BazaResidence
Յուվենտուսի երևանյան երկու ակադեմիաների բացումը նախատեսված է օգոստոսին. մամուլի ասուլիս| Չեմպիոնների լիգա. ապրիլի 29-ի խաղացանկը| Հոլանդն արձագանքել է ՉԼ կիսաեզրափակչի՝ ՊՍԺ-ի և Բավարիայի միջև գոլառատ խաղին| Ֆուտբոլի աշխարհի երիտասարդների առաջնությունը 44 տարի անց կվերադառնա Երևան| Ընդհանրապես զվարճալի չէր. Բավարիայի մարզիչ Կոմպանին՝ ՊՍԺ-ի դեմ խաղը տրիբունայից դիտելու մասին| Լուիս Էնրիկեն ՊՍԺ-ի խաղը Բավարիայի դեմ անվանել է լավագույնն իր մարզչական կարիերայում|
Յուվենտուսի երևանյան երկու ակադեմիաների բացումը նախատեսված է օգոստոսին. մամուլի ասուլիս
Այսօր 12:40

Յուվենտուսի երևանյան երկու ակադեմիաների բացումը նախատեսված է օգոստոսին. մամուլի ասուլիս

Սեպտեմբերից Նոր Հաճն քաղաքում կմեկնարկեն «Յուվենտուսի» երրորդ մարզաբազայի շինարարական աշխատանքները, իսկ այս տարվա օգոստոսին տեղի կունենան երևանյան երկու մարզաբազաների և ՈւԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի նորակառույց մարզադաշտի բացման արարողությունները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր տեղեկացրել է Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը:

Միաժամանակ նշվել է՝ մինչև 100 երեխայի համար ակադեմիան լինելու է անվճար։ Մարզերից ընտրվելու են 40 երեխաներ, որոնք ամբողջությամբ ընկերության և ակադեմիայի հաշվին բնակվելու և մարզվելու են Ավանի ակադեմիայում։ Այս պահին ղեկավարները նաև սոցիալական փաթեթների մշակման փուլում  են:



Սադոյանի խոսքով՝  «Յուվենտուսի» հայկական ակադեմիա հիմնելու ծրագիրը տարիներ առաջ երազանք էր. «Յուվենտուսի» հայաստանյան նախագիծը սկսել ենք տարիներ առաջ։ Շատ երկար և դժվար բանակցություններից հետո մեզ հաջողվեց համաձայնության գալ իտալական գրանդի հետ՝ հայկական ֆուտբոլ մուտք գործելու հարցում, և ստացանք լիցենզիա Հայաստանում ակադեմիա բացելու համար։ Այս ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում, բերելու է նոր ֆուտբոլային մշակույթ և մեր երեխաների համար ստեղծելու է նոր ճանապարհ դեպի եվրոպական գրանդ ակումբներ։ Սա երազանք է, որը տարիներ առաջ անհնարին էր թվում, իսկ այսօր արդեն իրականություն է»։

Ակադեմիան նախատեսված է լինելու 1500 սաների համար:

«Ծիծեռնակաբերդի խճուղում կառուցվող մարզադաշտը Հայաստանում առաջինն է լինելու, որը կունենա լուսային շոուի համակարգ և կհագեցվի RGBW ֆասադային լուսավորությամբ՝ այնպես ինչպես «Ալիանս Արենայում» է։ Մարզադաշտի և ակադեմիայի շինարարությունն իրականացվել է ռեկորդային արագությամբ՝ համապատասխանելով «կանաչ շենքերի» ստանդարտներին։ Ներդրվել է անձրևաջրերի հավաքման և ֆիլտրման համակարգ, իսկ էլեկտրաէներգիայի գրեթե 60%-ը ապահովվելու է արևային էներգիայի միջոցով։ Ներքին հարդարման աշխատանքներում օգտագործվել են բացառապես հակաալերգիկ նյութեր։ Ակադեմիայի նախագծման և շինարարության ամբողջ գործընթացը վերահսկվել է մեր իտալացի գործընկերների կողմից»,- ներկայացրել է Սադոյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ տեղեկացնելով, որ օգոստոսին կլրանա երկու տարին, ինչ Կառավարությունը հավանություն է տվել իրենց ներդրումային ծրագրին։ 

Մամուլի ասուլիսի ընթացքում հայաստանյան ակադեմիայի ղեկավարները ներկայացրել են ծրագրի նպատակներն ու տեսլականը, ուսումնական մեթոդաբանությունը, ակադեմիայի կառավարման և մարզչական կազմի ձևավորման հիմնական ուղղությունները:Ասուլիսի գլխավոր հյուրը Իտալիայից ժամանած տեխնիկական տնօրեն Ջուզեպպե Զապպելլան էր:

Նշվել է՝ ասուլիսի ավարտից հետո մեկնարկելու է նախագրանցումը:

Նախորդ հոդվածը
Չեմպիոնների լիգա. ապրիլի 29-ի խաղացանկը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։