Ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականների գլխավոր մարզիչներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, ինչպես նաև ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոններ Վարազդատ Լալայանը և Գարիկ Կարապետյանը այսօր հանդիպել են լրագրողների հետ և ամփոփել Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունը:
«Անցած տարվա համեմատ մենք վերադարձել ենք ավելի շատ մեդալներով։ Անցյալ տարի ունեինք 27 մեդալ, երկու Եվրոպայի չեմպիոն։ Այս պահին ունենք 16 քաշային կարգ՝ 8 տղամարդկանց և 8 կանանց։ Այս տարի Հայաստանի թիմը նվաճել է 24 մեդալ, ինչը բարձր արդյունք է՝ հաշվի առնելով, որ քաշային կարգերից 4-ը կրճատվել են։ Միևնույն ժամանակ մեդալների գույնը փոխվել է․ ունենք արդեն երեք Եվրոպայի չեմպիոն և երկու եռակի չեմպիոն»,- ասել է Սամվել Գասպարյանը:
Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը, որն այս կարգավիճակում առաջին անգամ էր մասնակցում միջազգային մրցաշարի, նշել է՝ դեռ ժամանակ է պետք, որպեսզի լիարժեք գնահատի աշխատանքը, բացթողումները և կարողանա ավելի արդյունավետ ղեկավարել թիմը։
«Առաջնությունը լավ էր մեզ համար, որովհետև ունեցանք 6 մեդալ, երկու չեմպիոն, երեք փոխչեմպիոն և մեկ երրորդ մրցանակակիր՝ 6 ոսկե մեդալ, 5 արծաթե մեդալ և հինգ՝ բրոնզե մեդալ։ Առաջնությունը նորմալ էր, ինձ համար սա առաջին փորձությունն էր, երևի ինձ ժամանակ է պետք, որ ավելի լավ կարողանամ թիմն առաջ տանել, ինչպես նաև բացթողումներին ուշադրություն դարձնեմ: Ի՞նչ բացթողումներ. օրինակ, նկատել եմ տղաները ժամանակից շուտ են բավարարվել արդեն իսկ ապահովագրած երրորդ կամ երկրորդ տեղով, և առաջին տեղի համար այն պայքարը չեն մղել, որը պետք էր»,- ասել է Փիլոսյանը։
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ նշել է՝ ընտրության հնարավորությունները սահմանափակ են․ աշխատում են այն կազմով, որն ունեն։
«Այս առաջնությանը մասնակցեցինք ամբողջ թիմով՝ հաշվի առնելով առաջիկա սերնդափոխությունը։ Շուտով չենք ունենալու այն յոթ-ութ հոգանոց փորձառու կազմը, որը կարողանում էր Եվրոպայում բարձր արդյունքներ ապահովել։ Արդեն ունենք մարզիկներ, որոնք ավարտում են կարիերան։ Օրինակ՝ Հայաստանի առաջնությունից հետո Թումասյան Մերին հրաժեշտ տվեց սպորտին, ԵԱ-ից հետո՝ Տաթև Հակոբյանը։ Կլինեն նաև այլ մարզիկներ, որոնք ժամանակի ընթացքում կհեռանան մեծ սպորտից։ Հենց այս պատճառով կարևոր էր այս անգամ ամբողջ թիմով մասնակցելը։ Ցավոք, թիմային հաշվարկում առաջին տեղը չզբաղեցրինք․ ընդամենը մեկ անհաջող մոտեցում խանգարեց։ Արդյունքում դարձանք երրորդը։
Այնուամենայնիվ, արդյունքները գնահատում եմ դրական։ Ունենք յոթ մեդալ՝ երեք ոսկի, երկու արծաթ և երկու բրոնզ։ Երկամարտում՝ մեկ ոսկի և մեկ արծաթ։ Կարևոր է, որ բարձրացրել ենք մեդալների որակը․ ինչպես միշտ նշել եմ՝ մեկ ոսկին ավելի արժեքավոր է, քան մի քանի արծաթ։ Միջազգային մրցումներում առաջնահերթ հաշվարկվում են հենց ոսկե մեդալները»,- ասել է Ներսիսյանը։