Fastex Պրեմիեր լիգա. 22-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
Fastex Պրեմիեր լիգայում ապրիլի 18-ին կմեկնարկի առաջնության 22-րդ տուրը:
Sportmedia.am-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Արարատ» - «Փյունիկ»
Ապրիլի 18, ժամը՝ 18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
101 խաղ, «Արարատը» հաղթել է 24 անգամ, «Փյունիկը»՝ 55, գրանցվել է 22 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 91-175
1-ին շրջան. 24.08.2025 «Արարատ» - «Փյունիկ»՝ 0-2 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Էրիկ Օկանսի 51՛, 0-2՝ Վագներ Գոնսալվեշ 90+4՛:
2-րդ շրջան. 30.11.2025 «Փյունիկ» - «Արարատ»՝ 2-0 (0-0)
Գոլերը՝ 1-0-2-0՝ Մարիուս Նուբիսի 66՛, 90+3՛:
«Արարատ»՝ 10-րդ տեղ (6 միավոր) «Փյունիկ»՝ 3-րդ տեղ (41 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Արարատին» ոչ մի կերպ չի հաջողվում բարելավել մրցաշարային անմխիթար վիճակը: Չորս օրվա ընթացքում «Ալաշկերտի» հետ անցկացրած 2 հանդիպումներում էլ զիջելով մրցակցին (2-3, 0-2), արարատցիներն էլ ավելի դժվարացրին Fastex Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու իրենց առջև դրված խնդրի լուծումը: «Արարատն» առաջնությունում 5 անընդմեջ պարտություն է կրել:
2․ «Փյունիկն» էլ չեմպիոնական մրցավազքում նախորդ տուրում անհաջողության մատնվեց՝ 0-2 հաշվով պարտվելով «Արարատ-Արմենիային» և վերջինիս զիջելով առաջատարի իր դիրքը: Առաջնությունում «Փյունիկի» 6 անընդմեջ հաղթանակների և անպարտելի 9 խաղերի շարքն ընդհատվեց: Նախորդ պարտությունը փյունիկցիները կրել էին անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին՝ Չարենցավանում 1-2 հաշվով զիջելով «Վանին»:

3․ «Փյունիկը» զգալի առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 11 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի է՝ տոնելով 9 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2022թ. հոկտեմբերի 9-ին սեփական դաշտում Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ:
4․ Եթե 30-ամյա Հենրի Ավագյանն այս խաղում գոլ բաց չթողնի, ապա առաջնության գարնանային հատվածում դարպասը 5-րդ անգամ անառիկ կպահի ու կգերազանցի Ստանիսլավ Բուչնևի տարիքային ռեկորդը: Վերջինս թիմի դարպասապահներից այդ տարիքում առավել հաճախ՝ 4 անգամ դարպասն անառիկ էր պահել:
5․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում փյունիկցի Ալեքսանդր Միլկովիչը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Կարեն Բարսեղյան - 5 գոլ:
«Փյունիկ»՝ Արսեն Ավետիսյան - 9 գոլ:
ԲԿՄԱ - «Գանձասար»
Ապրիլի 19, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
5 խաղ, որոնցից 2-ում հաղթել է ԲԿՄԱ-ն, 3-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-4
1-ին շրջան. 23.08.2025 ԲԿՄԱ - «Գանձասար»՝ 0-0
2-րդ շրջան. 28.11.2025 «Գանձասար» - ԲԿՄԱ՝ 0-0
ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (17 միավոր), «Գանձասար»՝ 7-րդ տեղ (17 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ ԲԿՄԱ-ն առաջնության գարնանային հատվածում առաջին միավորները վաստակեց՝ «Շիրակի» հետ անցկացրած երկու խաղերն էլ ավարտելով ոչ-ոքի՝ 0-0, 1-1:
2․ Նախորդ տուրում «Գանձասարը» 0-3 հաշվով պարտվեց «Նոային», որից ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով միակ պարտությունն էր կրել (1-4):

