Վարդենիսը նոր մարզադաշտ կունենա․ Արամ Ոսկանյանը՝ Անդրանիկի հաջողությունների ու ծրագրերի մասին
Վերջին օրերին հայկական ակումբային ֆուտբոլում ամենամեծ իրադարձությունը Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչում «Անդրանիկ» ակումբի հայտնվելն էր, որը քառորդ եզրափակիչում հաղթեց «Սյունիքին» (5:2, 0:0): Թիմը հանդես է գալիս Առաջին խմբում և պատմության մեջ առաջին անգամ կխաղա կիսաեզրափակիչում:
Sportmedia.am-ը զրուցել է Վարդենիսը ներկայացնող թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի հետ:
- Վարդենիսում արդեն պատմական են անվանում «Սյունիքի» դեմ խաղը: Ինչպիսի՞ն էին ձեր սպասելիքները:
- Ես լավ եմ ճանաչում «Սյունիքին», երկու տարի մարզել եմ այդ թիմը: Հաշվի առնելով գավաթային խաղի գործոնը, գումարած Կապանում գրանցված 0:0 հաշիվը՝ մենք հատուկ տակտիկա էինք մշակել: Շատ օգնեց մրցակից թիմի ուժեղ և թույլ կողմերի մասին տեղյակ լինելը: Կառավարում էինք խաղի ընթացքը և կարողացանք հաղթել:
- Այդ խաղում աննորմալ քանակի շատ գոլային պահեր կային, հատկապես գավաթային մրցավեճի համար: Ինչի՞ հետ էր դա կապված:
- Սկզբում բաց թողած գոլից հետո սկսեցինք բաց ֆուտբոլ խաղալ: Որոշակի ռիսկ կար նման խաղում, բայց մեր պաշտպանությունը լավ խաղաց, իսկ հարձակումը գոլեր խփեց:
- Նաև տակտիկական փոփոխություններ են նկատվում «Անդրանիկում»:
- Այո, մենք թիմ գալուց հետո խաղային համակարգ ենք փոխել: Նախկինում «Անդրանիկը» խաղում էր երեք կենտրոնական պաշտպանով, բայց մենք անցել ենք 4-3-3 սխեմայի, որպեսզի մեր եզրային հարձակվողներն իրենց դրսևորելու ավելի լավ պայմաններ ունենան:

- «Անդրանիկի» համար պատմական այդ խաղը Երևանում էր, բայց տրիբունայում թիմին աջակցող շատ երկրպագու կար: Տոնակատարությունը շարունակվեց Վարդենիսո՞ւմ:
- Շատ հաճելի էր այդքան երկրպագու տեսնել տրիբունայում: Հուսով եմ՝ ապագայում ավելի շատ կլինեն: Քանի որ խաղը Երևանում էր, մեր շատ աջակիցներ չէին կարողացել գալ: Տոնակատարություն չի եղել. սա դեռ հերթական քայլն է, շուտ է տոնելու համար: Մենք պարզապես այդ օրը լուծեցինք մեր առջև դրված խնդիրը:
- Դեռ ընդամենը 2 խաղ եք մարզել «Անդրանիկը»: Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք այդ ակումբ:
- Առաջարկ ստացա ակումբի ղեկավարներից. հանդիպեցինք, զրուցեցինք: Նկատեցի, որ լավ մոտեցում ունեն, լուրջ տպավորություն թողեցին, դրական են տրամադրված: Նպատակները մեկ օրվա չեն, այլ մի քանի տարվա ծրագիր է, որին քայլ առ քայլ են գնալու: Մտադիր են նաև Վարդենիսում ակադեմիա ունենալ, որը Գեղարքունիքում առաջինը կլինի: Ես էլ ծնունդով Գեղարքունիքից եմ, ինձ համար կրկնակի հաճելի է աշխատել հարազատ մարզի ակումբում:
- Նոր մարզիչ նշանակելիս նրան սովորաբար բացատրում են, թե թիմից ինչպիսի խաղ և արդյունքներ են ակնկալում: Ձեր առջև ի՞նչ խնդիր դրվեց:
- Հիմնական նպատակը Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելն է:
- Որքանո՞վ է իրատեսական առաջին տեղը գրավելը՝ հաշվի առնելով, որ Առաջին խմբի ավարտին 8 տուր է մնացել, իսկ «Անդրանիկը» 9 միավորով հետ է առաջատարից:
- Շանսեր կան: Խնդիրն այն է, որ այս պահին ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված, բայց մեզ հասանելի ամեն ինչ անելու ենք առաջին տեղը գրավելու համար:
