Բարդ մրցակից է․ Մեզ համար մարտահրավեր է ու օրինակ․ Սխիպը՝ Վրաստանի հավաքականի մասին
Ազգերի լիգայի B դիվիզիոնի Հայաստան-Վրաստանի դիմակայության առաջին խաղից առաջ կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանտ Սխիպի մամուլի ասուլիսը։
Ասուլիսին մասնակցել է նաև «Փյունիկի» պաշտպան, ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը։
«Վրաստանի հավաքականին հանդիպել եմ դեռևս երբ Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչն էի։ Գիտեմ նաև, որ վերջին 3 տարիներին շատ մեծ առաջընթաց են գրանցել, ինչի մասին վկայում է նաև այն փաստը, որ կարողացան որակավորվել ԵՎՐՈ 2024-ին ու այնտեղ էլ լավ ելույթներ ունեցան։ Համարում եմ, որ բավականին բարդ մրցակից է։ Մեր համար ևս սա լավ մարտահրավեր է ու օրինակ, թե ինչպես կարելի է փոքր երկիր ունենալու դեպքում հասնել հաջողության։
Ցավոք, «Այաքսում» չէի կարող շատ խաղաժամանակ տալ Միկաուտաձեին, քանի որ այլ հարձակվողներ էլ կային։ Ի պատիվ իրեն, նա կարողացավ հարթել այդ ճանապարհը։
Իրականում շատ քիչ ժամանակ կա, քանի որ բացի նրանից որ օրերն են քիչ, նաև խաղում ենք հենց այս խաղային շրջանի առաջին օրում՝ հինգշաբթի օրը։ Կարող եմ ասել, որ շատ մեծ նվիրվածություն ու դրական էներգիա կա ֆուտբոլիստների կողմից։
Հիշում էի իմ փորձը Հունաստանի հավաքականում, «Այաքսից» հետո ցանկանում էի հավաքականում աշխատել, նույնիսկ, երբ որպես Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ժամանել էի Հայաստան, զարմացել ու հիացել էի ենթակառուցվածքներով։
Մենք արդեն 3-4 շաբաթ ենք այստեղ ու բավականաչափ խաղեր ենք դիտել։ Կարող եմ ասել, որ բաել ենք հավաքականի դռները բոլոր համար։ Բոլոր այն ֆուտբոլիստների, որոնք արժանի կլինեն հրավիրվելու՝ կհրավիրվեն։ Հետագայում էլ մեր դիտակետում ենք պահելու բոլոր արժանի ֆուտբոլիստներին։ Հույս ունեմ, որ Հայստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները կկարողանան ավելի աճել որակապես։ Հաճույք եմ ստացել Հայաստանի Պրեմիեր լիգայի որոշ խաղեր դիտելուց։ Տեսնելով ինչպես երիտասասրդ ֆուտբոլիստների, այնպես էլ տարեց ֆուտբոլիստների, որոնք շարունակում են հանդես գալ բարձր խաղամակարդակի վրա», - ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։