Հերքելը տեղին չի լինի. Տիկնիզյանը չի բացառել ՌՊԼ վերադարձը
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում պատասխանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա հնարավոր վերադարձի և ռուսական ակումբների առաջարկների վերաբերյալ հարցերին։
«Իմ ուղին ֆուտբոլ խաղալն է։ Ինչ վերաբերում է վերադարձին, ապա այն լիովին հերքելը տեղին չէր լինի։ Կարծում եմ՝ ամեն ինչ կախված կլինի հանգամանքներից։ Նույնը վերաբերում է նաև Եվրոպա տեղափոխվելուն։ Բայց այսօր ես «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ եմ, առջևում մրցաշրջանի եզրափակիչ հատվածն է և բոլոր մտքերս միայն դրա հետ են կապված։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կդասավորվի գալիք ամառը։
Առաջնահերթությունը մնում է եվրոգավաթներում հանդես գալը։ Բայց, կրկնում եմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից»,–ասել է 26-ամյա Տիկնիզյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին Նաիր Տիկնիզյանը երեք տարվա պայմանագիր է ստորագրել «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Այս մրցաշրջանում նա Սերբիայի առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականի խաղացողը ՌՊԼ-ում հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Լոկոմոտիվի» կազմերում։