- Այդուհանդերձ, անգամ առաջին տեղը գրավելը ձեզ կարող է ուղեգիր չտալ, որովհետև ՀՖՖ-ի արտոնագրման բաժինն «Անդրանիկին» Պրեմիեր լիգայի արտոնագիր չի տվել՝ կանանց թիմ չունենալու պատճառով: Բողոքարկելո՞ւ եք որոշումը:
- Գործը դեռ ընթացքի մեջ է: Հույս ունեմ՝ արտոնագրման որոշումը կվերանայվի: Ակումբի ղեկավարներն են զբաղվում այդ հարցերով, իսկ մարզիչներս կենտրոնացած ենք թիմի ելույթների վրա, իսկ ֆուտբոլիստները՝ իրենց խաղի:
- Գավաթում ինչպիսի՞ խնդիր է դրված: Թիմն արդեն կիսաեզրափակիչում է և մրցելու է «Ուրարտուի» հետ:
- Հաճախ ասում են, որ գավաթի խաղարկությունում ֆավորիտներ չկան, բայց այս պարագայում «Ուրարտուն» ֆավորիտ է: Բայց մեր կազմը խաղակցված է, փորձելու ենք առավելագույնին հասնել:
- «Ուրարտուի» մարզիչը Ռոբերտ Արզումանյանն է, որի թիմերի դեմ հանդիպել եք 3 անգամ, և բոլորում գրանցվել է 0:0 հաշիվը: Ինչպիսի՞ հակամարտություն սպասել այս անգամ:
- Արդեն հետզհետե կնախապատրաստվենք և կվերլուծենք Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմին: Անկեղծ ասած՝ վերջին ամիսներին աշխատանքի բերումով շատ չեմ հասցրել հետևել «Ուրարտուին», բայց շուտով կսկսենք ուսումնասիրել: Գիտեմ, որ Բարձրագույն խմբում առաջատարների թվում են:
- «Անդրանիկի» ֆուտբոլիստների խաղամակարդակը ձեզ զարմացրե՞ց:
- Ակումբը բավականին լավ սելեկցիա է կատարել: Այս փուլում գոհ եմ թիմի կազմից: Ունենք լավ մակարդակի թե՛ հայ ֆուտբոլիստներ, և թե՛ արտասահմանցի:

- Օրինակ՝ մրցաշրջանի սկզբից շատ հիանալի տպավորություն է թողնում հարձակվող Իսմաել Օլավալեն, որը նաև առաջնության ռմբարկուն է: Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին:
- Նա յուրահատուկ հարձակվող է, նրա գործողություններն անկանխատեսելի են: Անհատական որակները բարձր են: Հիմա մենք աշխատում ենք, որ նա թիմային խաղում էլ առաջընթաց գրանցի: Օլավալեն անհատական խաղով կարողանում է հարցեր լուծել, բայց ես ուզում եմ, որ նա իր որակներն օգտագործի նաև թիմային խաղում:
- Օլավալեն նաև աշնանն էր տպավորել իր խաղով, և կարելի էր սպասել, որ առաջարկ կստանա Fastex Պրեմիեր լիգայի ակումբներից: Չի՞ զարմացնում, որ Պրեմիեր լիգայում մեծ ուշադրություն չեն դարձնում Առաջին խմբի տաղանդներին:
- Ոչ միայն նա, այլև «Անդրանիկի» ուրիշ խաղացողներ հանգիստ կարող են Պրեմիեր լիգայում խաղալ: Գավաթի խաղարկությունը լավ շանս է, որ նրանք իրենց ցույց տան:
- Ինձ տպավորել է, որ «Անդրանիկը» կարող է Առաջին խմբի ավելի ցածր տեղեր զբաղեցնող թիմերում լավ ֆուտբոլիստ գտնել և ավելի ուժեղանալ: Օլավալեին ու Նդիդիին հրավիրել են «Բենտոնիտից», կա ֆուտբոլիստ «Լեռնային Արցախից», քիչ չեն նաև վարձակալված ֆուտբոլիստներ հայկական ուժեղ ակումբներից: Մեր ֆուտբոլում նման մոտեցմամբ թիմերը շատ չեն:
- Ակումբը շատ ճիշտ քաղաքականություն է վարում այդ առումով: Մենք վարձակալում ենք ֆուտբոլիստներին, ինչը ձեռնտու է նաև նրանց ակումբներին, որովհետև տվյալ ֆուտբոլիստը մեզ մոտ շատ խաղաժամանակ կստանա, և մենք էլ աշխատում ենք նրանց անհատական աճի վրա:
- Դուք «Սյունիքից» հեռացաք 2025-ի ամռանը: Դրանից հետո Առաջին խմբին հետևո՞ւմ էիք:
- Այո:
- Որքանո՞վ է փոխվել խաղամակարդակն այս մրցաշրջանում:
- Մոտավորապես նույնն է, պարզապես որակյալ թիմերի քանակն է ավելացել: Օրինակ՝ «Սարդարապատը», «Հայքը»...

