BazaResidence
Կիլիան Մբապեն թարմացրել է մեկ մրցաշրջանում հեռահար գոլերի քանակով անձնական ռեկորդը| Լեսթեր Սիթին նահանջել է Անգլիայի երրորդ դիվիզիոն| Արամ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանի միջազգային մրցաշարում| Ուրարտուի անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց, Շիրակի ամենափորձառու լեգեոնականը. Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը՝ 10 փաստով| Բռնցքամարտի աշխարհի գավաթ. Չալոյանը ևս հաղթանակով է մեկնարկել| Ըմբշամարտի ԵԱ. հունահռոմեականների վերջին՝ մեդալային օրը|
Fastex Պրեմիեր լիգա. 21-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
09 Ապրիլ 2026

Fastex Պրեմիեր լիգա. 21-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Ապրիլի 10-ին կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը: Մրցակիցների միջև նախատեսված 2-րդ շրջանի 16-րդ տուրի հանդիպումները հետաձգվել էին: Այդ հանդիպումներից մեկը՝ «Արարատի» և «Ալաշկերտի» մրցավեճը նշանակվել է ապրիլի 11-ին, իսկ 3 օր անց այս թիմերն Արմավիրում կմրցեն արդեն 21-րդ տուրի շրջանակում:

Sportmedia.am-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Վան» - «Ուրարտու»

Ապրիլի 10, ժամը՝ 15:30, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

19 խաղ, «Վանը» հաղթել է 4 անգամ, «Ուրարտուն»՝ 11, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 17-33

1-ին շրջան. 15.08.2025 «Վան» - «Ուրարտու»՝ 0-2 (0-1) 

Գոլերը՝ 0-1՝ Էդուարդ Վարդանյան 14՛, 0-2՝ Էրիկ Փիլոյան 80՛:

«Վան»՝ 6-րդ տեղ (25 միավոր), «Ուրարտու»՝ 3-րդ տեղ (39 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1. Նախորդ տուրը հաջող էր «Վանի» համար, որը հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ: Դա առաջնության գարնանային հատվածում չարենցավանյան ակումբի առաջին հաղթանակն էր: Այդ խաղում արարատցի Մամադու Դումբիայի խփած գնդակը դարձավ պաշտոնական մրցումներում «Վանի» բաց թողած 300-րդ գոլը:

Մինչև այդ էլ «Վանը» Չարենցավանում լուրջ դիմադրություն էր ցույց տվել «Արարատ-Արմենիային»՝ դրամատիկ պայքարում գրանցելով մարտական ոչ-ոքի (2-2):

2. «Ուրարտուն» էլ սեփական դաշտում 4-2 հաշվով պարտության մատնեց «Գանձասարին»՝ տոնելով առաջնությունում 3-րդ անընդմեջ հաղթանակը: Այդ խաղում արդյունավետությամբ աչքի ընկավ թիմի պորտուգալացի հարձակվող Միգել Վելոսան՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: «Ուրարտուն» շարունակեց անպարտելի 13 խաղերի շարքը:  Այդ հանդիպումներից 8-ում Ռոբերտ Արզումանյանի սաները հաղթել են, 5 խաղ ավարտել են ոչ-ոքի: Վերջին պարտությունն առաջնությունում «Ուրարտուն» կրել է անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին՝ սեփական դաշտում 2-3 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:



3. Նախորդ մրցաշրջանի 2-րդ շրջանի խաղում հաղթելով «Ուրարտուին», «Վանն» ընդհատել էր մրցակցի հետ առաջնության նախորդ 8 հանդիպումներում առանց հաղթանակների շարքը, որի ընթացքում 5 պարտություն էր կրել: 

Առաջնությունում «Վանն» «Ուրարտուին» վերջին անգամ հաղթել է անցյալ տարվա մայիսի 28-ին՝ հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: 

4. Եթե Բրունո Միշելին հաջողվի գրավել «Վանի» դարպասը, ապա առաջնությունում 17-րդ գոլը կխփի և կգերազանցի թիմի նախկին լեգեոնական Բրունո Կորեայի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը: Վերջինս 2011թ. առաջնությունում 16 գոլի հեղինակ էր դարձել:  

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վան»՝ Մոմո Տուրե - 4 գոլ:

«Ուրարտու»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:

5-րդ դեղին քարտի պատճառով խաղը բաց կթողնի «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը:

«Գանձասար» - «Նոա» 

Ապրիլի 10, ժամը՝ 19:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

4 խաղ, որոնցում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-15

1-ին շրջան. 17.08.2025  «Նոա» - «Գանձասար»՝ 4-1 (3-1)

Գոլերը՝ 1-0՝ Հելդեր Ֆեռեյրա 7՛, 2-0՝ Գոռ Մանվելյան 24՛, 2-1՝ Լյուկ Մերիլ 26՛, 3-1՝ Տակուտո Օշիմա 45+1՛, 4-1՝ Վիրջիլ Պինսոն 85՛:

«Գանձասար»՝ 7-րդ տեղ (17 միավոր), «Նոա»՝ 4-րդ տեղ (35 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1. «Գանձասարը» լավ տպավորություն է թողնում առաջնության գարնանային հատվածում: Մեկնարկային տուրում Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը մարտական ոչ-ոքի էր գրանցել «Ուրարտուի» հետ (2-2), այնուհետև 2 անգամ հաղթել էր «Արարատին»՝ 2-0, 2-1: «Ուրարտուի» հետ նախորդ տուրի խաղում էլ գանձասարցիներն իրենց վատ չդրսևորեցին՝ բացելով հաշիվը: Սակայն այս անգամ առավելությունը պահպանել չհաջողվեց ու կապանցիները 2-4 հաշվով զիջեցին մրցակցին՝ կրելով առաջնության գարնանային հատվածում առաջին պարտությունը:

2. «Գանձասարի» հետ խաղը կլինի պաշտոնական մրցումներում «Նոայի» հոբելյանական՝ 300-րդ հանդիպումը: Fastex Պրեմիեր լիգայում գործող չեմպիոնն իր 237-րդ խաղը կանցկացնի:

«Նոան» չեմպիոնին արժանավայել խաղ է ցուցադրում առաջնության երկրորդ հատվածում՝ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն այս անգամ 2 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը: Գարնանն անցկացրած առաջնության 4 խաղերում չեմպիոնը 9 գոլ է խփել, իսկ Արթուր Կոնեգլյանն իր պաշտպանած դարպասն անառիկ է պահել:



3. «Նոան» «Գանձասարի» ամենադժվարին մրցակիցներից մեկն է: Մրցակիցների ծանոթությունը տեղի է ունեցել նախորդ մրցաշրջանում: Թե առաջնության և թե գավաթի մրցաշարում կայացած բոլոր 6 խաղերն էլ ավարտվել են «Նոայի» հաղթանակով, ընդ որում առաջին 4 խաղերում (երկուսը՝ գավաթի մրցաշարում) գրանցվել է խոշոր հաշիվ: Այդ հանդիպումներում ընդհանուր առմամբ «Նոան» 18 գոլ էր խփել: Իսկ ահա գանձասարցիները դեռ չէին գտել մրցակցի դարպասի բանալին: 

Եվ միայն ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում «Գանձասարին» վերջապես հաջողվեց գրավել «Նոայի» դարպասը՝ կրելով պաշտոնական մրցումներում խոշոր հաշվով 5-րդ պարտությունը:

2024թ. դեկտեմբերի 8-ին մրցակիցների միջև կայացած  առաջնության առաջին խաղում «Նոան» 7 անպատասխան գնդակ էր խփել գանձասարցիների դարպասը՝ տոնելով Հայաստանի առաջնություններում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը: Այդ խաղում Էրալդ Չինարին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել:

4. «Գանձասարի» դարպասը գրավելու դեպքում Մաթեուս Այասը «Նոայի» կազմում բոլոր մրցաշարերում խփած գոլերի ընդհանուր քանակը կհասցնի 28-ի և կդառնա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Գոնսալու Գրեգորիուի ռեկորդային ցուցանիշը:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Նոա»՝ Գոնսալու Գրեգորիու - 4 գոլ:

«Նոայից» կբացակայեն 5-րդ զգուշացումը ստացած Հելդեր Ֆեռեյրան և Գոռ Մանվելյանը:

«Արարատ» - «Ալաշկերտ» 

Ապրիլի 11, ժամը՝ 15:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

51 խաղ, «Արարատը» հաղթել է 13 անգամ, «Ալաշկերտը»՝ 31, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 54-82

1-ին շրջան. 16.08.2025 «Ալաշկերտ» - «Արարատ»՝ 3-0 (2-0)

Գոլերը՝ 1-0-2-0՝ Կարեն Նալբանդյան 5՛, 45+3՛, 3-0՝ Մոմո Տուրե 70՛, 11մ:

«Արարատ»՝ 10-րդ տեղ (6 միավոր), «Ալաշկերտ»՝ 5-րդ տեղ (33 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1. Չորս օրվա ընթացքում «Արարատն» ու «Ալաշկերտը» երկու անգամ մրցավեճի կբռնվեն: Նախ Երևանում տեղի կունենա 16-րդ տուրից հետաձգված 2-րդ շրջանի հանդիպումը, իսկ ապրիլի 14-ին մրցակիցներն Արմավիրում կանցկացնեն 21-րդ տուրում նախատեսված խաղը:

«Արարատը» նոր գլխավոր մարզչի՝ 43-ամյա պորտուգալացի մասնագետ Ռիկարդո Դիոնիսիոյի գլխավորությամբ շարունակում է անհաջող ելույթներն առաջնությունում՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Նախորդ տուրում արարատցիները սեփական դաշտում 1-2 հաշվով զիջեցին «Վանին»՝ կրելով 3-րդ անընդմեջ պարտությունը:

2. «Ալաշկերտի» համար չափազանց անհաջող դասավորվեցին չեմպիոնական մրցավազքում իր հիմնական մրցակիցների հետ անցկացրած առաջնության վերջին 6 հանդիպումները, որոնցում ընդամենը 5 միավոր վաստակեց: Վահե Գևորգյանի սաները նախորդ տուրում էլ հերթական թանկարժեք միավորները կորցրին՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1:



3. Առաջին շրջանում տարած հաղթանակով «Ալաշկերտն» ընդհատել էր առաջնությունում «Արարատից» կրած 3 անընդմեջ պարտությունների շարքը: Նախորդ հաղթանակն արարատցիների նկատմամբ «Ալաշկերտը» տարել էր 2024թ. մայիսի 20-ին՝ 3-1: 

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Ալեքսանդր Ռակիչ - 6 գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 17 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի 5 դեղին քարտի արժանացած «Ալաշկերտի» ավագ Կարեն Նալբանդյանը: 

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»

Ապրիլի 11, ժամը՝ 17:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

25 խաղ, «Փյունիկը» հաղթել է 9 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 9, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 33-35

1-ին շրջան. 25.11.2025  «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 1-0 (1-0)

Գոլը՝ 1-0՝ Խավիեր Մորենո 18՛:

«Փյունիկ»՝ 1-ին տեղ (41 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (39 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1. Չեմպիոնի տիտղոսի հավակնորդ երկու թիմերի մրցավեճը տուրի կենտրոնական հանդիպումն է ու մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Մրցակիցների առաջին շրջանի հանդիպմանն «Արարատ-Արմենիան» ներկայացել էր որպես առաջնության առաջատար, իսկ «Փյունիկն» ընթանում էր 3-րդ տեղում: Այժմ առաջատարը «Փյունիկն» է, որը 2 միավորով գերազանցում է իրեն հետապնդող «Արարատ-Արմենիային»:

Նախորդ տուրում փյունիկցիները շարունակեցին հաղթարշավը՝ Գյումրիում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Շիրակին»: Դա ընթացիկ առաջնությունում թիմի 6-րդ անընդմեջ հաղթանակն էր, ընդ որում բոլոր խաղերում էլ «Փյունիկի» դարպասն անառիկ է մնացել: Արդեն 9 խաղ «Փյունիկն» առաջնությունում անպարտելի է: Այդ խաղերում միայն «Ուրարտուին» է հաջողվել միավոր վաստակել փյունիկցիների հետ մրցավեճում՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1:  

2. «Արարատ-Արմենիայի» համար այս հանդիպումը մրցաշարային աղյուսակի առումով անչափ կարևոր լինելուց բացի նաև հոբելյանական է՝ 300-րդը պաշտոնական մրցումներում: «Արարատ-Արմենիան» Մանուել Տուլիպայի գլխավորությամբ հիանալի հանդես եկավ առաջնության աշնանային հատվածում՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը: 

Գարնանային հատվածում «Արարատ-Արմենիան» առաջնությունում անցկացրած 4 հանդիպումներում թանկարժեք 5 միավոր կորցրեց ու զիջեց առաջատարի դիրքը: Նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի (1-1) խաղաց «Ալաշկերտի» հետ:



3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 7 խաղերից միայն երկուսում է «Փյունիկը» հաղթել: Մյուս հանդիպումներից 3-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Բացի այդ էլ, նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» «Փյունիկին» հաղթել էր Սուպերգավաթի խաղում (4-0), առավելության էր հասել նաև Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում (2-0, 0-2, 4-2՝ 11մ):

4. Այս խաղում խփված առաջին գոլը կլինի ՀՀ առաջնություններում «Փյունիկի» մասնակցությամբ անցկացված հանդիպումներում գրանցված 2800-րդ գոլը: Փյունիկցիների օգտին ներկայումս Հայաստանի առաջնություններում 1946 գոլ է գրանցված:

5. Հաճելի իրադարձություն է սպասում Հենրի Ավագյանին: Եթե նրան հաջողվի խաղասկզբից առնվազն 16 րոպե գոլ բաց չթողնել, ապա առաջնության հանդիպումներում դարպասն անընդմեջ 601 րոպե շարունակ անառիկ կպահի և այդ ցուցանիշով կդառնա «Փյունիկի» պատմության լավագույն դարպասապահը: Նա կգերազանցի թիմի նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի ռեկորդային ցուցանիշը, որը 600 րոպե շարունակ գոլ բաց չի թողել:

6. Խոսե Բուենոն էլ հանդիպմանը մասնակցելու դեպքում պաշտոնական մրցումներում «Արարատ-Արմենիայում» հոբելյանական՝ 150-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Լուկա Յուրիչիչ, Յուսուֆ Օտուբանջո - 4-ական գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 6 գոլ:

ԲԿՄԱ - «Շիրակ»

Ապրիլի 12, ժամը՝ 15:30,  Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

12 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 3 անգամ, «Շիրակը»՝ 6, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-13

1-ին շրջան. 16.08.2025 ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 2-1 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Գրենիկ Պետրոսյան 26՛, 2-0՝ Նարեկ Ջանոյան 69՛, 2-1՝ Լյովա Մրյան 76՛:

51-րդ րոպեին Գրենիկ Պետրոսյանը չիրացրեց 11մ հարվածը (Սոկրատ Հովհաննիսյանը հետ մղեց գնդակը):

ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (15 միավոր), «Շիրակ»՝ 9-րդ տեղ (10 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1. ԲԿՄԱ-ին ոչ մի կերպ չի հաջողվում առաջնության գարնանային հատվածում միավոր վաստակել: Նախորդ տուրում էլ բանակայինները հյուրընկալվելիս 0-2 հաշվով զիջեցին «Նոային»՝ կրելով 4-րդ անընդմեջ պարտությունը:

2. «Շիրակն» էլ առայժմ իր երկրպագուներին ուրախանալու առիթներ չի տալիս: Գյումրեցիները սեփական դաշտում նվազագույն հաշվով զիջեցին «Փյունիկին»՝ կրելով 5-րդ անընդմեջ պարտությունը: Ընդ որում վերջին 4 խաղերում «Շիրակին» չի հաջողվել գոլ խփել: Թիմում արդեն 409 րոպե գոլային երաշտ է: Վերջին գոլը շիրակցիները խփել են  անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած խաղի (1-4) 41-րդ րոպեին:



3. Նախորդ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած 3 հանդիպումներում թիմերը մեկական հաղթանակ էին տարել, մեկ խաղում էլ գրանցվել էր ոչ-ոքի: Ընդ որում 3-րդ շրջանի խաղում տարած հաղթանակով (3-2) ԲԿՄԱ-ն ընդհատել էր շիրակցիների հետ մրցավեճում առանց հաղթանակների 5 խաղերի շարքը: Մինչև այդ միակ հաղթանակը ԲԿՄԱ-ն տարել էր մրցակիցների 5-րդ հանդիպման ժամանակ՝ 2023թ. օգոստոսի 11-ին Գյումրիում կայացած խաղում: Հյուրերի հաղթանակն ապահովել էր «Շիրակի» ավագ Հրայր Մկոյանի ինքնագոլը: 

Եվ ահա ընթացիկ առաջնության առաջին շրջանում բանակայինները 3-րդ հաղթանակը տարան գյումրեցիների նկատմամբ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

ԲԿՄԱ՝ Միսակ Հակոբյան, Գրենիկ Պետրոսյան – 2-ական գոլ:

«Շիրակ»՝ Լյովա Մրյան – 5 գոլ:

Նախորդ հոդվածը
Խվիչան ՉԼ-ի փլեյ-օֆֆի 3 խաղում արժանացել է լավագույն ֆուտբոլիստի 3 մրցանակի
Հաջորդ հոդվածը
VAR-ն ակնհայտորեն Ատլետիկոյի կողմից էր. Ֆլիկ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։