Չեմպիոնների լիգան ոչ մեկին ոչինչ պարտք չէ, ամեն ինչ պետք է վաստակել. Դիեգո Սիմեոնե
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է իր սպասելիքներով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Արսենալի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ։
Իր ծննդյան օրը նշող մասնագետը նախ երախտագիտություն է հայտնել մտերիմներին, ապա անդրադարձել թիմի հաջողություններին. «Մենք երկրպագուների հետ միասին դուրս եկանք հերթական կիսաեզրափակիչ։ Անհավանական է՝ անել դա 4-րդ անգամ 14 տարվա ընթացքում։ Այն հավատը, խանդավառությունն ու էներգիան, որ նրանք փոխանցում են մեզ, մեծ օգուտ կտան»,- նշել է նա։
Խոսելով առաջիկա մրցակցի մասին՝ Սիմեոնեն զգուշավորություն է հայտնել՝ ընդգծելով լոնդոնյան ակումբի պատրաստվածությունը. «Նրանք շատ լավ մշակված տակտիկա ունեն։ Մենք մոտենում ենք խաղին մեծ հույսերով»։ Մարզիչը նաև շեշտել է, որ չի զգում ավելորդ լարվածություն. «Ճնշում չկա, կա պատասխանատվություն և առանձնահատուկ հուզմունք։ Մենք ուզում ենք խաղալ այնպես, ինչպես պատկերացնում ենք, և մրցակցին խնդիրներ ստեղծել»։
Անդրադառնալով թիմի խաղաոճին՝ Սիմեոնեն հաստատել է, որ հավատարիմ են մնալու իրենց սկզբունքներին. «Փլեյ-օֆֆում մենք խաղացել ենք ինտենսիվ, մեր ոճով, դրսևորել ենք նախաձեռնողականություն հարձակման գծում։ Այդպես էլ մոտենալու ենք այս հանդիպմանը»։
Ամփոփելով խոսքը՝ մարզիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Չեմպիոնների լիգան նախորդ տարիների ձախողումներից հետո «պարտք» է «Ատլետիկոյին».
«Այն ոչ մեկին ոչինչ պարտք չէ։ Ամեն ինչ պետք է վաստակել և նվաճել։ Պետք է աշխատել, հասնել քո նպատակին և հուսալ, որ հաջողությունը քո կողմը կլինի»,- եզրափակել է Դիեգո Սիմեոնեն։