- Շատերը կարող է տեղյակ չլինեն, որ դուք նախորդ կես տարում աշխատում էիք «Փյունիկում»: Կպատմե՞ք՝ ինչո՞վ էիք զբաղվում:
- Ամբողջ ակադեմիայի գլխավոր մարզիչն էի: Կառավարում էի մարզիչների աշխատանքը, նաև հետևում էի մարզումներին: Իհարկե, միայնակ չէի այդ գործում: Մենք ունեինք տեխնիկական խորհուրդ՝ ակումբի տեխնիկական տնօրեն Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ: Խորհրդում էին նաև Արամ Գյուլբուդաղյանը, Արթուր Մինասյանը և Էդուարդ Կակոսյանը: Խորհրդով որոշումներ էինք կայացնում: Սելեկցիայի հսկայական աշխատանք ենք կատարել «Փյունիկում»: Այդ աշխատանքը շարունակական է լինելու: Յուրաքանչյուր երեխայի մասին տեղեկություններ էինք հավաքել:
- Ձեզ դուր եկա՞վ այդ աշխատանքը:
- Շատ հետաքրքիր էր, նման չէր իմ նախորդ մարզչական փորձերին: Բազմաթիվ նոր բաներ եմ սովորել: Նախկինում միշտ եղել էի գլխավոր մարզիչ Հայաստանում կամ արտասահմանում: Եվ հնարավոր է՝ ևս 10 տարի շարունակեի մարզիչ աշխատել, սակայն այն նրբությունները չսովորեի, որոնք ձեռք բերեցի «Փյունիկի» ակադեմիայում աշխատելիս:
- Օրինա՞կ...
- Մոտեցումը ֆուտբոլիստին՝ նրանց հոգեբանությունը և բնավորությունը հասկանալը: Երբ ֆուտբոլիստն արդեն մեծ տարիքում հասնում է գլխավոր թիմ, և դու էլ այնտեղ գլխավոր մարզիչն ես, հաճախ չես մտածում, թե նա ինչպես է հասել այդ մակարդակին: Եթե աճը կանգ է առել, ինչո՞ւմն է խնդիրը. միգուցե վնասվածքն է խանգարել կամ աշխատասիրությունն է նվազել: Ակադեմիայում մենք շեշտը դնում էինք անհատի զարգացման վրա, չնայած արդյունքներն էլ կարևոր են: Գլխավոր թիմի մարզիչը միշտ լարվածության տակ է, բայց հիմա ես շատ հարցերին արդեն ավելի հանգիստ եմ նայում, ավելի սառնասիրտ եմ:
- Այդ սառնասրտությունը նկատվեց գավաթի քառորդ եզրափակիչում: «Անդրանիկի» տեխնիկական գոտում բոլորը տոնում էին գոլերը, իսկ դուք հանգիստ էիք, առանց էմոցիաների:
- Առաջին հերթին՝ իմ նախկին թիմի դեմ էինք խաղում, և հարգանքից դրդված՝ ավելորդ էմոցիա չէի ցանկանում ցույց տալ: Երկրորդ՝ երբ քո թիմը լավ է խաղում և գոլեր խփում, ավելի հանգիստ ես լինում: Եվ երրորդ՝ արդեն այդ հանգստությունը, որը ձեռք եմ բերել: Ինձ էլ հետաքրքիր է՝ արդյոք կարող եմ այն օգտագործել պրակտիկայում:

- «Անդրանիկն» Առաջին խմբի տնային հանդիպումներն անցկացնում է Սևանում, գավաթայինը՝ Երևանում, իսկ գրանցված է Վարդենիսում: Ե՞րբ է ակումբը «տուն» ունենալու:
- Ակումբը կառուցում է նոր մարզադաշտ Վարդենիսում, որը լինելու է հենց նախկին մարզադաշտի տարածքում։ Այն հիմնովին քանդվել է և շինարարությունը սկսվել է զրոյից։ Մարզադաշտը լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան: Տնային խաղերն անցկացնելու ենք այնտեղ:
- Ե՞րբ պատրաստ կլինի մարզադաշտը:
- Առաջիկա աշնանը:
- Որքա՞ն հանդիսական է նախատեսվում:
- Մի քանի հազար: Տրիբունաները կան, մնում է վերակառուցվեն: Խաղադաշտն արդեն պատրաստ է:
- Դուք մինչև այդ կլինե՞ք «Անդրանիկում»: Մինչև ե՞րբ է նախատեսված ձեր պայմանագիրը:
- Հուսամ: Պայմանագրիս ժամկետը մինչև 2027 թվականի ամառն է: