Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արա Աղանյանը կարիերայում երրորդ անգամ դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Երկամարտում 94 կգ քաշային հայ ծանրորդը գրանցել է 381 կգ (175+ 206 կգ) արդյունք: Տեսանյութը՝ Sportmedia.am-ի ինստագրամյան էջում։
Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 167, ապա 172 և 175 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա արծաթե մեդալ է նվաճել:
Հրում վարժությունում Աղանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 200 կգ կշռող ծանրաձողը, ապա գլխավերևում է պահել 206 կգ-ն: Երրորդ մոտեցման համար Աղանյանը 212 կգ էր պատվիրել, սակայն չկարողացավ այն բարձրացնել: Արդյունքում, պոկում վարժությունը նա ավարտել է երրորդ տեղում:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է բուլղարացի Կառլոս Նազարը՝ երկամարտի 386 կգ արդյունքով:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին: Հայաստանի հավաքականից երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը և Գոռ Սահակյանը։ Բրոնզե մեդալի է արժանացել Մարտին Պողոսյանը։ Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրել է 7-րդ տեղը, Իզաբելլա Յայլյանը զբաղեցրել է 9-րդ, Տանզելա Գրիգորյանը՝ 6-րդ տեղը։ Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում։