Հանրապետականի հյուրերի սեկտորում Նոայի կառուցած պատնեշներն ապամոնտաժվել են․ պարզաբանում է Աշոտ Բարսեղյանը
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն Աշոտ Բարսեղյանը Sportmedia.am-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է նաև Հյուսիսային տրիբունայում տեղադրված պատնեշի ապամոնտաժման մասին:
Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի «Նոա» - «Սիգմա» խաղում չեխ ու հայ երկրպագուների բախումից հետո «Նոայի» ղեկավարության միջոցներով պատնեշներ էին տեղադրվել հյուրերի համար նախատեսված սեկտորում։ Համացանցում ֆուտբոլային հասարակության բուռն քննարկումներից հետո հեռացվել էր դիմային պատնեշի վերին հատվածը, իսկ օրեր առաջ այն ամբողջությամբ է ապամոնտաժվել․ հյուրերի համար նախատեսված սեկտորը եկել է իր նախկին տեսքին․
«Ճաղավանդակը տեղադրելիս ձողերը միմյանց շատ մոտ էին տեղադրել: Դրա պատճառով Հյուսիսային տրիբունայի մոտավորապես 200 նստարանից խաղադաշտն ընդհանրապես չէր երևում: «Նոայի» ղեկավարության հետ հանդիպեցինք, խոսեցինք, թույլատրեցինք տեղադրել, ու սկսեցին շինարարությունը: Նրանք շատ հզոր մակարդակի շինարարություն արեցին, բայց տեսադաշտի հետ կապված խնդիր առաջացավ: Այդ ճաղավանդակի պատճառով մենք կորցնում էինք հայ երկրպագուների համար նախատեսված ևս 200 աթոռ: Մեր փոքր մարզադաշտում 200 տեղ կորցնելու իրավունք չունենք»,-Sportmedia.am-ի հետ զրույցում նշել է Բարսեղյանը։
Բարսեղյանի խոսքով պատնեշն ապամոնտաժելուց հետո հայ երկրպագուների համար նախատեսված տեղը կավելանա․ «Չգիտեմ՝ ինչպես է ստացվել, բայց ի սկզբանե հյուրերի համար նախատեսված տեղերն ավելի շատ են եղել: Մենք ուզում էինք կրճատել հյուրերի երկրպագուների համար նախատեսված տեղերը և հասցնել թույլատրելի նվազագույնին: ՈւԵՖԱ-ի պահանջով երկրորդ ու երրորդ կարգի մարզադաշտերում հյուրերի երկրպագուների թիվը պետք է լինի ստադիոնի տեղերի 5 տոկոսը: Մեր ստադիոնի 5 տոկոսը 700 տեղ է, իսկ մենք հյուրերի սեկտորում 904 տեղ ունեինք: Հիմա այդ 904 տեղը կդարձնենք 700, իսկ մնացած 204 տեղերը լրացուցիչ կհատկացվեն մեր երկրպագուներին»,-ասաց Բարսեղյանը:
Հարցին, թե ինչպես «Նոան» արձագանքեց պատնեշի ապամոնտաժվելու փաստին՝ Բարսեղյանը պատասխանեց․ «Եկան, նկարեցին, ցույց տվեցի, որ այդ պատճառով 200 երկրպագուի տեսադաշտ փակվում էր: Նրանք գրել էին, որ անհատույց են տրամադրում: Կարծում եմ՝ ըմբռնումով մոտեցան: Մենք ոչ թե կտրել ենք, այլ շատ սիրուն, զգույշ կերպով հեղույսներից հանել ենք: Այնպես ենք արել, որ ցանկության դեպքում տանեն ու օգտագործեն: Վնաս չենք տվել, կտորների ենք բաժանել, և նրանք եկել ու տարել են: Հյուրերի սեկտորում այլևս ոչ թե ճաղավանդակ չկա, այլ նախկին տեսքին է վերադարձել»,-եզրափակեց Բարսեղյանը:
Աշոտ Բարսեղյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ շուտով։