Ամիսներ շարունակ մարզվել եմ ուեննալով մեկ նպատակ՝ հաղթել մեկ ըմբիշի. դա իմ սխալն էր. Արսեն Հարությունյան
Գոհ չեմ իմ մեդալից և ելույթներից, քանի որ մրցաշարի ընթացքում բազմաթիվ սխալներ թույլ տվեցի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, որն Ալբանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում բավարարվել է բրոնզե մեդալով։
«Ես ամիսներ շարունակ մարզվել եմ՝ ունենալով մեկ նպատակ՝ այս Եվրոպայի առաջնությունում հաղթել Ռուսաստանը ներկայացնող ըմբիշին։ Իմ ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ պատրաստվում էի կոնկրետ մեկ մրցակցի դեմ։ Այդ պատճառով իմ ելույթների ընթացքում չէի կարողանում կենտրոնանալ տվյալ գոտեմարտի վրա․ մտքով արդեն կիսաեզրափակչում էի։ Ամեն հնարք անելիս մտովի մենամարտում էի ռուս ըմբիշի հետ։ Այդ սխալը չպետք է թույլ տայի, որովհետև ամիսներ շարունակ կատարել եմ այնպիսի աշխատանք, որ հիմա հետ նայելով՝ պարզապես ափսոսանք եմ զգում, որ մի փոքր սխալի պատճառով զրկվել եմ ոսկե մեդալից»,- ասել է Արսեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է աշխատել այդ սխալների վրա՝ ավելի ուժեղանալու և հաջորդ մրցաշարերին ավելի պատրաստ ներկայանալու համար։
«Իմ քաշային կարգում հենց նա էր ինձ հաղթել․ այդ քաշային կարգում միակ ըմբիշն էր, ում պարտվել էի։ Մյուս բոլորի հետ տարբեր տարիների և մրցաշարերի ընթացքում գոտեմարտել եմ և հաղթել։ Անցած տարի Եվրոպայի առաջնության եզրափակչում ևս պարտվել էի նույն ռուս ըմբիշին, և ինձ համար նպատակ էր դարձել նրան հաղթելը։ Չափազանց կենտրոնացել էի հենց նրա նկատմամբ հաղթանակ տանելու վրա։ Եթե կենտրոնանայի ոսկե մեդալ նվաճելու վրա, այդ սխալը չէի թույլ տա։ Ցավոք, այդ մտահոգությունների պատճառով գորգում սխալ թույլ տվեցի, և նա օգտվեց դրանից, իսկ ես այլևս չկարողացա դուրս գալ այդ հնարքի տակից»։
Արսեն Հարությունյանն անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում իր ակտիվությանը․
«Ես միշտ ակտիվ կյանքով եմ ապրել։ Իմ յուրաքանչյուր գործողությունն այժմ կապված է սպորտի հետ: Այն, ինչ հիմա նկարահանվում է, զբաղվում են մասնագետները: Եթե հաշվենք, ամսվա ընթացքում, երևի երեք ժամից ավել սոցիալական հարթակներում չեմ լինում։ Կարծում եմ՝ դա լավ է, քանի որ շատ երեխաներ մոտիվացվում են, ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում սպորտի նկատմամբ։ Եթե կարողանում եմ իմ փորձը փոխանցել նրանց, ապա ես դեմ չեմ։ Մասնագետներն աշխատում են, և ես կարողանում եմ պահպանել ակտիվությունը, որը չի խանգարում իմ մարզական գործունեությանը, քանի որ ես անձամբ դրանով չեմ զբաղվում»։
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Հարությունյանը տուշեով պարտվել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Զաուր Ուգուևին։