Զինված ներխուժում Ռեյմսի մարզաբազա. երկրպագուները սպառնացել են ֆուտբոլիստներին
«Ռեյմսը» հայտնել է, որ զինված երկրպագուները ներխուժել են ակումբի մարզաբազա Ֆրանսիայի երկրորդ լիգայի շրջանակում «Լավալի» հետ գրանցված ոչ-ոքիից (2:2) հետո։
«Ուրբաթ լույս շաբաթ գիշերը մի խումբ անձինք, ովքեր ներկայացել են որպես Ultrem խմբավորման անդամներ, որոնցից ոմանք եղել են դիմակավորված և ինքնաշեն զենքերով, ներխուժել են մեր ակումբային կենտրոն՝ սպասելու Լավալից վերադարձող թիմին։ Նման մեթոդները բացարձակապես անընդունելի են և խորը շոկ են առաջացրել ամբողջ ակումբում։
Արդեն մի քանի ամիս է, չնայած երկխոսության գնալու ակումբի պատրաստակամությանը, մենք ականատես ենք լինում բռնի և անընդունելի վարքագծի մշտական էսկալացիայի։ «Լավալի» հետ խաղից հետո հատվել է «կարմիր գիծը»։ Որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից, ստիպված ենք եղել կանչել իրավապահ մարմիններին։
Կիրքը, որը շարժում է ֆուտբոլային աշխարհը, հիասքանչ է։ Մենք լսում ենք երկրպագուների հիասթափությունն ու դժգոհությունը, բայց ոչինչ չի կարող արդարացնել վախի մթնոլորտ ստեղծելը, ռասիստական արտահայտությունները և սպանության սպառնալիքները, առավել ևս, երբ այդ ամենը տեղի է ունենում այնտեղ, որտեղ բնակվում են մեր երիտասարդ խաղացողները։
Մենք մեր պարտքն ենք համարում բացահայտ դատապարտել այս գործողությունները։ Ակումբը նախաձեռնում է դատական գործընթացներ, որպեսզի նման միջադեպերն այլևս չկրկնվեն։ Մենք հրաժարվում ենք նվազեցնել դրանց կարևորությունը և մտադիր չենք ռիսկի դիմել, որ որևէ ողբերգություն տեղի ունենա։
Ցավոք, ստիպված ենք փաստել, որ հանդարտության կոչը, որով ակումբը հանդես էր եկել 2025 թվականի դեկտեմբերին՝ ոստիկանի ստացած ծանր վնասվածքներից հետո, չի լսվել։ Ակումբն այսուհետ ևս դրսևորելու է բացարձակ անհանդուրժողականություն բռնության ցանկացած դրսևորման հանդեպ և կրկին բոլորին հանդարտության կոչ է անում»,- ասված է հայտարարության մեջ։
«Ռեյմսը» նախորդ մրցաշրջանի արդյունքներով դուրս է մնացել Լիգա 1-ից և այժմ երկրորդ դիվիզիոնում 30 խաղից հետո զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։