»,- ասել է Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում 2026 թվականի հունվարի 18-ից փետրվարի 8-ը։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված էր 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն էին Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ Հայաստանի ընտրանին Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը` հավաքելով 16 միավոր:
ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները, նրանց միանալու են նաև եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։
Մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։