BazaResidence
Արսենալը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է| Բավարիան հաղթեց 10 հոգով մնացած Ռեալին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)| Խելահեղ խաղակես Մյունխենում, իսկ Լոնդոնում՝ 0-ներ| Վայշալի Ռամեշբաբուն՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող| CIES-ի նոր վարկանիշն ու Բարսելոնայի գերիշխանությունը․ Մինչև 23 տարեկան աշխարհի լավագույն ֆուտբոլիստների TOP-20-ը| Բավարիա-Ռեալ Մադրիդ, Արսենալ-Սպորտինգ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Բրունո Միշելը մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդ սահմանեց
11 Ապրիլ 2026

Բրունո Միշելը մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդ սահմանեց

«Վանի» հետ առաջնության 21-րդ տուրի խաղում Բրունո Միշելի ֆուտբոլային կարիերայում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ։ Ռմբարկուների ցանկը վստահորեն գլխավորող բրազիլացի ֆուտբոլիստը Չարենցավանում դուբլ ձևակերպելով, ընթացիկ առաջնությունում խփած գոլերի թիվը հասցրեց 18-ի և «Ուրարտուի» կազմում հանդես եկած լեգեոնականների մեջ մեկ մրցաշրջանի արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց։

Նա գերազանցեց թիմի նախկին հարձակվող, իր հայրենակից Բրունո Կորեայի ռեկորդային ցուցանիշը։ Վերջինս թիմի լեգեոնականներից մեկ մրցաշրջանում բոլորից շատ գոլ էր խփել՝ 2011թ. առաջնությունում 16 անգամ գրավելով մրցակիցների դարպասները։

Sportmedia.am-ը ներկայացնում է մեկ մրցաշրջանի արդյունավետությամբ «Ուրարտուի» լեգեոնականների լավագույն ցուցանիշները՝

  1. Բրունո Միշել — 18 (2025/26)
  2. Բրունո Կորեա — 16 (2011)
  3. Իվան Իգնատև — 13 (2024/25)
  4. Դու Բալա — 11 (2010)
  5. Թեմուր Ջիկիա — 11 (2023/24)
  6. Լաերսիո — 10 (2015/16)
  7. Դմիտրո Խլյոբաս — 9 (2022/23)
  8. Մաքսիմ Մայրովիչ — 8 (2022/23)
  9. Ջոնել Դեսիրե — 8 (2020/21)
  10. Եվգենի Կոբզար — 7 (2019/20)
  11. Դենիրան Օրտեգա — 7 (2010)
  12. Լեոն Սաբուա — 7 (2022/23)

«Ուրարտուի» կազմում Բրունո Միշելն ընդգրկվել է նախորդ առաջնության գարնանային հատվածում։ 2025թ. փետրվարի 25-ին թիմի կազմում իր նորամուտի խաղում Միշելը բացել էր գոլերի հաշիվը՝ 11մ հարվածով գրավելով «Արարատ-Արմենիայի» դարպասը։ Նախորդ առաջնության 12 հանդիպումներում «Ուրարտուի» նորեկը 6 գոլ էր խփել, որից 3-ը՝ մարտի 9-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում։

Fastex Պրեմիեր լիգայում խփած 24 գոլով Բրունո Միշելն «Ուրարտուի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականն է։ Նա այդ տիտղոսին արժանացել էր անցյալ տարվա նոյեմբերի 8-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած խաղում դիպուկ իրացրած 11մ հարվածի շնորհիվ՝ խփելով Հայաստանի առաջնություններում իր 17-րդ գոլը (որից 6-ը՝ 2024/25թթ. առաջնությունում)։ Նա գերազանցել էր Բրունո Կորեային և Դու Բալային, որոնք թիմի կազմում 16-ական գոլ էին խփել։

Այդ խաղում Բրունո Միշելը ևս երկու ռեկորդ էր սահմանել։ 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը 2025թ. օրացուցային տարում Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումներում խփած 17 գոլով տարիքային նոր ռեկորդ էր սահմանել թիմում հանդես եկած ֆուտբոլիստների մեջ։ Միշելը գերազանցել էր թիմի նախկին ֆուտբոլիստ Սամվել Կոստանդյանի 33-ամյա վաղեմության արդյունավետության տարիքային ռեկորդը։ Վերջինս այդ տարիքում 1992թ. «Բանանցում» 16 գոլ էր խփել։

Միշելի ցուցանիշը ռեկորդային էր նաև 26 տարեկանում Հայաստանի առաջնություններում գոլ խփած այլազգի ֆուտբոլիստների մեջ։ Ռեկորդակիրը Մարկոս Պիզելին էր, որն այդ տարիքում 2010թ. «Փյունիկում» 16 գոլ էր խփել։

Ընթացիկ առաջնությունում Բրունո Միշելը կարող է ևս մեկ տպավորիչ ռեկորդի հեղինակ դառնալ, եթե մնացած 7 հանդիպումներում առնվազն 6 գոլ խփի։ Այդ դեպքում նա ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը կհասցնի 24-ի և կգերազանցի Մորի Կոնեի մեկ մրցաշրջանի արդյունավետության բացարձակ ռեկորդը։ Վերջինս Հայաստանի առաջնություններում հանդես եկած լեգեոնականներից մեկ մրցաշրջանում բոլորից արդյունավետ է գործել՝ 2019/20թթ. առաջնությունում «Շիրակում» դառնալով 23 գոլի հեղինակ։

Նախորդ հոդվածը
Երևանում մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը
Հաջորդ հոդվածը
Միլանը խոշոր հաշվով զիջեց Ուդինեզեին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։