Ֆուտբոլի աշխարհի երիտասարդների առաջնությունը 44 տարի անց կվերադառնա Երևան
Հայաստանն ու Վրաստանը, ինչպես արդեն հայտնի է, համատեղ կհյուրընկալեն ֆուտբոլի 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հատկանշական է, որ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը 44 տարվա դադարից հետո կրկին կվերադառնա Երևան։
1985 թվականի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 7-ը Խորհրդային Միության մարզադաշտերում են անցկացվել ՖԻՖԱ-ի երիտասարդների աշխարհի առաջնությունը (ՖԻՖԱ երիտասարդների աշխարհի 5-րդ գավաթ): Խաղերը կայացել են Երևան, Լենինգրադ, Մինսկ, Մոսկվա, Հոկտեմբերյան, Թբիլիսի, Բաքու և Սումգայիթ քաղաքներում։ Մրցաշարին մասնակցել են 16 երիտասարդական հավաքականներ, որոնք անցկացրել են 32 խաղ։ Հանդիպումները դիտել է ընդհանուր առմամբ 657,800 հանդիսատես (միջինը՝ 20,556 յուրաքանչյուր խաղում)։
Այդ մրցաշարին մասնակցած հավաքականների կազմում հանդես էին գալիս ֆուտբոլիստներ, որոնք հետագայում մեծ հաջողությունների են հասել արդեն մեծահասակների ֆուտբոլում։ Նրանցից էին իսպանացիներ Յոն Գոյկոեչեան և Խուան Կառլոս Ունսուեն, բրազիլացիներ Պաոլո Սիլասը և Կլաուդիո Տաֆարելը, բուլղարացիներ Կրասիմիր Բալակովը և Էմիլ Կոստադինովը, ինչպես նաև կոլումբացի Ռենե Իգիտան։
Խմբային և փլեյ-օֆֆ փուլերի հանդիպումներից բացի, Հայաստանում կայացել է նաև քառորդ եզրափակչի Բուլղարիա–Իսպանիա հանդիպումը, որը դիտել է 20,500 հանդիսատես։
Հիշեցնենք, որ 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության խաղերը Հայաստանում կհյուրընկալեն Երևան, Վանաձոր և Իջևան քաղաքները։ Վանաձորի մարզադաշտը ներկայում վերակառուցվում է, իսկ Իջևանում նախատեսվում է նոր մարզադաշտի կառուցում։ Երևանի «Հանրապետական» մարզադաշտը ևս կենթարկվի որոշակի վերափոխումների։