3․ Մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է ունեցել նախորդ մրցաշրջանում և ավարտվել է ԲԿՄԱ-ի 6-1 հաշվով հաղթանակով: Երկրորդ շրջանի խաղում կրկին հաղթեցին բանակայինները (2-1), իսկ ահա հաջորդ մրցավեճում գանձասարցիներն առաջին միավորը վաստակեցին (2-2): Ընթացիկ առաջնության երկու խաղերում էլ գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել:
4․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում Գրենիկ Պետրոսյանը պաշտոնական մրցումներում ԲԿՄԱ-ում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
ԲԿՄԱ՝ Դանիել Աղբալյան - 3 գոլ:
«Գանձասար»՝ Ուսման Ֆայե՝ 2 գոլ:
«Ուրարտու» - «Ալաշկերտ»
Ապրիլի 19, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
50 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 16 անգամ, «Ալաշկերտը» ՝ 19, գրանցվել է 15 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 69-67
1-ին շրջան. 22.08.2025 «Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Էդգար Փիլոյան 58՛:
2-րդ շրջան. 29.11.2025 «Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 0-2 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Կարեն Մելքոնյան 28՛, 0-2՝ Բրունո Միշել 44՛:
90+3-րդ րոպեին Կարեն Նալբանդյանը չիրացրեց 11մ հարվածը (Ալեքսանդր Միշիևը հետ մղեց գնդակը):
«Ուրարտու»՝ 2-րդ տեղ (42 միավոր), «Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (39 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Ընթացիկ մրցաշրջանում երկու ճակատով պայքարող «Ուրարտուն» Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում չկարողացավ հաղթել «Անդրանիկին»՝ բավարարվելով ոչ-ոքիով (1-1): Իսկ առաջնության նախորդ տուրում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը Չարենցավանում 2-1 հաշվով առավելության հասավ «Վանի» նկատմամբ՝ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: «Ուրարտուն» շարունակեց անպարտելի 14 խաղերի շարքը: Այդ հանդիպումներից 9-ում թիմը հաղթել է, 5 խաղ ավարտել է ոչ-ոքի:
2․ «Ալաշկերտն» «Արարատի» հետ չորս օրվա ընթացքում անցկացրած երկու խաղում կարևոր 6 միավոր վաստակեց (3-2, 2-0)՝ մոտենալով առաջատար եռյակին:

3․ Մրցակիցների միջև կայացած 2-րդ շրջանի հանդիպումը 50-րդն էր թիմերի դիմակայությունում: Առաջին շրջանում տարած հաղթանակով «Ալաշկերտն» ընդհատել էր «Ուրարտուի» հետ առաջնության հանդիպումներում առանց հաղթանակների 6 խաղերի շարքը: Այդ ընթացքում ալաշկերտցիները 5 անընդմեջ պարտություն էին կրել, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի: Ընդ որում երկու խաղում գրանցվել էր խոշոր հաշիվ (6-1, 3-0): Իսկ նախորդ հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Ալաշկերտը» տարել էր 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-2:
4․ Մրցակիցների առաջին շրջանի խաղում Էդգար Փիլոյանի խփած գնդակը դարձել էր Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 500-րդ գոլը:
5․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում Կարեն Մելքոնյանը Fastex Պրեմիեր լիգայում 181-րդ խաղը կանցկացնի ու կդառնա Հայաստանի առաջնություններում «Ուրարտուի» կազմում բոլորից շատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստը: Նա մեկ խաղով կգերազանցի թիմի ռեկորդակիր Արամ Բարեղամյանի ցուցանիշը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Կարեն Մելքոնյան - 7 գոլ:
«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 10 գոլ:
«Ուրարտուի» կազմում հանդիպմանը չի մասնակցի 5-րդ զգուշացումը ստացած Արման Ղազարյանը:
«Նոա» - «Վան»
Ապրիլի 20, ժամը՝ 16:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
20 խաղ, «Նոան» հաղթել է 11 անգամ, «Վանը»՝ 2, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 34-14
1-ին շրջան. 24.09.2025 «Նոա» - «Վան»՝ 2-1 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Ուլադ Օմար 26՛, 11մ, 1-1՝ Ալիֆ Ռոդրիգես 75՛, 11մ, 2-1՝ Նարդին Մուլահուսեյնովիչ 90+2՛:
2-րդ շրջան. 02.12.2025 «Վան» - «Նոա»՝ 0-0
«Նոա»՝ 5-րդ տեղ (38 միավոր), «Վան»՝ 6-րդ տեղ (25 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Նոան» Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»: Առաջնության նախորդ տուրն էլ հաղթական էր չեմպիոնի համար, որը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը:
2․ Նախորդ տուրն անհաջող էր «Վանի» համար, որը սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվեց «Ուրարտուին»: Առաջնության գարնանային հատվածում դա չարենցավանյան ակումբի արդեն 3-րդ պարտությունն էր:

3․Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 12 հանդիպումներում «Նոան» անպարտելի է՝ տոնելով 7 հաղթանակ, 6 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Վանը» տոնել է 2022թ. մայիսի 21-ին Չարենցավանում կայացած խաղում՝ 1-0:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Արթուր Միրանյան- 4 գոլ:
«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 2 գոլ:
«Նոայից» կբացակայի 5 դեղին քարտի արժանացած Յան Էտեկին:
«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»
Ապրիլի 20, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
24 խաղ, «Շիրակը» հաղթել է 3 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 17, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 14-54
1-ին շրջան. 24.08.2025 «Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Արայիկ Էլոյան 90+9՛:
2-րդ շրջան. 01.12.2025 «Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 4-1 (1-1)
Գոլերը՝ 0-1՝ Լյովա Մրյան 41՛, 1-1՝ Արայիկ Էլոյան 45+4՛, 2-1՝ Ուգո Օլիվեյրա 50՛, 3-1՝, Արթուր Սերոբյան 66՛, 4-1՝ Պաուլ Այոնգո 90+1՛:
«Շիրակ»՝ 9-րդ տեղ (12 միավոր) «Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (42 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Շիրակին» վերջապես հաջողվեց առաջնության գարնանային հատվածում առաջին միավորները վաստակել՝ ԲԿՄԱ-ի հետ անցկացրած երկու խաղերն էլ ավարտելով ոչ-ոքի՝ 0-0, 1-1: Շիրակցիներն ընդհատեցին առաջնությունում կրած 5 անընդմեջ պարտությունների շարքն ու 541 րոպե տևած գոլային երաշտը, երբ 43-րդ րոպեին Ռաֆիկ Միսակյանը հստակ իրացրեց 11մ հարվածը:
2․ «Արարատ-Արմենիան» Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվեց «Նոային»: Իսկ ահա առաջնության նախորդ տուրում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 2 անպատասխան գնդակ խփեց «Փյունիկին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

3․ Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 15 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» անպարտելի է՝ տոնելով 13 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում 2020/21թթ. առաջնության առաջին շրջանի խաղում «Արարատ-Արմենիան» պարզապես ջախջախել էր շիրակցիներին՝ 7 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
Դա Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Իսկ «Շիրակը» կրկնել էր իր ամենախոշոր հաշվով պարտության ռեկորդը: Նախկինում շիրակցիները 0-7 հաշվով պարտվել էին «Փյունիկին» (2006թ.) և «Միկային» (2009թ.):
Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Շիրակը» տարել է 2020թ. հունիսի 20-ին: Գյումրիում կայացած այդ խաղի ելքը վճռել էր շիրակցի Մորի Կոնեի խփած միակ գոլը:
Գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում էլ «Արարատ-Արմենիան» առավելության էր հասել «Շիրակի» նկատմամբ՝ 1-0, 2-0:
4․ Մրցակիցների առաջին շրջանի խաղում Արայիկ Էլոյանի խփած գնդակը Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» հոբելյանական՝ 400-րդ գոլն էր: Այն նաև «Շիրակի» դարպասն առաջնության հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» խփած 50-րդ գոլն էր:
5․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում Ալեքսա Վիդիչը պաշտոնական մրցումներում «Շիրակի» կազմում 122-րդ խաղը կանցկացնի ու կդառնա թիմի ամենափորձառու լեգեոնականը: Նա կգերազանցի Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդային ցուցանիշը, որը «Շիրակում» բոլոր մրցաշարերում 121 խաղի է մասնակցել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Շիրակ»՝ Մորի Կոնե - 2 գոլ:
«Արարատ-Արմենիա»՝ Յուսուֆ Օտուբանջո, Տենտոն Յենե, Մեթյու Գբոմադու – 4-ական գոլ:
«Արարատ-Արմենիայից» 5-րդ զգուշացման պատճառով խաղին չի մասնակցի Կարեն Մուրադյանը: